ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հիբրիդային McLaren Speedtail՝ 1050 ձ.ուժ և թափքի ճկուն պանելներ: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
26 Հոկտեմբեր 2018
Բրիտանական McLaren ընկերությունը հրապարակել է մանրամասն տեղեկություններ Speedtail սուպերհիբրիդի վերաբերյալ, որն այս պահին համարվում է ապրանքանշանի պատմության մեջ ամենատեխնոլոգիական և արագ մոդելը: Այն առանձնանում է ամբողջովին կարբոնից պատրաստած թափքով, ակտիվ ալյումինե կախոցով և հակաթևի գործառույթ կատարող պատենտավորված ճկուն էլերոններով:
McLaren Speedtail-ը կառուցված է հատուկ մոդելի համար նախագծված կարբոնային մոնոքոկի շուրջ: Ձգված կաթիլի ձև ստացած թափքը ամբողջությամբ պատրաստված է ածխածնային պլաստիկից: Սուպերհիբրիդը սարքավորված է ակտիվ ալյումինե կախոցով, կարբոնակերամիկական արգելակներով և համալրվում է հատուկ այս մոդելի համար ստեղծված Pirelli P-ZERO անվադողերով: Ավտոմեքենայի երկարությունը 5137 մմ է, իսկ ընդհանուր զանգվածը կազմում է 1430 կգ:
Հիբրիդային ուժային ագրեգատը, որի ընդհանուր հզորությունը կազմում է 1050 ձ.ուժ, թույլ է տալիս McLaren Speedtail-ին 0-ից մինչև 300 կմ/ժ արագությունը զարգացնել ընդամենը 12,8 վայրկյանում: Համեմատության համար նշենք, որ McLaren P1-ը դա անում է 16,5 վայրկյանում: Ավտոմեքենայի համար նախատեսված է առավելագույն արագության Velocity ռեժիմը, որի ժամանակ մեքենայի թափքը իջնում է 35 մմ, իսկ ուժային սարքավորումները սկսում են աշխատել առավելագույն հզորությամբ:
McLaren Speedtail-ի անվակամարներում առաջացող տուրբուլենտ հոսքերը կառավարվում են դռների ստորին հատվածներում առկա օդափոխիչ անցքերով և հետևի կողաթևերի ուղղաձիգ շեղբերով: Շարժիչի սառեցման համար նախատեսված օդը մուտք է գործում երկու օդակլանիչների միջոցով, որոնք տեղադրված են անմիջապես խցիկի ապակյա ծածկի հետևում և բաժանված են ստոպ-ազդանշանով:
Ընդհանրապես McLaren Speedtail-ի թափքում առկա են մի քանի օդանցքներ, որոնք նպաստում են օդի հոսքերի օպտիմալ բաշխմանը: Առջևի անիվները փակված են ֆիքսված աերոդինամիկ ծածկերով: Աերոդինամիկայի արդյունավետության նկատառումներից հիպերկարը զրկվել է դռների բռնակներից, իսկ կողային հայելիների փոխարեն տեղադրված են դռների մեջ հավաքվող տեսախցիկներ: Մոդելի գլխավոր առանձնահատկություններից են հետնամսում տեղադրված ճկուն էլերոնները, որոնք միասնություն են կազմում կարբոնային թափքի հետ՝ շարժական և ֆիքսված մասերի միջև տարածությունը ընդամենը մեկ միլիմետր է:
Բարձր արագությունների դեպքում ճկուն հատվածներըբացվում են՝ մեծացնելով ավտոմեքենայի կայունությունը: Դրանք փոխում են աերոդինամիկ ճնշման կենտրոնը՝ ստեղծելով լրացուցիչ սեղմիչ ուժ և աշխատելով որպես օդային արգելակ:
Հիբրիդի սրահը սարքավորված է ածխածնային պլաստիկից պատրաստված երեք նստատեղով: Դիմապակու վերին հատվածը առանձնանում է ինքնամգեցման ֆունկցիայով: Ընդհանուր լրամշակման մեջ կիրառվում է թաղանթային կարբոն, որի պատրաստման տեխնոլոգիան ստեղծվել է Richard Mille ժամագործական ընկերությունում: Այս նյութը բաղկացած է ածխածնային մանրաթելի գերբարակ շերտերից, որոնք միահյուսված են 45 աստիճան անկյան տակ և մակերևույթի վրա ստեղծում են «հոսող ջրի» պատկեր: Այն օգտագործվել է, մասնավորապես, վերին բարձակի, ենթաղեկային թերթիկների և ղեկի վերդիրների լրամշակման համար:
Թափքի որոշ տարրեր, օրինակ սփլիտերն ու դիֆուզորը պատրաստված են Titanium Deposition Carbon Fibre անվանմամբ նյութից, որն իրենից ներկայացնում է տիտանային ծածկույթով ածխածնային մանրաթել: Լրամշակման մեջ բացի կարբոնից կիրառված է եզակի կաշի, որի արտադրության ժամանակ վերին շերտի տակ օդ է ներփչվում, ինչը ավելի փափուկ և թեթև է դարձնում նյութը: Ընդ որում գնորդը կարող է ինքնուրույն ընտրել դեկորատիվ դարձակարերի ձևն ու գույնը կամ ավելացնել դրոշմատակերներ:
McLaren Speedtail-ը կդառնա ընկերության առաջին մոդելը, որը նախագծվել է զարգացման՝ Track25 ռազմավարական պլանի շրջանակներում: Այդ ծրագրի համաձայն մոտակա յոթ տարիներին ընկերությունը պետք է թողարկի 18 նոր մոդել, ընդ որում դրանք բոլորը պետք է լինեն հիբրիդային: Կնախագծվեն նաև կառավարմանն օժանդակող նոր համակարգեր և գերարտադրողական մարտկոցներ:
Ավտոմեքենայի արժեքն այս պահին չի բարձրաձայնվում, սակայն հայտնի է, որ թողարկված բոլոր 106 օրինակներն արդեն իսկ վաճառվել են:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: