ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ԿԴԱՌՆԱ ԱՎԵԼԻ ՀԱՍԱՆԵԼԻ MOBILITY.AM ՀԱՐԹԱԿԻ ՇՆՈՐՀԻՎ
11 Մարտ 2024
«Ավտոարտադրողների Պաշտոնական Ներկայացուցիչների Ասոցիացիա» ՀԿ-ն «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում՝ որպես «Կանաչ նախաձեռնությունների» ենթադրամաշնորհային ծրագրերի մաս, իրականացնում է «Վանաձոր և Գյումրի քաղաքների կայուն շարժունակության ինդեքս» նախագիծը, որը բաղկացած է մի քանի մասերից։
Այս ծրագրի շրջանակներում Ասոցիացիան ձեռնամուխ է եղել ստեղծելու Mobility.am հարթակը, որտեղ կհրապարակվեն կրթական մոդուլներ ժամանակակից կայուն շարժունակությանը, էլեկտրական տրանսպորտին և ընդհանրապես այս ոլորտին առնչվող տարբեր կարևոր թեմաների վերաբերյալ։ Դրանք կպատրաստվեն առաջատար մասնագետների մասնակցությամբ և կոչված կլինեն ընդլայնել հասարակական լայն շրջանակների տեղեկացվածության մակարդակը։ «Սկզբնական փուլում մենք նախատեսում ենք Mobility.am հարթակում տեղադրել երկու համապարփակ ուսումնական մոդուլ՝ յուրաքանչյուրը բաղկացած մի քանի թեմայից։ Առաջին մոդուլը նվիրված կլինի քաղաքային շարժունակությանը, դրա կազմակերպման սկզբունքներին և պլանավորման եղանակներին։
Երկրորդ մոդուլում ուշադրության կենտրոնում կպահենք քաղաքային տրանսպորտի էլեկտրականացման խնդիրները, մարտահրավերները և հնարավոր լուծումները։ Նախագծի այս բաղադրիչի գլխավոր նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել շարժունակության թեմայի նկատմամբ հետաքրքրությունը։ Սա կարևոր է թեկուզ միայն այն պատճառով, որ այս ոլորտին առնչվող ժամանակակից մոտեցումները ենթադրում են տարբեր մասնագետների համատեղ ու ներդաշնակ աշխատանք, ներառյալ տվյալագիտությունը, ճարտարագիտությունը, տնտեսագիտությունը և այլն։ Սա նշանակում է, որ ընդգրկված թեմաները անպայման հետաքրքիր կլինեն տարբեր նախասիրությունների տեր մարդկանց, հիմնականում՝ ուսանողներին», - շեշտում է Արտյոմ Պետրոսյանը, «Ավտոարտադրողների Պաշտոնական Ներկայացուցիչների Ասոցիացիայի» նախագահը։
Ինչպես և «Վանաձոր և Գյումրի քաղաքների կայուն շարժունակության ինդեքս» ծրագրի մնացած բոլոր բաղադրիչները, այս մեկը ևս իրականացվում է նշված համայքների տարբեր կառույցների հետ համագործակցությամբ, ներառյալ համայնքապետարանը, ուսումնական հաստատությունները, հասարակական կազմակերպությունները։ Ակնկալվում է, որ Mobiliy.am հարթակը համացանցում հասանելի կլինի արդեն ապրիլ-մայիս ամիսներին։