ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Range Rover-ի երեքդռնանի տարբերակը:
14 Մարտ 2020
Բրիտանական Niels van Roij Design ստուդիան ներկայացրել է Range Rover-ի երեքդռնանի տարբերակ, որը ստացել է Adventum Coupe անվանումը: Ընդհանուր առմամբ կկառուցվի 100 այսպիսի ամենագնաց, որոնք կառանձնանան օրիգինալ թափքով և հատակով, որը ամբողջովին պատրաստված է թանկարժեք զբոսանավերի լրամշակման համար կիրառվող փայտանյութից:
Սովորական Range Rover-ից Adventum Coupe-ն տարբերվում է ոչ միայն հետևի դռների բացակայությամբ: Ամենագնացի թափքը՝ առջևի կանգնակներից մինչև հետևի կանգնակները, ձևավորվել է ձեռքով՝ ալյումինե թիթեղների կիրառմամբ: Գործարանային են մնացել միայն կապոտը, կողաթևերը և բեռնախցիկի դուռը: Ինտերիերի դիզայնում հաշվի են առնվել պատվիրատուի բոլոր ցանկությունները: Լրամշակման համար օգտագործվել է բնական կաշի, թվիդ, ոչխարի բուրդ, հնդկակակղնու փայտ: Սակայն հաճախորդները կարող են ինքնուրույն ընտրել գույնը, դարձակարի ձևը, ավելացնել դրոշմապատկերներ, գործվածքներ և այլն: Բեռնախցիկում հաճախորդը կգտնի նաև երկու անձրևանոց:
Adventum Coupe-ի առաջին օրինակը առաջարկվում է Arctic White գույնի թափքով, որը համատեղվում է կարմիր գույնի նապպա կաշվով լրամշակված սրահի հետ: Ամենագնացի հատակն ամբողջովին պատրաստված է հնդկակաղնու փայտից: Հատակի հիմքում էլ կիրառված է աֆրիկյան ջունգլիներում աճող բացառիկ օկումե ծառի փայտից պատրաստված ջրակայուն տախտակը:
Adventum Coupe-ի կապոտի տակ տեղադրված է 5,0-լիտրանոց V8 շարժիչը, որը զարգացնում է 525 ձ.ուժ հզորություն և 625 Նմ ոլորող մոմենտ: Ավտոմեքենայի սկզբնական արժեքը 270 000 եվրո է: Յուրաքանչյուր Range Rover Adventum Coupe-ի կառուցումը միջինում պահանջում է մոտ վեց ամիս:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: