Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանյան «ՍԲԵՐ» Խումբը սկսել է ինքնավար մեքենաների փորձարկումը:
22 Դեկտեմբեր 2020

Ռուսական «Սբեր» խումբը Մոսկվայի փողոցներ է հանել ինքանավար մեքենաների առաջին խմբաքանակը, որտեղ դրանք կփորձարկվեն բարձր խոնավության, բացասական ջերմաստիճանների, վատ տեսանելիոթյան և գերծանրաբեռնված երթևեկության պայմաններում: Այս պահին փորձարկումներին մասնակցում է մի քանի ավտոմեքենա, իսկ մինչև 2020 թվականի ավարտը դրանց թիվը կհասցվի 10-ի: 



Ինքնավար տրանսպորտային միջոցների նախագծմամբ զբաղվում է Խմբի մաս կազմող «ՍբերԱվտոՏեխ» ստորաբաժանումը, որը հիմնադրվել է 2020 թվականի գարնանը: Անցած յոթ ամիսների ընթացքում ընկերությունը իրականացրել է հետազոտական և կոնստրուկտորական աշխատանքների մի քանի ցիկլ, որի արդյունքում թողարկել է սեփական ինքնավար մոդելներ և թույլատրություն ստացել՝ դրանք փորձարկել ընդհանուր նշանակության ճանապարհներին: 



Բոլոր ավտոմեքենաները սարքավորված են սեփական նախագծման բորտհամակարգիչով և շրջակա միջավայրը անընդհատ սկանավորող և դրա եռաչափ պատկեր ստեղծող նորագույն լիդարային տեխնոլոգիաներով: Ընթացիկ օրենսդրության պահանջներին համապատասխան, յուրաքանչյուր ինքնավար ավտոմեքենայում այնուամենայնիվ տեղ կզբաղեցնի նաև փորձառու վարորդ, որը անհրաժեշտության դեպքում կմիջամտի ինքնավար համակարգերի աշխատանքին: 



Մեքենաները ստեղծվել են Kia Ceed ունիվերսալի հիման վրա: Դրանք կարելի է ճանաչել թափքի համապատասխան ձևավորումից, ինչպես նաև հետևի դռան վրա փակցված «А» նշանով, որը մատնանշում է, որ մեքենան տեղաշարժվում է ինքնավար ռեժիմում:



Ակնկալվում է, որ «Սբեր» խմբի ինքնավար մեքենաները կմրցակցեն «Յանդեքսի» արդեն իսկ հայտնի մեքենաների հետ, որոնց վրա աշխատանքը սկսվել է դեռևս 2016 թվականից: Նշենք, որ այսօրվա դրությամբ  «Յանդեքսի» պարկում ընդգրկված է 130 ինքնավար ավտոմեքենա, որոնք գործարկվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսրայելի ճանապարհներին: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio