ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Mercedes-Benz EQA էլեկտրական քրոսովերը
21 Հունվար 2021
Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է ևս մեկ էլեկտրական քրոսովեր՝ EQA անվանումով: Գերմանիայում, որտեղ մոդելը վաճառքի կհանվի արդեն մոտակա գարնանը, այն հաճախորդներին հասանելի կլինի՝ սկսած 47 540 եվրոյից: Բացի EQA-ից Mercedes-Benz-ը ընթացիկ տարում կներկայացնի նաև EQS սեդանը, որը կդառնա մակնիշի ամենաթանկ էլեկտրական մոդելը:
Արտաքին չափսերով և նույնիսկ տեսքով EQA-ը զգալիորեն մոտ է GLA-ին: Դրա երկարությունը 4463 միլիմետր է, բարձրությունը՝ 1620 մմ, իսկ լայնությունն ու անվային բազան համապատասխանաբար կազմում են 1834 մմ և 2729 մմ: Էլեկտրական քրոսովերի աերոդինամիկ դիմադրության գործակիցը 0,28 է, ճիշտ այնքան, որքան GLA-ինը:
Այս պահին հասանելի է միայն EQA 250 մոդիֆիկացիան, որը սարքավորվում է 190 ձ.ուժ (140 կՎտ) հզորությամբ էլեկտրական շարժիչով և 66,5 կՎտժ տարողունակությամբ մարտկոցով: WLTP ցիկլում այն կարող է ապահովել 426 կմ, իսկ NEDC ցիկլում՝ 486 կմ ընթացքի պաշար: Այս ուժային ագրեգատով քրոսովերը 0-100 կմ/ժ արագությունը զարգացնում է 8,9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 160 կմ/ժ ցուցանիշով: Մարտկոցի լիցքի 10-ից 80 տոկոսը կարելի է կուտակել ընդամենը կես ժամում՝ եթե միանաք արագ լիցքավորման կայանին: Փոփոխական հոսանքի՝ 11 կՎտ հզորությամբ սարքից լիցքավորելու դեպքում դա կպահանջի 5 ժամ 45 րոպե:
Սարքավորումների ցանկը ներառում է գլխի և ծնկների համար նախատեսված բարձիկներ, անվտանգության վարագույնրեր, լուսադիոդային ադապտիվ օպտիկա, շարքի պահպանման համակարգ և արտակարգ արգելակման ֆունկցիա, ինչպես նաև 18-դյույմանոց անվասկավառակներ:
Ինտերիերը գրեթե նույնությամբ փոխառած է GLA մոդելից, բացառությամբ լրամշակման մի քանի տարրերից և մուլտիմեդիա համակարգի մենյուից ու նավիգացիայի գրաֆիկական լուծումների: Կախված համալրումից՝ էկրանի չափսը կարող է տատանվել 7-ից մինչև 10,25 դյույմ: Նախատեսված է նաև մթնոլորտային լուսավորթյունը և սպորտային ոճի մուլտիղեկ: Հավելավճարի դիմաց հաճախորդը կարող է ձեռք բերել նաև համայնապատկերային տանիք և օդափոխման դեֆլեկտորների՝ վարդագույն ոսկի հիշեցնող դեկորատիվ տարրեր:
Բացի այս Mercedes-Benz-ն արդեն հաստատել է EQA-ի երկշարժիչանի մոդիֆիկացիայի, որը կառանձնանա 272 ձ.ուժ հզորությամբ, ինչպես նաև WLTP ցիկլում մինչև 500 կմ ընթացքի պաշար ապահովող տարբերակի թողարկումը: Ճիշտ է՝ դեռևս խոսք չի գնում այն մասին, թե երբ դրանք կհանվեն շուկա:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: