ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Nissan-ի նոր մինիվենը կհետևի ուղևորների առողջական ցուցանիշներին։
02 Փետրվար 2024
Ճապոանական Nissan ընկերությունը ներկայացրել է կոնցեպտուալ Hyper Tourer մինիվենը։ Սա ֆուտուրիստական Hyper շարքի անդամներից մեկն է, որը ամբողջությամբ ներկայացվել է Japan Mobility Show միջոցառման շրջանակներում։ Ինչպես և այլ շոու-կարերը, մինիվենը առանձնանում է Nissan-ի համար անսովոր դիզայնով, որը ներառում է բազում կտրուկ գծեր ու սուր անկյուններ, ինչպես նաև առաջադեմ էլեկտրոնիկայով ու էլեկտրական ուժային ագրեգատով։
Nissan Hyper Tourer-ը աչքի է ընկնում բարձր ու դեպի կողք բացվող սահող անբռնակ դռներով, անսովոր ձևավորմամբ անվասկավառակներով և թափքը շրջակավորող դիոդային գծով։ Ներսում նկատելի են ջրի մակերևույթ հիշեցնող պատկերով հարթ հատակը, կենտրոնական «ճախրող» բարձակն ու չորս նստատեղերը։ Ընդ որում առջևինները կարելի է պտտել 180 աստիճանով, ինչը նշանակում է, որ ավտոպիլոտը ակտիվացնելու դեպքում կարելի է դեմքով շրջվել դեպի հետևի շարքի ուղևորները։
Ավտոմեքենայի որոշ ֆունկցիաներ, այդ թվում նաև նավիգատորը, կարելի է կառավարել շարժական դիսփլեյից։ Կոնցեպտը սարքավորվել է նաև առաջադեմ արհեստական բանականությամբ, որը կարող է հետևել ուղևորների ուղեղի աշխատանքին, սրտի կծկումներին, շնչառությանն ու նույնիսկ՝ քրտնարտադրությանը։ Այս բոլոր տվյալների հիման վրա ավտոմեքենան ինքնուրույն կմիացնի համապատասխան երաժշտություն և կկարգավորի լուսավորությունը։
Սրահը ավելի ընդարձակ է դարձել կոմպակտ պնդամարմին մարտկոցի շնորհիվ։ Ընթացքի պաշարի և ուժային համակարգի վերաբերյալ Nissan-ը մանրամասներ դեռ չի հաղորդում, սակայն նշվում է, որ այն սարքավորված է սերիական Ariya մոդելից ծանոթ e-4orce լիաքարշ համակարգով։ Hyper Tourer-ը կարող է կիսվել «ավելորդ» էներգիայով, սնուցելով տունը կամ գրասենյակը։