ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է նոր սերնդի Skoda Kodiaq-ը (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
07 Հոկտեմբեր 2023
Չեխական Skoda ընկերությունը ներկայացրել է Kodiaq քրոսովերի լիովին նոր սերունդը։ Երկրորդ սերնդի Kodiaq-ը մակնիշի առաջին մոդելն է, որին բաժին է հասել նոր ոճը։ Ինչպես և նախորդ սերնդի ավտոմեքենան, այն կունենա երկու մոդիֆիկացիա՝ հինգ ու յոթ նստատեղով։ Եվրոպայում նոր Skoda Kodiaq-ի վաճառքը նախատեսված է սկսել 2024 թվականի երկրորդ եռամսյակում, իսկ գները հայտնի կդառնան մոտավորապես նույն ժամանակահատվածում։
Նոր Skoda Kodiaq-ի արտաքինը իրականացված է Vision 7S կոնցեպտի ոճով։ Այսպես, նորովի է լուծվել կապոտի կտրվածքը, ռադիատորի ճաղավանդակը ավելի ծավալուն է դարձել, իսկ հետև С-աձև լապտերները միացված են լուսավորվող ժապավենով։ Նորույթի ուրվագիծը ավելի դինամիկ է, ինչին նպաստում է նաև բեռնախցիկի դռան սփոյլերը։ Նախորդի համեմատ նոր Kodiaq-ը ավելի զուսպ է նայվում, առնվազն ձևավորման մեջ քրոմի բացակայության շնորհիվ։
Արտաքին չափսերը աննշան են փոխվել՝ Kodiaq-ը դարձել է ավելի ցածր ու նեղ, բայց նաև ավելի երկար։ Տարբերությունը ստեղծում է բեռնախցիկը։ Հինգտեղանոց քրոսովերի դեպքում դրա ծավալը կազմում է 910 լիտր (+75 լիտր), իսկ յոթտեղանոցի պարագայում՝ 340 լիտր, ինչը նախորդ սերդնի ցուցանիշից մեծ է 70 լիտրով։
Սրահում ուշադրություն են գրավում սարքավորումների 10-դյույմանոց թվային վահանակը, օպցիոնալ պրոյեկցիոն դիսփլեյը և մուլտիմեդիա համակարգի հպումային էկրանը, որի անկյունագիծը, կախված համալրումից, կազմում է 10 կամ 13 դյույմ։ Կարևոր նորամուծությունների շարքում հիշատակման է արժանի ավտոմատ փոխանցումատուփի փոխարկիչը, որն այժմ տեղակայված է ոչ թե կենտրոնական թունելի, այլ ղեկասյան վրա։ Լրամշակման համար կիրառված են վերամշակված պլաստիկ ու բնական բուրդ։
Նոր սերնդի Kodiaq-ը կունենա հինգ մոդիֆիկացիա, որոնցից ամենահետաքրքիրը լիցքավորվող հիբրիդն է։ Այսպիսի քրոսովերի ուժային համակարգը բաղկացած է 1,5-լիտրանոց բենզինային տուրբոշարժիչից և էլեկտրական շարժիչից, որոնք միասին զարգացնում են 204 ձիաուժ հզորություն։ Մարտկոցի տարողունակությունը կազմում է 25,7 կՎտժ, ինչը ապահովում է մինչև 100 կմ ընթցաքի պաշար։ Լիցքավորումը կարելի է իրականացնել նաև մինչև 50 կՎտ հզորությամբ մշտական հոսանքի աղբյուրից։
Երկրորդ էլեկտրականացված տարբերակն առաջարկում է «փափուկ» հիբրիդային լուծում՝ 150 ձիաուժ հզորությամբ։ Բացի այդ հասանելի կլինեն 204 ձիաուժ հզորությամբ երկլիտրանոց քառագլան բենզինային տուրբոշարժիչվ, և 150 կամ 193 ձիաուժ հզորությամբ երկլիտրանոց տուրբոդիզելային շարժիչով մոդիֆիկացիաները։ Ավանդական ներքին այրման շարժիչով տարբերակները սարքավորվում են DSG ռոբոտացվաց փոխանցումատուփով, իսկ ամենահզոր բենզինային և դիզելային մոդելները կունենան նաև լիաքարշ լուծում։