ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՐԲ ՍՊՈՐՏԸ ԴՆԹ-Ի ՄԱՍ Է. RENAULT-Ն ԵՎ ԱՎՏՈՍՊՈՐՏԸ
18 Սեպտեմբեր 2017
Երբ խոսք է բացվում ավտոսպորտի մասին, շատերն առաջին հերթին հիշում են Ferrari-ն, Lamborgini-ն կամ իտալական ու անգլիական այլ սուպեր ավտոմեքենաներից մեկը: Սակայն ավտոսպորտի պատմությունը կերտվել է ոչ միայն այս համաշխարհային հռչակ ունեցող բրենդերի, այլև բազում ուրիշ մակնիշների շնորհիվ, որոնցից շատերը մինչ օրս շարունակում են իրենց հաղթարշավները: Արդեն հարյուր տարուց ավելի այդ մակնիշների թվում իր պատվավոր տեղն է զբաղեցնում Renault-ն: Այսօր այն աշխարհին ներկայանում է Renault Sport ստորաբաժանմամբ, սակայն դրա արմատները ձգվում են դեպի խոր անցյալը:
Renault ապրանքանշանի և սպորտի կապը ստեղծվել է ֆրանսիական այս ավտոմեքենաների լույս աշխարհ գալու գրեթե առաջին իսկ օրվանից: Այսպես, 1898 թ. ցուցադրվեց Renault-ի առաջին մեծ հայտանագործությունը՝ ուղիղ միացման փոխանցումատուփը՝ վարելով նորաստեղծ Voiturette Type A ավտոմեքենան Փարիզի Լեպիկ փողոցն ի վար: Հենց այս իրադարձությունն էլ հիմք հանդիսացավ Société Renault Frères ընկերության ստեղծման համար: Ընկերության հիմնադիր Լուի Ռենոն անմիջապես հասկացավ, թե որքան կարևոր են սպորտային նվաճումները բրենդի իմիջի համար:
Սկսած այդ օրվանից Renault-ն իր հաղթական ուղին հարթեց ավտոարշավների ասպարեզում՝ նվաճելով մի շարք Գրան-Պրիներ, ներառյալ Փարիզ-Թրուվիլը 1899 թ.-ին, Փարիզ-Վիեննան 1902թ.-ին և Դյեփի ավտոմոբիլային ակումբի Գրան-Պրին 1913թ.-ին : Ընդ որում այդ ընթացքում առաջին անգամ շահագործվեց Renault-ի նախագծած շարժիչը, որը տեղադրվեց Renault Type K մոդելի վրա:
Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով ավտոմոբիլային անցուդարձը մոտ մեկ տասնամյակով կանգ առավ և վերսկսվեց միայն քսանականներին: Հենց այդ տարիներին գրանցվեց Renault 40CV մոդելի աներկբա գերակայությունը, որն իր առաջին հաղթանակը տոնեց 1925 թ. Մոնթե-Կարլոյի ռալլիում:
Հաջորդ տասնամյակների մեկը մյուսին փոխարինող հաղթանակները կրկին ընդհատվեցին աշխարհը ցնցած նոր պատերազմի պատճառով, ինչը զգալիորեն ազդեց ընդհանրապես ավտոսպորտի զարգացման վրա: Միայն հիսնականներին հետզհետե սկսեց վերականգնվել ավտոմրցարշավների մշակույթը, որը նշանավորվեց Ֆորմուլա 1 դասի ստեղծմամբ: Renault-ն դեռ իր խոսքն ասելու էր և այս ոլորտում, սակայն մինչ այդ, ավելի ստույգ 1958 թ. իտալացի ինժեներ Ամեդեո Գորդինին ստեղծեց Renault 8 Gordini մոդելը, որն իրավմամաբ դարձավ ավտոմրցարշավներում գրանցվող հաջողության մարմնավորում: Այս ավտոմեքենան այնքան սիրված էր, որ ստեղծվեծ ավտոմրցարշավ՝ Renault 8 Gordini Cup անվանմամբ, որին մասնակցում էին միայն դրանք և որը համարվում է առաջինը մեկ բրենդի ավտոմեքենաների համար նախատեսված մրցարշավների շարքում:
Ավտոսպորտում Renault-ի ներկայությունն էլ ավելի ամրապնդվեց այն բանից հետո, երբ 1973 թ. այն ձեռք բերեց փոքր ծավալներով ավտոմեքենա արտադրող ֆրանսիական Alpine ընկերության բաժնետոմսերի փաթեթի մեծամասնությունը: Հենց այդ տարի էլ գրանցվեց առաջին հաղթանակը. Berlinette անվանումը ստացած Alpine A 110 մոդելը հավասարը չունեցավ առաջին անգամ անցկացվող ռալլիի աշխարհի առաջնության (WRC) մրցուղիներում: Եվս հինգ տարի անց Alpine-Renault A442 B մոդելն իր առաջին հաղանակը տոնեց Լը Մանի 24 Ժամ ոչ պակաս հեղինակավոր մրցաշարում:
Սակայն այս ամենի գագաթնակետը դարձավ 1976 թ. Renault Sport ստորաբաժանման ստեղծումն ու արդեն 1977թ. Ֆորմուլա1 առաջնության մասնակցությունը: Renault-ն անմիջապես հանդես եկավ որպես նորարար՝ ներկայացնելով V6 տուրբո շարժիչը, մինչ դեռ բոլոր հիմնական մրցակիցներըր հանդես էին գալիս սովորական դարձած մթնոլորտային շարժիչներով: Պատահական չէ, որ հաղթանակներն իրենց սպասել չտվեցին, և արդեն 1979 թ. նվաճվեց առաջին Գրան-Պրին, այն էլ հենց Ֆրանսիայում:
Ութսունականների սկիզբը նշանավորվեց մի շարք այլ տպավորիչ ձեռքբերումներով և հանրահայտ Ալեն Պրոստի հետ համագործակցությամբ, որի շնորհիվ 1983 թ. Renault-ն կարողացավ գրավել երկրորդ տեղը Կոնստրուկտորների գավաթում: Ճիշտ է՝ որոշ ժամանակ անց ֆրանսիական ընկերությունը լքեց Ֆորոմուլա 1-ը, որպեսզի մի քանի տարի հետո վերադառնա, արդեն որպես միայն շարժիչների մատակարար: Այդ վերադրաձն իսկապես փառահեղ ստացվեց: Williams և Benetton թիմերը 1992-1997 թթ. նվաճեցին Կոնստրուկտորների 6 և անհատական հաշվարկի 5 գավաթ, մեքենաներն ընդհանուր առմամբ տոնեցին 85 հաղթանակ առանձին Գրան-Պրիներում, իսկ Նայջլ Մենսելը, Ալեն Պրոստը, Դեյմոն Հիլլը, Միխայել Շումախերն ու Ժաք Վիլնևն իրենց անունները հավերժ թողեցին Ֆորմուլա 1-ի պատմության էջերին:
Այս տպավորիչ հաղթանակների շղթան շարունակվեց արդեն 2000-ականների սկզբին, երբ ձեռք բերելով Benetton թիմը՝ Renault-ն հանդես եկավ իր սեփական անվան տակ և Ֆերնանդո Ալոնսոյի վարպետության շնորհիվ կարողացավ ևս երկուական անգամ տիրանալ թիմային և անհատական պայքարի չեմպիոնական գավաթներին:
Մինչ օրս էլ Renault-ն շարունակում է հաջողություններ գրանցել Ֆորմուլա 1-ում, բացի սեփական թիմ ներկայացնելուց համագործակցելով նաև առաջատար այնպիսի թիմերի հետ ինչպիսին է, օրինակ, Red Bull-ը: 2018 թ. Renault-ի շարժիչները կտեղադրվեն նաև առասպելական McLaren բոլիդների վրա:
Այսպիսով Renault-ն շարունակում է թե հաջողությամբ մասնակցել այլ մրցաշարերի, թե կազմակերպել սեփականները, որոնցից առանձնակի ուշագրավ են Formula E և Formula Renault առաջնությունները՝ հանդիսանալով ապագա աշխարհի չեմպիոնների իսկական դարբնոց: Իսկ Renault Sport ստորաբաժանումն էլ շարունակում է թողարկել սերիական ավտոմեքենաների հզոր սպորտային մոդիֆիկացիաները՝ զարմացնելով ավտոմոբիլյաին սպորտի սիրահարներին նորանոր տեխնոլոգիաների կիրառմամբ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: