ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չինական Voyah Free ամենագնացը մարտահրավեր է նետում հզորներին:
21 Դեկտեմբեր 2020
Չինական Dongfeng կոնցերնը ներկայացրել է 680 ձ.ուժ հզորությամբ Voyah Free էլեկտրական քրոսովերը: Բացի հզորությունից մոդելը աչքի է ընկնում Italdesign աթելիեյի մշակած արտաքինով, մինչև 860 կմ ընթացքի պաշարով, ինչպես նաև նման մեքենայի համար մատչելի արժեքով՝ 400 000 յուան (61 000 ԱՄՆ դոլար), ինչը գրեթե երկու անգամ պակաս է, քան Չինաստանում մեծ պահանջարկ վայելող նույն կարգի BMW X5 մոդելի գինը: Մեքենան վաճառքի կհանվի եկող տարվա երրորդ եռամսյակում:
Voyah Free-ն Պեկինի ավտոսրահում դեռևս սեպտեմբերին ներկայացված i-Free կոնցեպտի սերիական մարմնավորումն է: Մոդելի հիմքում ընկած է նոր ESSA (Electric Smart Secure Architecture) սքեյթբորդ հենահարթակը՝ առջևի երկլծականի և հետևի բազմալծակ կախոցներով ու սռնիների միջև տեղադրված քարշային մարտկոցով:
Արտաքին չափսերով նոր քրոսովերը համեմատելի է ընթացիկ սերնդի BMW X5-ի հետ: Դրա երկարությունը, լայնությունն ու բարձրությունը համապատսխանաբար կազմում են 4905, 1950 և 1690 միլիմետր, իսկ անվային բազան 2955 միլիմետր է: Համամասնությունների տեսակետից էլեկտրական այս մոդելը հետ չի մնում ներքին այրման շարժիչով իր մրցակիցներից: Italdesign-ի մասնագետները պահպանել են ընդգծված երկար կապոտն ու թափքի ունիվերսալ կառուցվածքը, միևնույն ժամանակ ապահովելով աերոդինամիկ դիմադրության բավական տպավորիչ ցուցանիշ՝ Cx = 0,28 (համեմաության համար, BMW X5 G05 մոդիֆիկացիայի այդ ցուցանիշը հավասար է 0,31):
Voyah Free-ն առանձնանում է ժամանակակից լակոնիկ էքստերիերով: Այս պահի դրությամբ Dongfeng-ը հրապարակել է երկշարժիչային լիաքարշ մոդիֆիակացիայի բնութագրերը, որը զարգացնում է 680 ձ.ուժ հզորություն և 1000 Նմ ոլորող մոմենտ: Մեքենայի բարձված զանգվածը հայտնի չէ, սակայն ըստ երևույթին չինական քրոսովերը բավական ծանր է, քանի որ նման հզորության պարագայում տեղից 100 կմ/ժ արագոթյունը այն զարգացնում է 4,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը չի գերազանցում 200 կմ/ժ-ը: Ավտոմեքենան աչքի է ընկնում ընթացքի մեծ պաշարով: Բազային տարբերակը մեկ լիցքավորումով կարող է հաղթահարել մինչև 500 կիլոմետր NEDC ցիկլում, իսկ հաջորդական-հիբրիդային մոդիֆիկացիան, որը սարքավորված կլինի նաև 109 ձ.ուժ հզորությամբ 1.5-լիտրանոց բենզինային շարժիչով, կարող է հաղթահարել մինչև 860 կիլոմետր:
Voyah ապրանքանիշը դասվում է պրեմիում կարգին, այնպես որ Free քրոսովերին բաժին է ընկել հարուստ համալրում: Ստանդարտ համալրման մաս են կազմում պնևմատիկ կախոցը, ադապտիվ քրուիզ-կոնտրոլը, քառագոտի կլիմատ-կոնտրոլը, առջևի բազմակոնտուր նստատեղերը, որոնք առաջարկում են էլեկտրակառավարում, օդափոխում, տաքացում և մերսման ֆունկցիա: Սրահը նախատեսված է հինգ մեծահասակի համար, իսկ վարորդի և առջևի ուղևորի նստատեղերը բաժանում է բարձր «ճախրող» թունելը: Առջևի վահանակի վրա առկա են մեկ ապակու տակ միավորված երեք էկրաններ, իսկ տեղեկատվական-ժամանցային համակարգը կարող է ճանաչել թե ժեստեր, թե ձայնային հրահանգներ: Մեքենան առաջարկում է նաև Face ID տեխնոլոգիա, իսկ ծրագրային ապահովման թարմացումները կարողեն կատարվել «օդով»: Ըստ Dongfeng-ի, սերիական Voyah Free-ն կստանա վարորդին օժանդակող քսան համակարգ, «խելացի» նավիգացիա, գիշերային տեսանելիության ակտիվ տեխնոլոգիա և բազում այլ ժամանակակից լուծումներ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: