ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էլեկտրական MINI-ն կունենա «թեժ» տարբերակ: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
28 Դեկտեմբեր 2020
Բրիտանական MINI ընկերությունը թողարկման է պատրաստում էլեկտրական MINI Cooper SE հեչբեքի «լիցքավորված» տարբերակը՝ John Cooper Works վերտառմամբ: Ավելի հզոր ուժային ագրեգատով սարքավորված մոդելը վերջին փորձարկումներն է անցնում հանրահայտ Նյուրբուրգրինգի մրցուղում:
Վառ կամուֆլաժ ներկվածքով առանձնացող նախատիպը ստացել է ռադիատորի ճաղավանդակը քողարկող մեծ փականախուփ և առջևի ավելի ագրեսիվ թափարգել: Հետևի մեծ հակաթևը փոխառնված է John Cooper Works GP մոդելից, որի նոր սերունդը ևս հանդես կգա արդեն որպես էլեկտրական ավտոմեքենա:
Կարելի է ենթադրել, որ մեքենան կսարքավորվի Cooper SE-ի համար նախատեսված ագրեգատով, որը, սակայն, էականորեն կհզորացվի: Նախորդ տարի ամռանը ներկայացված ստանդարտ հեչբեքը սարքավորվում է 184 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով, որը սնվում է 32,6 կՎտժ տարողունակութամբ լիթիում-իոնային մարտկոցների բլոկից: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը էլեկտրական MINI-ն զարգացնում է 7,3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 150 կմ/ժ ցուցանիշով:
Այսօրվա դրությամբ էլեկտրական MINI Cooper SE և հիբրիդային MINI Cooper SE Countryman մոդելները ապահովում էեն բրիտանական մակնիշի վաճառքների 10 տոկոսը: Ընկերությունը նախատեսում է հետզհետե ընդլայնել ամբողջությամբ էլեկտրական մոդելների ցանկը: Ըստ MINI-ի նախագահ Բերնդ Քյորբերի, ի վերջո մակնիշը կդառնա ամբողջովին էլեկտրականացված, սակայն ներկայումս դեռևս նպատակահարմար չէ ամբողջությամբ հրաժարվել ներքին այրման շարժիչներից:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: