Auto Plus Magazine

  • Հայ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆորմուլա E 2017-2018 թթ առաջնության կանոնակարգը
01 Դեկտեմբեր 2017

Մեր կայքն առաջին անգամ հայկական ավտոմամուլի պատմության մեջ ամբողջությամբ լուսաբանելու է Ֆորմուլա E մրցաշարը, և, բնականաբար, կարևոր է, որպեսզի մեր ընթերցողները ծանոթ լինեն առաջնության կանոններին:

Հարկ է նշել, որ էլեկտրական բոլիդների մրցումների կանոնները մի փոքր տարբերվում են Ֆորմուլա1-ից մեզ ծանոթ կանոններից, չնայած այն հանգամանքին, որ միավորների բաշխումը կատարվում է նույն եղանակով. 1-ից 10-րդ տեղերը գրաված մրցարաշավորդները ստանում են 25-ից մինչև 1 միավոր: Սակայն մարզիկներն հնարավորություն ունեն ստանալ լրացուցիչ միավորներ փոուլը գրավելու համար (3 միավոր), ինչպես նաև մեկ լրացուցիչ միավոր ստանում է այն մրցարշավորդը, որը տվյալ մրցափուլի արդյւնքում առաջին տասը տեղը գրաված մարզիկների մեջ կգրանցի ամենաարագ շրջանը: Իսկ ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ Ֆորմուլա E-ի փուլերն անց են կացվում բացառապես քաղաքային փողոցներում: Այս ամենը, ինչպես նաև էլեկտրական բոլիդներին բնորոշ որոշ առանձնահատկություններ անկանխատեսելի են դարձնում պայքարը:

Ավտոմեքենաների առավելագույն թույլատրելի հզորությունը 2017-2018թթ մրցաշրջանում մրցարշավային պայմաններում հասցվել է 180 կՎժ (ինչը 10 կՎժ-ով ավել է, քան նախորդ տարի), մինչ դեռ որակավորման փուլում այդ ցուցանիշը կազմում է 200 կՎժ: Ֆորմուլա E-ի կանոնոկարգն ունի մի առանձնահատկություն, որի շնորհիվ երկրպագուները հնարավորություն ունեն ազդել մրցափուլի արդյունքի վրա՝ օգտվելով FANBOOST համակարգից: Այն ենթադրում է հատուկ քվեարկություն, որն սկսվում է տվյալ մրցափուլին նախորդող երկուշաբթի օրը և իրականացվում է կամ առաջնության պաշտոնական կայքում, կամ դրա սոցցանցերում ունեցած էջերում: Քվերակությունն ավարտվում է մրցափուլից 6 րոպե առաջ, և առավելագույն ձայներ հավաքած 3 մրցարշավորդները հնարավորություն են ստանում ողջ մրցափուլի ընթացքում մեկ անգամ (այն էլ իրենց երկրորդ մեքենայի վրա) առավելագույն հզորությունը հասցնել 200 կՎժ-ի: Քվեարկության պաշտոնական էջն է՝ http://fanboost.fiaformulae.com:

Առանձնակի նշենք երկրորդ մեքենայի կանոնը: Ֆորմուլա E-ի յուրաքանչյուր մրցափուլ տևում է մոտ հիսուն րոպե, որի ընթացքում մրցարշավորդը մեկ անգամ փոխում է ավտոմեքենան: Մրցարշավորդը, վերադառնալով իր բոքսերը, պարզապես լքում է այն մեքենան, որով սկսել է մրցափուլը, և հնարավորոինս արագ տեղափոխվում իր երկրորդ մեքենան: Այն կազմուպատրաստ սպասում է նրան բոքսերում, ընդ որում արգելվում է մեքենաները լիցքավորել մրցափուլի ընթացքում, դա պետք է արվի նախորոք:

Հավելենք նաև, որ առաջնության թիմերին անվադողերի բացառիկ մատակարարը Michelin ընկերությունն է: Այս տարի բոլիդները սարքավորվում են 18-դյույմանոց ունիվերսալ անվադողերով: Յուրաքանչյուր մրցարշավորդին բաժին է հասնում երկուական նոր անվադող առջևի և հետևի անիվների համար, իսկ բացի այդ նրանք կարող են օգտագործել նախորդ մրցափուլից պահպանված մեկական անվադող:

Ֆորմուլա E-ի 2017-2018 թթ մրցաշրջանը մեկնարկում է 2017 թ. դեկտեմբերին Հոնգկոնգում և ավարտվում է 2018 թ. հուլիսին կանադական Մոնրեալում:

Ֆորմուլա E առաջնության լուսաբանման հովանավորն է ՀՀ-ում Michelin ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչ "Վիտես" ընկերությունը: 

Ֆորմուլա E առաջնության լուսաբանման հովանավորն է ՀՀ-ում Jaguar ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչ "Ֆորա Պրեմիում" ընկերությունը: 




Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio