Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Volkswagen-ը ներկայացրել է GTI շարքի առաջին էլեկտրական մոդելը
07 Սեպտեմբեր 2023

Volkswagen ID. GTI էլեկտրական հեչբեքի նորամուտը կայացավ Մյունխենում ընթացող IAA ցուցահանդեսի շրջանակներում։ Սա մակնիշի պատմության մեջ առաջին էլեկտրական մոդելն է, որը ստացել է GTI մակնիշումը։ Մինչ այս պահը Volkswagen-ի «լիցքավորված» էլեկտրամոբիլները կրում էին GTX հապավումը։

 

 

Volkswagen ID. GTI-ի հիմքում ընկած է մեկ այլ կոնցեպտ՝ ընթացիկ տարվա սկզբին ցուցադրված ID.2all-ը։ Ակնկալվում է, որ դա սկզբնական մակարդակի էլեկտրական հեչբեքի նախատիպն է, որը կոչված է դառնալ այդ սեգմենտում ամենամատչելի առաջարկներից մեկը՝ վաճառվելով մինչև 25 000 եվրո արժեքով։

 

 

Հատկանշական է, որ ի տարբերություն ներքին այրման շարժիչով մոդելների, այստեղ GTI-ը բացվում է ոչ թե որպես  Grand Touring Injection, այլ՝ Grand Touring Intelligence։ «Լիցքավորված» GTI տարբերակի  խելացի տեխնոլոգիաներից մեկը  կրում է GTI Experience Control ամվանումը և նմանակում է տարբեր տարիներին թողարկված GTI մոդելների բնութագրերը, այդ թվում շարժիչի ձայնը, փոխանցումների փոխարկումը և ղեկային կառավարումը։ Այլ կերպ ասած, էլեկտրական մոդելը կարելի  է «վերածել» 1976 թվականի Golf GTI-ի, կամ ապահովել 1986 թվականին թողարկված 16-փականանի շարժիչով հեչբեքին բնորոշ հնչողություն։

 

 

GTI մոդիֆիկացիան աչքի է ընկնում ռադիատորի ճաղավանդակի ավելի ագրեսիվ դիզայնով, սպորտային հավելումներով, ավելի լայն անվակամարներով, հետնամասում առկա սփոյլերով և ավելի մեծ դիֆուզորով։ Էքստերիերի սև տարրերը ոգեկոչում են առաջին և երկրորդ սերնդի Golf GTI մոդելեների պլատսիկ վերդիրները։ Միևնույն ժամանակ 20-դյույմանոց անվասկավառակները տուրք են մատուցում Scirocco մոդելին, իսկ սփոյլերը ըստ էության փոխառած է ժամանակակից Golf GTI Clubsport մոդիֆիկացիայից։

 

 

Պատմական անդրադարձներ կարելի է նկատել և սրահում։ Լրամշակման համար կիրառված է  Jack-e գործվածքը, որի անվանումը հիշեցնում է GTI Mk6 մոդելում օգտագործված վանդակավոր Jacky պաստառապատումը։ Ղեկանիվի դիզայնը իրականացված է ամենաառաջին Golf GTI-ի ոճով, իսկ թվային դիսփլեյների գրաֆիկական լուծումները կարելի է ձևափոխել այնպես, որպեսզի 10,9-դյույմանոց սարքավորումների վահանակը ստանա GTI Mk1 մոդելի տեսքը։ Դրան զուգահեռ կփոխվի նաև մուլտիմեդիա համակարգի 12,9-դյույմանոց պլանշետի գրաֆիկան։

 

 

Արտադրողը դեռևս տեղեկություններ չի հաղորդում ուժային ագրեգատի մասին, սակայն ակնկալվում է, որ նոր GTI-մոդելը ավելի հզոր կլինի, քան 231 ձիաուժ զարգացնող ID.2all-ը, իսկ տեղից մինչև 100 կմ/ժ արագացման համար կպահանջվի յոթ վայրկյանից էլ քիչ ժամանակ։ Բնութագրերի մանրամասնությունները կհրապարկվեն արտադրության մեկնարկին մոտ։ Այսպես, ID.2all հոսքագծից կիջնի արդեն 2025 թվականին, իսկ GTI-մոդիֆիկացիան՝ մեկ տարի անց։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio