ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է ամենահզոր սերիական BMW մոդելը:
27 Հունվար 2021
Գերմանական BMW ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր M5 մոդելի հատուկ տարբերակը՝ CS վերտառմամբ: Սահմանափակ քանակությամբ թողարկվող էքսկլյուզիվ մոդելը վաճառքի կհանվի Գերմանիայում արդեն ընթացիկ տարվա գարնանը: Ավտոմեքենայի արժեքը կսկսվի 180 400 եվրոյից:
Նոր BMW M5 CS-ը սարքավորվում է 4,4 լիտր ծավալով V8 բենզինային շարժիչով, որը զարգացնում է 635 ձ.ուժ հզորություն և 750 Նմ ոլորող մոմենտ: Այսպիսով, շարժիչի հզորությունը թոփային M5 Competition մոդելի համեմատ աճել է 10 ձ.ուժ-ով, ինչի շնորհիվ նոր մոդելը կարելի է համարել այսօրվա դրությամբ ամենահզոր սերիական BMW ավտոմեքենան: Ուժային ագրեգատը համակցվում է ավանդական 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը սեդանը զարգացնում է ուղիղ երեք վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը սահմանափաված է 305 կմ/ժ ցուցանիշով:
Կարբոնի և ամրացված պլաստիկի կիրառման շնորհիվ հնարավոր է դարձել մոտ 70 կիլոգրամով նվազեցնել ավտոմեքենայի զանգվածը: Մասնավորապես նման նյութեր են կիրառվել օդափոխվող կապոտի, առջևի սփլիթերի, արտաքին հայելիների, ինչպես նաև հետևի սփոյլերի և դիֆուզորի արտադրության ընթացքում: Բացի այդ, M5 CS-ը սարքավորված է սպորտային արտանետման համակարգով՝ չժանգոտող պողպատից պատրաստված չորս խողովակներով: Ածխակերամիկական արգելակների ենթակիրները որպես ստանդարտ ներկված են կարմիրով, իսկ որպես օպցիա հասանելի է նաև ոսկեգույն ներկվածքը:
Ինչպես և կարելի էր ակնկալել, նոր BMW M5 CS-ը առանձնանում է սև ռադիատորի ճաղավանդակի բրոնզագույն շրջանակով, ինչպես նաև առջևի L-աձև դեղին գույնի լազերային օտպիկայով, որը հիշեցնում է M8 Gran Coupe մոդելի լուծումը: Ավտոմեքենան առաջարկվում է բրոնզագույն 20-դյույմանոց կոփած անվասկավառակներով: Թափքի հիմնական գույնը ֆիրմային Brands Hatch Grey գորշ տարբերակն է: Բացի այդ, հատուկ մոդիֆիկացիայի համար հասանելի կլինեն էքսկլյուզիվ փայլատ Frozen Brands Hatch Grey և Frozen Deep Green երանգները:
Սրահում ուշադրություն են գրավում առջևի M Carbon սպորտային նստատեղերը, որոնք պաստառապատված են սև Merino կաշվով՝ կարմիր կոնտրաստային ներդիրներով, և առանձնանում են գլխակալների վրա դաջված Նյուրբուրգրինգ մրցուղու սխեմատիկ պատկերով: BMW M5 CS-ի ղեկանիվը պաստառապատված է ալկանտարայով, սպորտայն ամրագոտիները առանձնանում են մրցավազքային շեշտադրումներով, իսկ սարքավորումների վահանակին լուսավորվում է CS տարբերանշանը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: