ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իրանում կբացվի Renault-ի նոր գործարան
10 Օգոստոս 2017
Renault Խումբը և իրանական IDRO (Industrial Development & Renovation Organization of Iran) ու PARTO NEGIN NASEH Co (NEGIN Holding) ընկերությունները հայտարարել են Իրանում նոր համատեղ ձեռնարկություն հիմնադրելու մասին, որի նպատակը կլինի Իրանում Renault-ի ներկայությունը զարգացնելը և ֆրանսիական ապրանքանշանի աճի ապահովումը: Այս համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցավ 2016թ. սեպտեմբերի 30-ին Փարիզի ավտոսրահում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:
Այս համատեղ ձեռանրկությունը, որի հիմնական բաժնետեր կհանդիսանա հենց Renault-ն, կներառի ինժեներական և մատակարարման կենտրոններ, որոնք պետք է նպաստեն տեղական արտադրության զարգացմանը: Վերջնական նպատակն է՝ ունենալ տարեկան մինչև 150 000 ավտոմեքենա արտադրական հզորությամբ գործարան Թեհրանից 120 կմ հեռավորության վրա գտնվող Սավեհ քաղաքում: Նախատեսվում է, որ նշված գործարանում կարտադրվեն նոր Symbol և Duster մոդելները: Սա լրացուցիչ աճ կապահովի Renault-ի իրանական շուկային, որի պոտենցիալն այս պահին գնահատվում է շուրջ 200 000 ավտոմեքենա:
Բացի ավտոգործարանից նախատեսվում է նաև հիմնել շարժիչներ արտադրող գործարան, որը կթողարկի ուժային ագրեգատներ հենց Իրանում հավաքվող Renault ավտոմեքենաների համար:
Հիշեցնենք, որ ներկայումս Իրանում տեղական շուկայում իրացվելու նպատակով արտադրվում են Tondar, Tondar pick-up, Sandero և Sandero Stepway մոդելները, իսկ ֆրանսիական ընկերության շուկայական մասնաբաժինը 2017թ. առաջին կիսամյակի դրությամբ կազմում է 9,7 տոկոս, կամ 68 385 ավտոմեքենա:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: