ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Renault Scenic-ը վերածվել է էլեկտրական քրոսովերի (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04 Սեպտեմբեր 2023
Ֆրանսիական Renault ընկերությունը Մյունխենում ընթացող ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է ամբողջովին էլեկտրական Scenic E-Tech քրոսովերը։ Ըստ էության սա մոդելի հինգերորդ սերունդն է, որը ձերբազատվել է ներքին այրման շարժիչներից։ Մոդելը կառուցված է նույն հենահարթակի վրա, ինչը և այդքան սպասված Nissan Ariya-ն, և առանձնանում է ընթացքի տպավորիչ պաշարով ու վերջերս ներկայացված Rafale-ի ոճով իրականացված դիզայնով։
Scenic E-Tech-ը աչքի է ընկնում թափքի դինամիկ գծերով, ռադիատորի ճաղավանդակի փոխարեն տեղադրված անսովոր վահանակով և ոչ պակաս գրավիչ անվասկավառակներով։ Սրահն առաջարկում է հինգ նստատեղ, 12-դյույմանոց ուղղաձիգ պլանշետ և մերսման ֆունկցիա առջևի ուղևորների համար։ Ընկերությունը առանձնակի շեշտում է Solarbay համայնապատկերային տանիքը, ըստ ընտրության 48 գույնով հասանելի մթնոլորտային լուսավորությունը և տարողունակ բեռնախցիկը, որի ծավալը կազմում է 545 լիտր։
Էլեկտրական Scenic-ը կառաջարկվի երկու մոդիֆիկացիայով, երկուսն էլ՝ մեկ շարժիչով։ Բազային տարբերակը կսարքավորվի 170 ձիաուժ հզորությամբ էլեկտրական ագրեգատով ու 60 կՎտժ տարողությամբ մարտկոցով։ Այս մասնագրերով ավտոմեքենան 0-100 կմ/ժ արագությունը զարգացնում է 9,3 վայրկյանում և առաջարկում է 420 կմ ընթացքի պաշար։ Առավելագույն արագությունը կազմում է 150 կմ/ժ։
Ավելի հզոր ու դինամիկ տարբերակի ագրեգատը զարգացնում է 218 ձիաուժ հզորություն և համակցվում է 87 կՎտժ տարողությամբ մարտկոցի հետ։ Առաջին 100 կմ/ժ արագությունը այն հավաքում է 8,4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 170 կմ/ժ ցուցանիշով։ Մարտկոցի մեկ ամբողջական լիցքավորումով հնարավոր կլինի հաղթահարել մինչև 610 կիլոմետր։
Renault Scenic E-Tech-ի արտադրությունը նախատեսվում է կազմակերպել ֆրանսիական Դուէ քաղաքում, այնտեղ, որտեղ հավաքվում է էլեկտրական Megane E-Tech-ը։ Ակնկալվում է, որ Scenic E-Tech-ի հիմնական մրցակիցները եվրոպական շուկայում կլինեն Volkswagen ID.4-ը, Hyundai Ioniq 5-ը և Kia EV6-ը։