ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Porsche 911 մոդելի առավել սպորտային տարբերակը:
14 Դեկտեմբեր 2020
Գերմանական Porsche ընկերությունը ներկայացրել է «գավաթային» 911 GT3 Cup մոդելը, որը ըստ էության հանդիսանում է նոր 911 մոդելի առավել սպորտային տարբերակը: Կուպեն նախատեսված է Porsche Mobil 1 գավաթային մրցաշարերին և թափքային դասի ազգային առաջնություններին մասնակցելու համար: Ներկայումս Porsche 911 GT3 Cup-ի մուտքը ընդհանուր օգտագործման ճաապարհներին արգելված է:
Նոր Porsche 911 GT3 Cup-ի թափքը հիմնված է ոչ թե սերիական 911-ի, այլ Turbo մոդիֆիկացիայի լուծման վրա, ինչի հետևանքով բոլիդի գաբարիտային լայնությունը աճել է միանգամից 28 միլիմետրով: Արտաքին չափսերի մեծացմանը հակառակ, ավտոմեքենայի բարձված զանգվածը չի գերազանցում 1260 կիլոգրամը: Միևնույն ժամանակ որոշ լուծումներ, ինչպիսին է օրինակ երկու լայնակի լծակներով առջևի կախոցը, փոխառվել են 911 RSR մոդիֆիկացիայից, չնայած աերոդինամիկայի տեսանկյունից նորույթը մոտ է դեռևս վաճառքի չհանված 911 (992) GT3 տարբերակին: Porsche-ի գնահատմամբ նոր մոդելը մեկ տոկոսով ավելի արագ է, ինչը նշանակում է, որ կախված մրցուղուց, ժամանակային բարելավումը կկազմի 0,5-ից մինչև մեկ վայրկյան ամեն շրջանի հաշվարկով:
Նոր 911 GT3 Cup-ի կապոտի տակ տեղադրված է 4 լիտր ծավալով մթնոլորտային պոզիտային վեցգլանանի բենզինային շարժիչ: Ագրեգատի հզորությունը հասցվել է 510 ձիաուժի, իսկ արտադրողականությունը կազմում է 470 Նմ: Հատկանշական է, որ պիկային հզորությունը հասանելի է դառնում ոչ միայն սովորական մրցարշավային բենզինի, այլև հատուկ սինտետիկ վառելիքի կիրառման դեպքում: Քարշուժը հաղորդվում է հետևի սռնիին 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփի միջոցով, որն առանձնանում է եռասկավառակային կցորդմամբ: Փոխանցումների կառավարումը կատարվում է ենթաղեկային թերթիկների օգնությամբ: Porsche-ի մասնագետները երաշխավորում են, որ շարժիչը ունակ է անդադար աշխատել մրցավազքային ռեժիմում առնվազն 100 ժամ, իսկ փոխանցումատուփը նույն պայմաններում կաշխատի 60 ժամից ոչ պակաս:
«Գավաթային» կուպեի ինտերիերը լիովին վերաիմաստավորվել է: Ղեկը ամբողջությամբ սպորտային է, վարորդի առջևում տեղադրված է ուղղանկյուն մոնիթոր, որին արտացոլվում են հեռաչափական տվյալները, կարգավորումների վերաբերյալ տեղեկություններ և այլ կարևոր հարաչափեր, իսկ հարմարավետության սովորական օպցիներից առկա է միայն օդափոխիչը: Բոլոր կոճակները անալոգային են, իսկ որոշ տարրերից, օրինակ՝ օդատարերից, դռների բռնակներից և ապակիների ամբարձիչներից ընդհանրապես հրաժարվել են մեքենայի զանգվածը նվազեցնելու նպատակով:
Porsche 911 GT3 Cup մեկնարկային գինը մրցարշավային բոլիդների չափանիշներով ամենևին էլ բարձր չէ՝ 225 000 եվրո: Մոտավոր նույն արժեքով Գերմանիայում կարելի է ձեռք բերել 992-դ սերիայի սովորական 911 Turbo S-ը: Մոդելի պատվերներն արդեն ընդունվում են, իսկ առաջին օրինակները գնորդներին կհասնեն հաջորդ տարվա փետրվարին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: