ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5 լավագույն էլեկտրական բեռնատարները
19 Նոյեմբեր 2017
Երեկ արդեն պատմել էինք Tesla Motors-ի ներկայացրած նոր SEMI բեռնատարի մասին, որն իրարանցում էր առաջացրել ոչ միայն Իլոն Մասքի ընկերության ապրանքանիշի սիրահարների, այլև ոլորտին հետևող բոլոր մարդկանց շրջանում: Որոշ տեղեր հանդիպեցինք պնդումների, թե սա մինչ օրս ներկայացրած առաջին էլեկտրական բեռնատարն է: Սակայն մեր ասյօրվա նյութը կոչված է բացահայտելու այս ոլորտի այլ մասնակիցներին:
Եվ ասյպես մինչ օրս ներկայացված թերևս 5 լավագույն էլեկտրական բեռնատարները:
TESLA SEMI
Հաշվի առնելով ավտոմեքենայի հայտարարված չափսերը, այլ բնութագրերն ու, իհարկե, արժեքը, ենթադրաբար այն կօգտագործվի հիմնականում երկար տարածությունների վրա ծանրակշիռ բեռների տեղափոխման համար: SEMI-ն գերազանցում է մրցակիցներին մեկ լիցքավորումով հաղթահարվող տարածության ցուցանիշով և, մի գուցե, դիզայնով, սակայն վերջին գործոնը հաստատապես կարևորագույններից չէ այս ոլորտի խաղացողների համար: Ակնկալվում է, որ սերիական արդտդրությունը կսկսվի 2019-ից:
MAN e-Truck
Մարդատար և բեռնատար փոխադրամիջոցների արտադրության տասնամյակների փորձ ունեցող և ներկայումս Volkswagen-ի մաս կազմաող MAN ընկերությունն իր տեսլականն է առաջարկում: Այն մի գուցե աչքի չի ընկնում «տիեզերական» տեսքով, բայց անկասկած կարող է դառնալ այս ոլորտի հիմնական խաղացողներից մեկը: Փորձարկումները շարունակվում են, սերիական առաջին խմբաքանակը սպասվում է 2021-ին:
Mercedes Benz Urban e-Truck
Բեռնափոխադրումների մեծ մասը կատարվում է կարճ և միջին տարածությունների վրա, և այդ պատճառով միշտ չէ, որ ընթացքի պաշարը առաջնային ցուցանիշն է: Daimler-ի առաջարկած լուծումը հիանալի տարբերակ է առօրյա բեռների տեղափոխման համար: Գերմանիայի ճանապարհներին հանրահայտ եռաթև աստղով էլեկտրական բեռնատարը կհայտնվի 2020-ի սկզբին:
Mitsubishi E-Fuso Vision One
Daimler-ի հետ կապ ունի Mitsubishi-ի ապրանքանշանի ներքո ստեղծված FUSO Trucks ստորաբաժանումը, որը տասնամյակներ շարունակ հայտնի է բեռնափոխադրող ավտոմեքենաների և շասսիների արտադրությամբ: Այս տարվա հոկտեմբերին ընկերությունը ներկայացրեց E-Fuso Vision One կոնցեպտը, որը թերևս իր ֆուտուրիստիկ դիզայնով ու կիրառված տեխնոլոգիաներով ամենամոտն է կանգնած Tesla SEMI-ին: Տեխնիկական մանրամասները դեռ չեն բարձրաձայնվում, սակայն արտադրողը վստահեցնում է, որ զանգվածային թողարկումը կարող է սկսվել արդեն չորս տարուց՝ 2021-ին:
E-Force One AG
Եվ մեր հնգյակում տեղ գտած վերջին մասնակիցը շվեյցարական E-Force ընկերությունն է, որն արդեն 2014-ին ներկայացրեց իր առաջին էլեկտրական բեռնատարը՝ One AG մոդելը: Այս ավտոմեքենայի հատկանշական առանձնահատկություններից են տանիքին տեղադրված արևային պանելները, որոնք ռեկուպերատիվ արգելակման համակարգի հետ միասին ապահովում են մեքենայի շահագործման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 23%-ը: Բեռնատարն արդեն հաջողությամբ շահագործվում է եվրոպական մի շարք երկներում:
Ահա ընդամենը մի քանի մոդել, որոնք կարող են մոտ ապագայում ձևավորել կոմերցիոն բեռնափոխադրումների շուկայում պահանջարկ վայելող ավտոմեքենաների ցանկը: Միևնույն ժամանակ մենք գիտակցաբար չենք ներառել ասիական, մասնավորապես՝ չիանական արտադրողներին, որոնք նույնպես հսկայական ներդրումներ են կատարում էլեկտրական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում: Մեր հաջորդ նյութերում կանդրադառնանք նաև դրանց:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: