ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է 1842 ձ.ուժ հզորությամբ Hennessey Venom F5 հիպերկարը:
17 Դեկտեմբեր 2020
Ամերիկյան Hennessey Performance Engineering աթելիեյի Hennessey Special Vehicles ստորաբաժանումը ներկայացրել է Venom F5 հիպերկարը, որը կոչված է մարտահրավեր նետել Bugatti Chiron և Koenigsegg Jesko մոդելենրին: Նորույթը կթողարկվի ընդամենը 24 օրինակով և կարժենա 2,1 միլիոն ԱՄՆ դոլար: Առաջին ավտոմեքենաները պատվիրտուներին կհանձնվեն 2021 թվականին:
Իր անվանումը Venom F5-ը ստացել է Ֆուձիտայի սանդղակի, կամ F-սանդղակի համաձայն ամենաուժեղ տորնադոյի պատվին: F5 դասին են պատկանում ամենաուժեղ պտտահողմերը, որոնց արագությունը գերազանցում է 419 կմ/ժ: Ներկայացված մոդելը էլ ավելի արագ է և կարող է սլանալ 512 կմ/ժ արագությամբ:
Venom F5-ը սարքավորված է 6,6 լիտր ծավալով երկտուրբո բենզինային V8 շարժիչով, որն առանձնանում է գնդիկային առանցքակալներով և 3D-տպիչի օգնությամբ պատրաստված մղիչների կորպուսներով: Այն զարգացնում է 1842 ձ.ուժ հզորություն և 1617 Նմ ոլորող մոմենտ: Աթելիեյի մասնագետները վստահեցնում են, որ սա սերիական ավտոմեքենայի վրա երբևէ տեղադրված ամենահզոր շարժիչն է: Համեմատության համար նշենք, որ Bugatti Chiron Super Sport 300+ մոդելը համալրվում է 8,0-լիտրանոց W16 շարժիչով, որը զարգացնում է 1600 ձ.ուժ և 1600 Նմ, իսկ Koenigsegg Jesko-ի 5,0-լիտրանոց V8 ագրեգատը ապահովում է 1600 ձ.ուժ և 1526 Նմ:
Venom F5-ը առանձնանում է ընթացային ռեժիմների լայն ընտրանիով, որը ներառում է հինգ տարբերակ՝ Sport, Track, Drag, Wet և F5, ընդ որում շարժիչի առավելագույն հզորությունը հասանելի կլինի միմիայն վերջին ռեժիմում: Շարժիչը համակցվում է յոթաստիճան ռոբոտացված փոխանցումատուփի հետ: Առաջին «հարյուրյակը» Venom F5-ը զարգացնում է երեք վայրկյանից էլ պակաս ժամանակում, 0-ից 200 կմ/ժ արագացումը պահանջում է 4,7 վայրկյան, մինչև 300 կմ/ժ արագանալու համար անհրաժեշտ կլինի 8,4 վայրկյան, իսկ 400 կմ/ժ արագությանը հասնելը հնարավոր է 15,5 վայրկյանում:
Հետևի քարշակմամբ այս կուպեի հիմքում ընկած է ընդամենը 86 կգ զանգվածով կարբոնային մոնոկոկը, իսկ ավտոմեքենայի ընդհանուր քաշը կազմում է 1360 կիլոգրամ, ինչը, ըստ արտադրողի, ապահովում է հզորության և զանգվածի առավել արդյունավետ հարաբերակցությունը սերիական ավտոմեքենայի համար: Ինչ վերաբերում է Venom F5-ի աերոդինամիկային, ապա Hennessey-ն այն անվանում է «կատարյալ»: Կուպեն ունի օդափոխվող կապոտ, կողային հատվածներում նկատելի են զանվածեղ օդակլանիչները, իսկ առջևում գերիշխող դիրք է զբաղեցնում սփլիթերը:
Ինտերիերի լրամշակման համար օգտագործվել է միմիայն բնական կաշի և ածխածնային պլաստիկ, որից պատրաստված են, օրինակ, նստատեղերի հիմքերը և ավիացիոն ոճով իրականացված բազմաֆունկցիոնալ ղեկը: Հարմարավետության ֆունկցիաներից Venom F5-ը առաջարկում է Alpine մոլտիմեդիա համակարգ՝ 9-դյույմանոց էկրանով, որն ապահովում է Android Auto և Apple CarPlay ծրագրերի հասանելիություն: Վարորդին օգնում է սարքավորումների 7-դյույմանոց վահանակը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: