ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չինաստանը վճռական է՝ արգելել ավանդական վառելիքով աշխատող ավտոմեքենաների արտադրությունն ու վաճառքը:
11 Սեպտեմբեր 2017
Ավտոմոբիլային արդյունաբերությունը հետզհետե, թեկուզ և դժկամորեն, ստիպված է ընդունել, որ էլեկտրական ավտոմեքենաները դառնում են հաջորդող ժամանակաշրջանի կարևորագույն մասը: Պատահական չէ, որ բոլոր առաջատար երկները ստիպված են լինում այս կամ այն կերպ արտահայտել իրենց դիրքորոշումը այս թեմայի շուրջ:
Այս պարագայում բնական էր, որ արձագանք կլինի նաև աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող և խոշորագույն ավտոշուկան համարվող Չինաստանից: Այստեղ արդեն գործում է քվոտավորման օրենք, որի համաձայն բոլոր ավտոդիլերները պարտավորվում են վաճառել որոշակի քանակությամբ էլեկտրական ավտոմեքենաներ, հակառակ դեպքում դրանց գործունեությունը կարող է դադարեցվել: Գնալով ավելի հեռու՝ Չինաստանի արդյունաբերության փոխնախարար Սին Գուոբինը հայտարարեց, որ երկրում իշխող կոմունիստական կուսակցությունը լրջորեն դիտարկում է ավանդական վառելիքով աշխատող ավտոմեքենաների արտադրության և վաճառքի ամբողջական արգելքի հնարավորությունը:
Ճիշտ է, ի տարբերություն Նորվեգիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների կամ ԱՄՆ-ի, Չինաստանի համար ոչ մի հստակ տարեթիվ դեռ չի մատնանշվում: Սակայն կառավարությունում արդեն իսկ ձեռնարկվում են մի շարք քայլեր համապատասխան ժամանակացույցը ստեղծելու համար:
«Այս քայլը կտրուկ ազդեցություն կունենա ավտոարդյունաբերության զարգացման վրա»,- նշել է փոխնախարարը, հավելելով, որ ոլորտին սպասում են «անհանգիստ» ժամանակներ:
Հիշեցնենք, որ Չինաստանի խոշորագույն քաղաքներն աչքի են ընկնում օդի ախտոտվածության ամենաբարձր մակարդակով աշխարհում, ինչը ստիպում է իշխանություններին ձեռնարկել հնարավոր ամեն բան իրավիճակը շտկելու համար: Անցումը էլեկտարական ավտոմեքենաներին կարող է դառնալ ամենաարդյունավետ լուծումներից մեկը:
Հետաքրքիր է նշել, որ արդեն այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով Չինաստանում կրկնակի քանակով ավելի էլեկտրական ավտոմեքենա է վաճառվել, քան մինչ այդ ոլորտի առաջատարը համարվող ԱՄՆ-ում: Պետք չէ մոռանալ նաև որ Չինաստանի ավտոմոբիլաշինությունը զարգանում է աննախադեպ արագությամբ, և այս որոշումը նաև ուղղված է համաշխարհային տենդենցներին համահունչ արտադրության զարգացմանը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: