Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Manhart աթելիեն ներկայացրել է հզորացված Toyota Supra-ն:
04 Դեկտեմբեր 2020

Գերմանական հանրահայտ Manhart Performance աթելիեն, որը սովորաբար զբաղվում է BMW ավտոմեքենաների թյունինգով, այս տարի սկսել է ուշադրություն դարձնել նաև Toyota Supra մոդելին: Այսպես, դեռ գարնանը հաճախորդներին հասանելի է դարձել GR 450 փաթեթը, իսկ հիմա ներկայացվել է էլ ավելի հզոր՝ GR 550 տարբերակը, համապատասխան հզորությամբ շարժիչով և AC Schnitzer ընկերության նախագծած թափքի տարրերով: 



Manhart-ի մասնագետները որոշել են շարժվել արդեն իսկ փորձված ուղիով և սկսել են շարժիչի կատարելագործումից: Սերիական շարային BMW 3.0 B58 ագրեգատը համալրվել է նոր TTE 685 տուրբոմղիչով,  Wagner Tuning ռադիատորով, ներթող ARMAspeed ածխածնային համակարգով, ինչպես նաև արտանետման FI Exhaust համակարգով, որն առանձանում է 200 բջիջով համալրված կատալիտիկ չեզոքացուցիչով: Միավորելով այս ամենը MHtronik Powerbox կառավարման բլոկի և շտկված վեռելիքային քարտեզների հետ՝ աթելիեն ապահովել է 550 ձ.ուժ հզորություն և 770 Նմ ոլորող մոմենտ:



Ավելի մեծ հզորությունը պահանջել է նաև կախոցի ադապտացում, որը իրականացվել է մեղմիչների վերակարգավորման և ավելի կարճ H&R զսպանակների տեղադրման շնորհիվ:  Որպես օպցիա հավելավճարի դիմաց կարելի է պատվիրել նաև KW Variant 3 քոյլովերներ՝ սեղման և բացման աստիճանի կարգավորմամբ: Արգելակների ընտրությունն ու սրահի ձևավորումը կիրականացվեն բացառապես անհատական պատվերով: 



Ավելի տպավորիչ արտաքին ապահովելու համար Supra-ն պատված է ոսկեգույն փայլատ թիթեղով, որը ձգվում է կապոտի եզրագծից մինչև հետնամաս, իսկ առջևում տեղադրվել է AC Schnitzer սփոյլերը: Եվ որպես եզրափակիչ հավելում մեքենան առաջարկվում է 20-դյույմանոց Concave One անվասկավառակներով, որոնք առջևից ունեն 255/30 R20, իսկ հետևից՝  295/25 R20 չափս:



Թյունինգային փաթեթի բոլոր բաղադրիչ տարրերը կարելի է գնել թե միասին, թե առանձին-առանձին: Հզորություն ապահովող փաթեթը կարժենա 9750 եվրո, կարգավորվող կանգնակները՝ 2202 եվրո, AC Schnitzer սփոյլերը՝  900 եվրո, իսկ ոսկեգույն թաղանթի ձեռք բերումը կպահանջի ևս 3400 եվրո: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio