ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չինաստանի Կոմկուսի ղեկավար կարելի է «դառնալ» մեկ միլիոն դոլարով:
12 Հունվար 2018
Չինաստանի կառավարության համար պաշտոնական ավտոմեքենաներ արտադրող Hongji («Կարմիր դրոշ») ընկերությունն առաջին անգամ պատմության ընթացքում իր արտադրանքը հասանելի է դարձնում նաև մասնավոր անձանց:
Մինչ այսօր L5 սեդանը հնարավոր էր ձեռք բերել միայն սահմանափակ թվով պաշտոնյաների հատուկ թույլատվությամբ, քանի որ FAW կոնցերնին պատկանող Hongji ապրանքանիշը ավտոմեքենաներ է արտադրում բացառապես Չինաստանի Կոմունիստական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների համար: Սակայն հաշվի առնելով շուկայի պահանջները՝ ընկերությունը որոշեց նաև L5 սեդանները հանել բաց վաճառքի:
Hongji L5-ը ամենաթանկ չինական ավտոմեքենան է, այն արտարդրվում է սահմանափակ քանակությամբ՝ տարեկան ոչ ավել, քան հարյուր օրինակ և առաջարկվում է մի քանի համալրումներով: Այսպես, օրինակ, ամենահագեցած, տարբերակը սարքավորվում է 6-լիտրանոց V12 բենզինային շարժիչով, ապահովում է 402 ձ.ուժ հզորություն և 550 Նմ ոլորող մոմենտ, առաջարկվում է 6 մլն յուանով, ինչը համարժեք է մեկ միլիոն դոլարի: Համեմատաբար ավելի հասանելի է նոր 4-լիտրանոց տուրբո V6 շարժիչով (375 ձ.ուժ և 530 Նմ) տարբերակը, որը կարելի է ձեռք բերել «ընդամենը» 720 000 ԱՄՆ դոլարով:
Հետաքրքիր է, որ ավելի հզոր տարբերակն առաջարկվում է վեցաստիճան ավտոմատ փոխանցումատուփով, իսկ բազայինը՝ ութաստիճան ավտոմատով: Բնականաբար այս ավտոմեքենաները աչքի չեն ընկնում ոչ վառելիքի խնայողությամբ, ոչ էլ բնապահպանական որակներով, ինչը որոշակի առումով հակասում է բոլորվին վերջերս Չինաստանում ընդունված կայուն զարգացման ծրագրի գլխավոր դրույթներին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: