ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Hyundai-ը ներկայացրել է նոր Palisade ամենագնացը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
02 Դեկտեմբեր 2018
Hyundai Palisade հսկա քրոսովերի պաշտոնական նորամուտը կայացավ Լոս-Անջելեսի միջազգային ավտոսրահի շրջանակներում: Կորեական ապրանքանշանի առաջատարը կառուցված է լիովին նոր հենահարթակի վրա, սարքավորվում է բենզինային V6 շարժիչով, փոխանցումների կոճակային փոխարկիչով և քարշակման HTRAC համակարգով, որն առանձնանում է ձյան վրա տեղաշարժման հատուկ ռեժիմով:
Նոր հենահարթակի կառուցվածքի կոշտությունը աճել է դեֆորմացման գոտիներում և կախոցի ամրակցման հատվածներում գերամուր պողպատների կիրառման շնորհիվ: Hyundai Palisade-ի երկարությունը կազմում է 4981 մմ, լայնությունը՝ 1976 մմ, բարձրությունը՝ 1750 մմ: Քրոսովերի անվային բազան 2901 միլիմետր է, իսկ ճակատային դիմադրության գործակիցը՝ 0,33, ինչը հնարավոր է դարձել առջևի կանգնակների թեքման անկյան օպտիմալացման, հետևի սփոյլերի կողային լրամշական, ինչպես նաև աերոդինամիկ պանելների և դեֆլեկտորների կիրառման շնորհիվ:
Hyundai Palisade-ի կապոտի տակ տեղադրվում է 3,8-լիտրանոց V6 բենզինային շարժիչ՝ գազաբաշխման ֆազերի անաստիճան փոփոխման Dual CVVT համակարգով և անմիջական ներարկման ֆունկցիայով: Այս ագրեգատը ապահովում է 295 ձ.ուժ հզորություն և 355 Նմ ոլորող մոմենտ ու համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ:
Ավտոմեքենան առաջարկվում է առջևի քարշակմամբ կամ HTRAС լիաքարշ համակարգով՝ ստիպողական բլոկավորման հնարավորությամբ: Շարժման ռեժիմների ընտրության Drive Mode համակարգը առաջարկում է բազային 7 տարբերակ՝ Normal, Comfort, Eco, Sport, Smart, Sand և լիովին նոր Snow ռեժիմը, որը հատուկ կարգավորված է ձյան վրա տեղաշարժվելու համար:
Hyundai Palisade-ի սարքավորումների ցանկը ներառում է ամբողջովին լուսադիոդային դիմային օպտիկա, 12,3-դյույմանոց սարքավորումների վիրտուալ վահանակ, մուլտիմեդիա համակարգի 10,25-դյույմանոց դիսփլեյ, Apple CarPlay և Android Auto հավելվածների համատեղելիություն, յոթ հատ USB-միակցում, սմարթֆոնի անլար լիցքավորման մոդուլ, ծավալային հնչողության Infinity աուդիոհամակարգ և պրոյեկցիոն դիսփլեյ: Հետևի շարքի ուղևորների հետ կապի համակարգը սարքավորված է Rear Sleep Mode ռեժիմով, որն անհրաժեշտության դեպքում անջատում է սրահի հետնամասում գտնվող բարձրախոսները:
Հատկանշական է, որ որոշ ֆունկցիաներ, այդ թվում շարժիչի գործարկումը, կլիմատ-կոնտրոլի կարգավորումներն ու դռների ապաբլոկավորումը, կարելի է իրականացնել հեռավար եղանակով՝ MyHyundai.com կայքից կամ էլ սմարթֆոնի Blue Link հավելվածի օգնությամբ:
Palisade-ի անվտանգությունն ապահովում են մի շարք առաջադեմ լուծումներ, ինչպիսին են, օրինակ, ճակատային բախումների կանխարգելմանն օժանդակող համակարգը՝ հետիոտների հայտնաբերման ֆունկցիայով, շարժման շարքի պահպանման և կույր գոտիների վերահսկամն համակարգերը, հետևից հատվող ուղղությամբ ընթացքող մեքենաների հայտնաբերման և մեքենային անվտանգ ելքի ֆունկցիաները, ինչպես նաև ադապտիվ քրուիզ-կոնտրոլն ու վարորդի ինքնազգացողության վերահսկման համակարգը:
Ենթադրվում է, որ Hyundai Palisade-ի հիմնական մրցակիցները կլինեն ճապոնական Toyota Highlander-ը, Honda Pilot–ը և Nissan Pathfinder-ը: Նոր քրոսովերը կարտադրվի կորեական Ուլսան քաղաքի գործարանում, իսկ վաճառքները կսկսվեն 2019 թ ամռանը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: