ԱՎՏՈՍՊՈՐՏ
Michelin-ը կշարունակի անվադողեր մատակարարել Ֆորմուլա E-ին:
03 Դեկտեմբեր 2017
Ֆրանսիական Michelin ընկերությունը երկարաձգել է իր բացառիկ պայմանագիրը Ֆորմուլա E առաջնության հետ: Ըստ ձեռք բերված համաձայնության Michelin-ը կշարունակի անվադողերի մատակարարումը առնվազն մինչև 2021 թ:
Ֆորմուլա E առաջնության գլխավոր կազմակերպիչ Ալեխանդրո Ագագը նշում է. «Michelin-ն առաջին իսկ օրից հավատում է մեր գաղափարին և կիսում այն տեսլականը, որ Ֆորմուլա E-ն նորարարական հարթակ է ճանապարհային ավտոմեքենաների համար նախատեսված տեխնոլոգիաների փորձարկման և զարգացման համար: Michelin-ն օգտագործում է այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ոչ միայն բավարարում են մեր պահանջներին, այլև կիրառելի են այն ավտոմեքենաներում, որոնցով մենք ամեն օր գնում ենք աշխատանքի և տուն:»
Ագագի հետ համաձայն է նաև Michelin ընկերության սպորտային ծրագրերի տնօրենը՝ Պասկալ Քուանոնը: Նա բացատրում է, թե ինչու ընկերությունն այժմ չի դիտարկում Ֆորմուլա 1 վերադառնալու հարցը. «Մենք չենք ուզում մասնակցել մի առաջնության, որտեղ լուրջ մարտահրավեր չենք տեսնում և որտեղ հնարավորություն չկա փորձարկել ճանապարհային ավտոմեքենաների համար նախատեսված տեխնոլոգիաները: Ֆորմուլա E-ում մենք կարողանում ենք օգտագործել 18-դյույմանոց անվադողեր և հնարավորություն ունենք արագ տեղափոխել ստացված արդյունքները ճանապարհային անվադողերի վրա:»
Այսպիսով ևս չորս տարի ֆրանսիական ընկերությունը կմնա էլեկտրական Ֆորմուլայի անվադողերի միակ պաշտոնական մատակարարը, ինչը նշանակում է, որ այնտեղ կիրառված տեխնոլոգիաները շատ շուտով կարող են կիրառվել նաև սերիական անվադողերի արտադրությունում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: