ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Volkswagen Tarok` նոր կոնցեպտուալ պիքապ Tiguan մոդելի հիման վրա:
06 Նոյեմբեր 2018
Բրազիլական Սան-Պաուլու քաղաքում անցկացվող ավտոսրահում պաշտոնապես ցուցադրվեց Volkswagen Tarok պիքապը: Ըստ նախնական տեղեկությունների մոդելի սերիական տարբերակը շուկա կհանվի 2020 թվականին նախ Բրազիլիայում, իսկ հետո, հավանաբար, նաև այլ երկներում:
Ներկայումս հայտնի է, որ Tarok-ը նախագծված է MQB հենահարթակի հիման վրա, որն, ըստ տեղացի լրագրողների, հանդիսանում է Tiguan Allspace-ի մոդիֆիկացիան: Նախատիպը սարքավորվում է 1,4 լիտր ծավալով տուրբոշարժիչով, որը զարգացնում է 150 ձ.ուժ հզորություն: Ենթադրվում է, որ սերիական տարբերակի համար կառաջարկվի նաև նույն հզորությամբ 2,0-լիտրանոց դիզելային ագրեգատ:
Հատկանշական է, որ շարժիչը կարող է աշխատել թե մաքուր էթանոլով, թե 22%-անոց ջրազուրկ էթանոլով (E22): Այն համակցվում է դասական վեցաստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ, որն արդեն իսկ հանդիպում է հարավամերիկյան շուկայում առաջարկվող T-Cross մոդելի վրա:
Հինգ մետր երկարությամբ այս պիքապի առանձնահատկություններից մեկն էլ խցիկի հետևի պատի բացվող ստորին հատվածն է: Այս ֆունկցիան օգտակար կլինի թափքում չտեղավորվող երկար առարկաներ տեղափոխելու ժամանակ: Ավտոմեքենայի ընդհանուր բեռնատարողությունը մոտ մեկ տոննա է: Ինչպես Volkswagen-ի ժամանակակից գրեթե բոլոր մոդելները, Tarok-ը առաջարկվում է սարքավորումների թվային վահանակով և մուլտիմեդիա համակարգի հպումային էկրանով:
Հիշեցնենք, որ գերմանական ընկերությունը վերջին տարում ևս մեկ պիքապ էր ներկայացրել, այն է՝ յոթտեղանի Atlas ամենագնացի հիման վրա կառուցված Tanoak-ը, որը սարքավորվում է 280 ձ.ուժ հզորություն և 361 Նմ ոլորող մոմենտ զարգացնող 3,6-լիտրանոց V6 շարժիչով և առանձնանում է լիաքարշ համակարգով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: