Auto Plus Magazine

  • Հայ

ԱՎՏՈՍՊՈՐՏ

Կայացան Ֆորմուլա E առաջնության առաջին երկու մրցափուլերը
12 Դեկտեմբեր 2017

Դեկտեմբերի 2-ին և 3-ին Հոնգկոնգում կայացան Ֆորմուլա E առաջնության 2017-2018 թթ մրցաշրջանի առաջին երկու մրցափուլերը, որոնք լի էին զանազան միջադեպերով և ուշագրավ պայքարով: Հատկանշական է, որ նույնիսկ հաղթողի անունը հայտնի դարձավ ոչ թե անմիջապես մրցավազքի ավարտից հետո, այլ մի քանի օր անց: Այս ամենը հետաքրքրաշարժ մրցաշրջան է խոստանում, որին մենք կհետևենք առաջնության բացառիկ գործընկեր՝ Michelin ընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:


 
Իսկ այժմ ավելի մանրամասն առաջին երկու մրցափուլերի մասին: Սկսենք առաջինից, որը, բնականաբար, մատնանշելով որոշակի օրինաչափություններ հետագա մրցաշրջանի համար, միևնույն ժամանակ ավելի շատ հարցեր առաջ քաշեց: Որակավորման ժամանակ բավակնաին սուր մրցակցություն գրանցվեց միանգամից մի քանի թիմերի մրցարշավորդների միջև: Ի վերջո փոուլը բաժին հասավ չինական Techeetah թիմի առաջատար, շատերին դեռևս Ֆորմուլա 1-ից հայտնի Ժան-Էրիկ Վերնին, որը առաջնության մեկնարկից առաջ հասցրել էր մրցել իսկական հեպարդի հետ: Ֆրանսիացուն համապատասխանաբար զիջելով 0,027 և 0,029 վայրկյան՝ երկրորդ ու երրորդ տեղը գրավեցին Սեմ Բյորդն ու Նիկ Հայդֆելդը: Նախնական պրակտիկայից հետո առաջատար էր հանդիսանում Jaguar-ի մրցարշավորդ Միչ Էվանսը, ոը սակայն չկարողացավ դուրս գալ վերջին որոշիչ շրջանին, և ի վերջո ստիպված եղավ մրցափուլն սսկել վերջին՝ քսաներորդ հորիզոնականից: 

Հիմնական մրցավազքի առաջին իսկ շրջադարձում Սեմ Բյորդը կարողացավ առաջ անցնել Վերնից և նույնիսկ հաշվի առնելով ընթացքում ստացված տուգանքը, կարողացավ մինչև վերջ պահպանել առավելությունը: Նիկ Հայդֆելդը համառորեն պայքարեց իրեն գերազանց դրսևորած Նելսոն Պիքե-կրտսերի հետ, որը Jaguar Racing թիմի առաջատարն է և Ֆորմուլա E առաջնության առաջին չեմպիոնը: Այնուամենայնիվ տասներորդ տեղից մեկնարկած բրազիլացին այդպես էլ չկարողացավ հասնել Հայդֆելդին և մրվավազքն ավարտեց չորրորդ հորիզոնականում:



Երկրորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին, ամեն բան սկսվեց նորից: Նախորդ օրվա հաղթող Վերնը վտանգավոր վարման համար տուգանվեց տասը հորիզոնականով և ի վերջո որակավորվեց  13-րդ հորիզոնականում: Երկար ժամանակ սուպերփուոլը գրավում էր Jaguar-ի բրիտանացի մրցարշավորդ Միչ Էվանսը, որը սկայան ստիպված եղավ զիջել դիրքը, քանի որ գերազանցել էր 200 կՎժ առավելագույն թույլատրելի հզորությունը: Դրա շնորհիվ առաջին հորիզոնականը բաժին հասավ հնդկական Mahindra թիմի առաջատար Ֆելիքս Ռոզենքվիստին, երկրորդ տեղը գրավեց առաջնության նորեկ Էդոարդո Մորտարան, իսկ երրորդը Audi-ի ներկայացուցիչ Դանիել Աբտն էր:

Հիմնական մրցավազքի առաջին իսկ վայրկյաններին Ռոզենքվիստը կոպիտ սխալ թույլ տվեց, ինչի պատճառով նրա վարած ավտոմեքենան տեղապտույտ  կատարեց, և հիմնական մրցակիցները՝ Մորտարան և Աբտը առաջ անցան նրանից: Հիմնական պայքարն ընդանում էր առաջատարների հետևում, որտեղ նախորդ մրցափուլի հաղթող Վերնը փորձում էր ամեն գնով բարելավել դիրքերը: Ավտոմեքենաների փոփոխությունից հետո իրավիճակը չփոխվեց՝ Մորտարան պահպանեց առաջատարի դիրքը, իսկ Աբտը շարունակեց հետապնդումը: Թվում էր, ամեն բան այսպես էլ կավարտվի, սակայն վերջին շրջանին, գուցե անփորձության պատճառով, Մորտարան կտրուկ արգելակման պահին կորցրեց բոլիդի կառավարումն ու առաջ թողեց թե Աբտին, թե Ռոզենքվիստին և միայն պատահականության շնորհիվ կարողացավ վերադառնալ մրցուղի երրորդը: 



Audi թիմն ու անձամբ Դանիել Աբտը տոնում էին հաղթանակը, Ռոզենքվիստը, որը հույս ուներ հաղթելու, այնուամենայնիվ բարձրացավ երկրորդ հորիզոնական, իսկ Մորտարան, որը կարող էր առաջին հաղթանակը բերել Ֆորմուլա E-ի բոլոր առաջնություններին մասնակցած Venturi թիմին, գրավեց երրորդ տեղը: Սակայն, ինչպես արդեն նշել էինք, այս առաջնությունը լի է բազում անկանկալներով: Արդեն մրցափուլի ավարտից հետո կազմակերպիչները հայտնաբերեցին, որ հաղթող ճանաչված Աբտի Audi ավտոմեքնենան չի համապատասխանում նախապես հայտարարված չափանիշներին և որակազրկեցին գերմանացուն, ինչի արդյունքում հաղթանակը բաժին հասավ Ռոզենքվիստին, իսկ Մորտարան և Jaguar Racing թիմը ներկայացնող Միչ Էվանսը վաստակեցին համապատասխանաբար 18 և 15 միավոր:


Այսպիսով, անհատական հաշվարկում առաջին հնգյակը երկու մրցափուլից հետո ունի հետևյալ տեսքը.

1. Սեմ Բյորդ – 35 միավոր
2. Ժան-Էրիկ Վերն – 33 միավոր
3. Ֆելիքս Ռոզենքվիստ – 29 միավոր
4. Էդոարդո Մորտարա – 24 միավոր
5. Միչ Էվանս – 15 միավոր

Թիմային հաշվարկում պատկերն այսպիսին է.

1. Mahindra Racing
2. Virgin Racing
3. Techeetah
4. Venturi
5. Jaguar Racing

Ֆորմուլա E առաջնության հաջորդ փուլը կկայանա հունավրին Մարոքոյում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio