ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պաշտոնապես գործարկվել է ինքնակառավարվող առաջին ավտոբուսը
02 Նոյեմբեր 2017
Գերմանական Deutsche Bahn տրանսպորտային ընկերությունը ներկայացրեց ինքնավար առաջին ավտոբուսը, որը ծրագրավորված է բավարական Բադ Բիրնախ քաղաքում ուղևորներ փոխադրելու համար: Միևնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում փորձառու վարորդը կարող է խառնվել գրծընթացին և իր վրա վերցնել ավտոբուսի կառավարումը: Սա առաջին դեպքն էր, երբ ինքնակառավարվող փոխադրամիջոցը պաշտոնապես գործարկվում է գերմանական տրանսպորտային ցանցի շրջանակներում:
EZ10 մակնանշումով ավտոբուսն ունի վեց նստատեղ և կարող է տեղավորել ևս վեց կանգնած ուղևորի, որոնք ստիպված չեն լինիլ վճարել իրենց ուղևորության համար, քանի որ ներկայումս ընկերությունը ուղեվարձ չի գանձում: Առաջին ուղևորների թվում էր Ռիխարդ Լուտցը՝ գերմանական երակթուղային հսկա Deutsche Bahn (DB) ընկերության տնօրենը, որն էլ նախաձեռնել եր այս նորամուծությունը: «Մենք հենց նոր մուտք գործեցինք ուղևորափոխադրումների բոլորովին նոր փուլ», - ասաց նա առաջին ուղևորությունից անմիջապես հետո:
Այս իրադարձությունը արդյունք է նաև միջեվրոպական համագործակցության, քանի որ ավտոբուսը նախագծել է ֆրանսիական EasyMile ստարտափ ընկերությունը: Այն սարքավորված է հատուկ սենսորներով, որոնք թույլ են տալիս նկատել խոչընդոտները և ակտիվացնում են արգելակները: Ավտոբուսը շարժվում է նախապես ծրագրավորված երթուղով, իսկ դրա արագությունը միտումնավոր սահմանափակված է 15 կմ/ժ մակարդակին: Ավտոբուսը նաև դեռևս ունակ չէ ինքնուրույն շրջանցել այսպիսի խոչընդոտներ, ինչպիսին է, օրինակ, մայթեզրի մոտ սխալմամբ կայանած ավտոմեքենան: Այս դեպքում պահանջվում է վարորդի միջամտությունը, որը կառավարում է գործընթացը հատուկ ջոյսթիքի օգնությամբ:
Deutsche Bahn-ում հույս են հայտնում, որ շուտով նման ավտոբուսները կկարողանան ծառայել որպես մասնավոր փոխադրամիջոցներ՝ կանչից հետո ուղևորվելով հաճախորդների տներ և հասցնելով նրանց երկաթուղային կայարան:
Ենթադրվում է, որ հաջորդ փորձարկումը կիրականացվի Գերմանիայի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Համբուրգում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: