Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍՈՒԶՈՒԿԱՅԻ ԲՈՍՈՐԱԳՈՒՅՆ ԳԵՏԵՐԸ
06 Հոկտեմբեր 2014

Երևի շատերն արդեն սովորել են Ֆորմուլա 1-ի այս տարվա առաջնության մրցափուլերի մասին պատմող մեր համառոտ հաշվետվությունների ձևաչափին: Բայց այն, ինչ տեղի ունեցավ անցած կիրակի Սուզուկայում, ստիպեց ինձ մի փոքր այլ կտրվածքով նայել 2014թ. Ճապոնիայի Գրան-Պրիին, որն այս անգամ անցավ Սուզուկա մրցուղում:




Վերջին տարիներին հաճախ կարելի է լսել այն կարծիքը՝ թե  ներկայիս Ֆորմուլա1-ն ավելի շատ շոու է, քան իրական պայքար: Իրոք, որոշ մրցուղիներում կատարվելիքը դժվար է համեմատել ժամանակին տեղի ունեցած լավագույն Գրան-Պրիների հետ: Սա առավել վերաբերում է այսպես կոչված "տիլկադրոմներին”, որոնք նախագծվում են հանրահայտ Գերման Տիլկեի ճարտարապետական բյուրոյի կողմից և կառուցվում նոր զարգացող շուկաներում: Մինչ դեռ օրացույցում դեռևս մնացել են մի քանի "հին” մրցուղիներ, որտեղ մինչ օրս զգացվում է հին ու բարի Ֆորմուլա 1-ի շունչը: Դրանց թվում են Մոնակոն, Սիլվերսթոունը, Մոնցան, Մոնրեալը և իհարկե՝ Սուզուկան: Շատ մրցարշավորդներ հենց այս ճապոնական մրցուղին են համարում լավագույնը առաջնության օրացույցի մեջ:




Իրոք այն ունի այն ամենն, ինչ գրավում է ավտոսպորտի թագուհու սիրահարներին. արագ շրջադարձեր, երկար ուղիղներ, բացառիկ կառուցվածք, երբ մրցուղին հատում է ինքն իրեն և ամենակարևորը՝ տասնյակ տարիների պատմություն:




Ստաժավոր երկրպագուները դեռևս հիշում են այսպես կոչված "ոսկե դարաշրջանը”, երբ մրցուղի դուրս եկած պիլոտներն ամեն անգամ բառացիորեն կյանքի ու մահու պայքար էին մղում: 1994թ. Իմոլայի Գրան-Պրին բեկումնային եղավ մրցարշավորևդների անվտանգության հանդեպ FIA-ի և առաջնության կազմակերպիչների կողմից ցուցադրվող ուշադրության մակարդակի առումով: Ռոլանդ Ռատցենբերգերի և Այրթոն Սեննայի ողբերգական մահերը մեկ ուիք-էնդի ընթացքում ստիպեցին նորովի գնահատել և արժեքավորել մարզիկների առողջությունն ու կյանքը: Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան և Բերնի Էքլսթոունը լուրջ քայլեր ձեռնարկեցին մրցուղիների վերակառուցման և առաջնության տեխնիկական կանոնադրության մեջ համապատասխան փոփոխույուններ մտցնելու համար: Մի քանի տարում, կարծես, հաջողվեց հասնել անվտանգության այն մակարդակին, որը մենք տեսնում ենք վերջին տարիներին: Այս ընթացքում, բնականաբար, եղել են զանզան միջադեպեր, որոնցում մարզիկները հայտնվել են որոշակի վտանգավոր իրավիճակներում, ստացել են վնասվածքներ: Սակայն կարելի է միանշանակ պնդել, որ հենց ձեռնարկված քայլերի և միջոցների շնորհիվ դրանք լուրջ սպառնալիք չեն ներկայացրել մարզիկների կյանքին: Նույնիսկ Ֆելիպե Մասսայի ծանր վնասվածքը, որը նա ստացավ Հունգարիայի Գրան-Պրիներից մեկի ժամանակ, երբ առջևից ընթացքող մեքենայից պոկված զսպանակը մխրճվեց բրազիլացու սաղավարտի մեջ՝ վնասելով գլխուղեղը, կարելիէ դիտարկել՝ որպես բարձրակարգ անվտանգության ապացույց: Ընդամենը մի քանի տարի առաջ նման վնասվածքը անխուսափելիորեն կզրկեր մարզիկին կյանքից: Իսկ Մասսան այսօր բարեբախտաբար ոչ միայն առողջ է, այլև շարունակում է բավական բարձր մակարդակի ելույթները:




Մինչև հերթական Գրան-Պրին արդեն իսկ հայտնի էր, որ դրա անցկացման օրերին Միե նահանգը, որտեղ տեղակայված է Սուզուկա մրզուղին կհայտնվի հզոր թայֆունի ազդեցության գոտում: Եվ արդեն այդ ժամանակ ձայներ էին լսվում՝ մրցափուլի տեղափոխման, կամ ընդհանրապես չանցկացնելու վերաբերյալ: Սակայն որոշում ընդունվեց՝ գործել ըստ իրավիճակի: Ազատ մրցելույթներն ու որակավորման փուլը հույս ներշնչեցին, որ ամեն ինչ կարող է հարթ ընթանալ: Կիրակի պարզ դարձավ, որ եղանակն իրոք անբարենպաստ է: Սակայն 150.000 ճապոնացի երկրպագուներ հավաքվել էին մրցուղում՝ դիտելու մրցավազքը և այն այլևս անհնար էր տեղափոխել: Բացառությամբ մի քնաի առաջին շրջանի, որոնք անցան անվտանգության մեքենայի ռեժիմի ներքո, մնացած հատվածը հույս էր ներշնչում, որ կազմակերիչների որոշումը այնուամենայնիվ ճիշտ էր: Ուրախալի էր, որ նման ծանր եղանակային պայմաններում ընդամենը մեկ մեքենա էր դուրս մնացել պայքարից, այն էլ տեխնիկական պատճառներով, որոնք չէին առնչվում տեղացող անձրևին: Խոսքը Ֆերնանդո Ալոնսոյի Ferrari-ի մասին է: Պիլոտները բարեհաջող ավարտեցին 40-րդ շրջանը, որը նշանավորեց մրցուղու ընդհանուր երկարության 75%-ը, ինչը նշանակում է, որ նույնիսկ մրցավազքի դադարեցումից հետո մարզիկները ստանում են ամբողջական միավորներ:  Եվ այստեղ իր չար կատակը խաղած եղանակը: Մի պահ մեղմացած անձրևը վերսկվեց ավելի ուժգին: Մինչ որոշ պիլոտներ ակտիվորեն հորդորում էին դադարեցնել մրցավազքը՝ առաջին հերթին խիստ անբավարար տեսանելիության պատճառով, Ադրիան Սութիլը կորցրեց մեքենան շրջադարձերից մեկում: Գերմանացին բարեհաջող, առանց որևէ վնասվածքի դուրս եկավ իր ջարդված Sauber-ից, ճապոնացի կազմակերպիչները արագորեն տեղ հասցրին էվակուացիոն տրակտորը, ինչպես նաև, ըստ ընդունված կանոնակարգի, այդ հատվածում կախվեցին կրկնակի դեղին դրոշներ՝ որպես բարձր վտանգի նախազգուշացում: Սովորական միջադեպ, որը սակայն մի քանի շրջան անց վերածվեց իսկական ողբերգության: Այն պահին, երբ տրակտորը արդեն իսկ բարձրացրել էր Սութիլի մեքենան և պատրաստվում էր հեռանալ այդ հատվածից, կորցնելով մեքենայի կառավարումը, շուրջ 200 կմ/ժ արագությամբ տրակտորին բախվեց Ժյուլ Բյանկիի Marussia-ն:  Այս ամենն այնքան արագ տեղի ունեցավ, որ գրեթե երկու շրջան պահանջվեց մրցավազքի տնօրինությունից՝ կատարվածի ողջ լրջությունը հասկանալու համար: Մրցուղում անմիջապես հայտվեցին անվտանգության և բուժծառայության մեքենենարը: Երկու շրջան անց մրցավզքը դադարեցվեց և արդյունքները արձանագրվեցին 44-րդ շրջանի դրությամբ: Սակայն Mercedes-ի հերթական կրկնակի հաջողությունն ու Red Bull-ի վստահ ելույթը խամրեցին քսանհինգամյա ֆրանսիացու հետ կատարված ողբերգության ֆոնին: Սա որևէ պիլոտի կողմից ստացված թերևս ամենածանր վնասվածքն է վերջին քսան տարիների ընթացքում: Ներկայումս բժիշկները պայքարում են Բյանկիի կյանքի համար, սակայն արդեն իսկ բազում հարցեր են ծագում մրցափուլերի անցկացման կանոնակարգի վերաբերյալ:




Հասկանալի է, որ այս վթարը պարզապես մի քանի անբարենպաստ հանգամանքների պատահական համընկնման արդյունք է: Սակայն նույնիսկ այս պարագայում հնարավոր էր կանխել այն, եթե անվտանգության մեքենան մրցուղում հայտնվեր անմիջապես Սութիլի վթարից հետո: Կազմակերպիչները գործել են ճիշտ կանոնակարգի համաձայն՝ դեղին դրոշներ կախելով առանձին վերցրած շրջադարձում: Մինչ դեռ այլ սերիաներում, օրինակ՝ ամերիկյան մրցարշավներում, անվտանգության մեքենան մրցուղի է դուրս գալիս անմիջապես յուրաքանչյուր պատահարի դեպքում, ինչը թույլ է տալիս խուսափել էլ ավելի ծանր հետևանքներից: Ցավոք, երեկ մենք ականատես եղանք մեկ այլ պատկերի: Բյանկիի կյանքը վտանգված է, իսկ մարզական կարյերան շարուանկելու մասին դեռևս նույնիսկ խոսք չի կարող լինել, քանի դեռ պարզ չէ պիլոտի ճակատագիրը: Մինչ դեռ շատերի կարծիքով նա լավ հնարավորություններ ուներ՝ 2015թ. անցկացնել Ferrari-ի կազմում՝ փոխարինելով Ալոնսո-Ռայկկոնեն զույգից որևէ մեկին:




Ցավալի է, որ առաջընթացի համար հաճախ ստիպված ես այդքան բարձր գին վճարել: Հուսով ենք, որ Բյանկին բժիշկների և հարազատների օգնությամբ կկարողանա հաղթահարել այս փորձությունը և միանում ենք Ֆորմուլա 1-ի ողջ համայնքի մաղթանքներին: #‎ForzaJules ‪#‎PrayForJules



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio