ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Tesla-ն ցուցադրեց իր առաջին բեռնատար ավտոմեքենան
17 Նոյեմբեր 2017
Tesla Motors ընկերությունը ցուցադրեց Semi էլեկտրական բեռնատարը, որի ճակատային դիմադրության գործակիցը, ըստ ստեղծողների, ավելի ցածր է, քան Bugatti Chiron-ինը՝ 0,36 0,38-ի դիմաց: Այս բեռնատարը կարող է 100 կմ/ժ արագությունը զարգացնել մոտ 5 վայրկայնում, իսկ մեկ լիցքավորմամբ անցնել շուրջ 800 կիլոմետր: Ըստ Իլոն Մասքի՝ Tesla Semi բեռնատարի արտադրությունը կսկվի 2019 թվականին:
Tesla-ի նորույթը սարքավորված է չորս էլեկտրական շարժիչով, որոնք տեղադրված են հետևի սռնիների վրա: Ուժային ագրեգատի հզորությունը չի բարձրաձայնվում, սակայն արտադրողի հավաստմամբ՝ 36 տոննա կշռող կցորդով հանդերձ Semi-ն ունակ է մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնել 20 վայրկայնում: Ընդ որում հինգ աստիճան թեքությամբ զառիվեր մակերևույթի վրա բեռնված ավտոմեքենան կարող է երթևեկել մշտական 105 կմ/ժ արագությամբ:
Նոր բեռնատարի մարտկոցների լիցքավորման համար կօգտագործվեն գերարագ լիցքավորման կայաններ: Նախատեսվում է, որ դրանք կտեղակայվեն բեռնատարների ներկայիս կայանտեղիներում և ԱՄՆ հիմնական մայրուղիների երկայնքով: Ըստ Իլոն Մասքի՝ այդպիսի կայանում 30 րոպե լիցքավորվելուց հետո ավոտմեքենան կարող է անցնել մինչև 640 կիլոմետր:
Tesla Semi-ն ներառում է նաև ինքնավար կառավարման համակարգ, որի շնորհիվ մի քանի բեռնատար կարող են միավորվել մեկ շարասյան մեջ և ինքնուրույն հետևել առաջնորդ-մեքենային:
Վարորդական նստատեղը տեղադրված է բեռնատարի խցիկի անմիջապես կենտրոնում: Սարքավորումների վահանակի երկու կողմից ձգվում են երկու սենսորային դիսփլեյներ, որոնք արտացոլում են կառավարման համակարգերից, նավիգացիոն համակարգերից և կողային տեսադաշտի տեսախցիկներից ստացվող ողջ տեղակտվությունը:
Tesla Semi-ի շնորհանդեսը մեծ իրարանցում էր առաջացրել թե ներկաների, թե դրան ինտերնետի միջոցով հետևող մարդկանց մոտ: Միևնույն ժամանակ մասնագետները մտավախություն են հայտնում, որ Tesla Motors-ը լուրջ դժվարությունների է դիմակայում խոստացված Tesla 3 մոդելը արդեն իսկ կանխավճար կատարած պատվիրատուներին մատակարարելու առումով, և պարզ չէ՝ արդյոք նոր մոդելները երբևէ կկարողանան անցնել սերիական արտադրության:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: