Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Opel-ը ներկայացրել է «էքսպերիմենտալ» կուպե-քրոսովեր (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
05 Սեպտեմբեր 2023

Գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող IAA Mobility ցուցահանդեսի շրջանակներում Opel ընկերությունը ներկայացրեց Experimental անունը ստացած կոնցեպտը, որը կոչված է պատկերացում տալ մակնիշի զարգացման հեռանկարների մասին։ Այն առանձնանում է շրջահոսելի թափքով, ինչպես նաև լուսավորվող կողմնացույցով սարքավորված ֆիրմային Vizor փականակի առկայությամբ։ Սրահը մինիմալիստական է և էքստերիերին համահունչ կերպով՝ տեխնոլոգիական։

 

 

Opel Experimental-ի արտաքինը իրականացված է Bold and Pure (արտահայտիչ և մաքուր) փիլիսոփայությանը համահունչ, որի առաջին մարմնավորումը դարձավ 2018 թվականին ցուցադրված GT X Experimental կոնցեպտը։ Նորույթի առանձնահատկություններից է Opel Compass լուծումը, որը ձևավորվում է հորիզոնական ուղղությամբ ձգվող ցերեկային ընթացքի կրակներով, երկու ուղղաձիգ դիոդային ժապավեններով և կենտրոնում տեղադրված լուսավորվող տարբերանշանով։ Այդ լուծումը նկատելի է և հետնամասում, սակայն այնտեղ ժապավենները հանգում են Opel կամ Vauxhall գրվածքին։

 

 

Opel Vizor փականակի հետևում տեղադրված են տարատեսակ ցուցիչներ և ռադարներ, ինչպես նաև լիդար ու վարորդին օժանդակող համակարգերի տեսախցիկներ։ Տեսախցիկներով են փոխարինվել նաև հետին տեսադաշտի հայելիները։ Աերոդինամիկայի պահանջներից ելնելով՝ դռների բռնակները հավաքվում են, կողային հատվածներում ավելացել են թևիկներ, իսկ հետևում՝ դիֆուզոր։  

 

 

Experimental-ը կառուցված է Stellantis կոնցերնի մշակած նոր STLA հենահարթակի վրա։ Արտադրողը դասում է այն С-սեգմենտին, ինչը նշանակում է, որ արտաքին չափսերով այն պետք է մոտ լինի Astra-ին, թեպետ սրահի ընդարձակությունը համապատասխանում է ավելի բարձր դասի մոդելներին։ Նկատելի է, որ Opel-ը հրաժարվել է մեծ թրենդային էկրաններից, որոնց դերը ստանձնել է դիմապակու ամբողջ լայնությամբ ձգվող պրոյեկցիոն էկրանը։

 

 

Մուլտիմեդիա համակարգը ունակ է ճանաչել ձայնային հրահանգներ։ Նախատեսված է նաև ինքնավար ռեժիմ, որի ակտիվացան դեպքում ղեկը ծալվում է, որպեսզի չխանգարի ուղևորներին։ Առանձնահատկությունների թվում հիշատակման են արժանի էլեկտրաքրոմատիկ գործվածքով պաստառապատված հարմարավետ նստատեղերը։ Այդ գործվածքի մեջ ներկառուցված են դիոդներ, որոնք կարող են փոխել իրենց գույնը վարորդի ցանկությամբ, ինչպես նաև արձակել լուսային նախազգուշացումներ «կույր» գոտիներում առկա խոչընդոտների մասին։

 

 

Opel-ը դեռևս չի բացահայտել կոնցեպտի տեխնիկական մանրամասները, սակայն հայտնի է, որ STLA ճարտարապետությունը թույլ է տալիս մեկ կամ երկու ուժային ագրեգատի տեղադրում, ինչպես նաև մինչև 700 կմ ընթացքի պաշար ապահովող մարտկոցների կիրառում։ Ակնհայտ է, որ ներկայիս տեսքով Experimental-ը սերիական արտադրության չի հասնի, սակայն կարող է նշակետ ծառայել 2024 թվականին շուկա հանվող Grandland մոդելի էլեկտրական հետնորդի համար։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio