ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացված է եռաշարք Jeep Grand Cherokee L մոդելը:
06 Հունվար 2021
Ամերիկյան Jeep ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նորացված Jeep Grand Cherokee L ամենագնացը: Այն առաջարկում է նստատեղերի երրորդ շարք և նորարարական տեխնոլոգիաների հարուստ հավաքածու: Ընկերությունը դեռևս չի բացահայտում եռաշարք Grand Cherokee-ի արժեքը, սակայն ակնկալվում է, որ այն մի փոքր ավելի թանկ կլինի, քան ներկայիս ստանդարտ տարբերակը, որը հասանելի է սկսած 37 765 դոլարից:
Դիզայներները ձգտել են պահպանել պաշտամունքային ամենագնացին բնորոշ լուծումները: Ավտոմեքենայի առաջնամասը ոգեշնչված է Grand Wagoneer մոդելի արտաքինով և առանձնանում է դեպի ներքև ձգվող ավելի մեծ կապոտով, յոթ ուղղաձիգ գծերից բաղկացած ռադիատորի ճաղավանդակով և հորիզոնական լուսարձակների մեջ ներկառուցած բարակ լուսադիոդային ժապավեններով:
Հաշվի առնելով երրորդ շարքի առկայությունը՝ մոդելը զգալիորեն գերազանցում է սովորական մոդիֆիակացիան իր արտաքին չափսերով: Այդպես, մեքենայի անվային բազան հասնում է 3091 մմ, իսկ ընդհանուր երկարությունը 5204 միլիմետր է: Համեմատության համար, սովորական Cherokee-ի անվային բազան 2915 միլիմետր է, իսկ երկարությունը՝ 4820 մմ:
Ինտերիերի փոփոխությունները շատ ավելի նկատելի են: Այստեղ ավելացել է սարքավորումների նոր վահանակը, մուլտիմեդիա համակարգը իր հերթին առաջարկվում է կամ 8,4 դյույմանոց սենսորային էկրանով, կամ էլ 10,1-դյույմանոց լրացուցիչ դիսփլեյով: Լրամշակման համար օգտագործվել են ավելի արժեքավոր նյութեր, այդ թվում կաշի, փայտ և մետաղ: Որոշ համալրումների համար հասանելի են օդափոխվող և 16 հարաչափով էլեկտրակարգավորվող նստատեղերը, որոնք առաջարկում են նաև մերսման և կարգավորման հիշողության ֆունկցիաներ:
Շարժիչների գամման էականորեն չի փոխվել: Մոդելի կապոտի տակ տեղադրված է նախորդ սերնդից ծանոթ 3,6-լիտրանոց V6 շարժիչը, որը զարգացնում է 290 ձ.ուժ հզորություն: Սակայն ցանկության դեպքում կարելի է պատվիրել նաև 5,7-լիտրանոց Hemi V8 ագրեգատը, որը կապահովի 357 ձ.ուժ հզորություն: Երկու շարժիչներն էլ համակցվում են միևնույն 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Որպես ստանդարտ մեքենան առաջարկվում է հետևի քարշակմամբ, սակայն օպցիոնալ հասանելի է նաև լիաքարշ տարբերակը:
Ավտոմեքենայի սարքավորումների ցանկը բավական տպավորիչ է: Որպես ստանդարտ այն ներառում է բարձր արագությունների դեպքում բախումների կանխարգելման և վթարային արգելակման համակարգ, խաչմերուկների հայտնաբերման ֆունկցիա, շարժման շարքի պահպանման ֆունկցիա և մի շարք այլ առաջադեմ լուծումներ: Ավելի թանկ համալրումներում հաճախորդներին հասանելի կլինեն երկրորդ մակարդակի ինքնավար համակարգը, գիշերային տեսանելիության համակարգը, 360 աստիճան տեսադաշտով տեսախցիկների համակարգը, ինչպես նաև վարորդի հոգնածության աստիճանի որոշման ֆունկցիան:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: