ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Lamborghini Sian-ի ոճով նախագծված Ducati մոտոցիկլը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
28 Նոյեմբեր 2020
Իտալական Ducati ընկերությունը ներկայացրել է հանրահայտ Lamborghini մակնիշի հետ համատեղ նախագծած Diavel 1260 Lamborghini մոտոցիկլը, որի դիզայնը ոգեշնչված է Sian FKP 37 սուպերկարի պատմությամբ: Երկականի այս «գազանը» կթողարկվի ընդամենը 630 օրինակով:
Նորույթը նախագծված է Diavel 1260 S մոդելի հիման վրա, սակայն ստացել է Sian մոդելին բնորոշ Oro Electrum ոսկեգույն երանգի անվասկավառակներ, իսկ օդակլանիչները, սփոյլերը, առջևի և հետևի ցայտապաշտպանիչները, լուսարձակի շրջանակն ու մի շարք այլ տարրեր պատրաստված են կարբոնից: Վառելիքի բաքն ու շրջահոսիչները պատված են Verde Gea ներկանյութով, իսկ 63 թվի առկայությունը հիշեցնում է Lamborghini Sian FKP 37 մոդելի սահմանափակ թողարկման, ինչպես նաև իտալական ավտոարտադրողի հիմնադրման տարեթվի մասին՝ 1963 թվական:
«Մենք համոզված ենք, որ մեր դիզայնը ամենաճանաչելիներից մեկն է: Եզակի մաքուր և նրբընտիր ուրվագիծը մեր ֆիրմային ոճի հիմքն է, - ներկայացման ժամանակ նշեց Միտյա Բորկերտը՝ Automobili Lamborghini ընկերության դիզայնի ղեկավարը: — Սա մեզ թույլ է տալիս տեղափոխել մակնիշի ԴՆԹ-ն նաև այլ ապրանքների վրա»: Իսկ Ducati Centro Stile դիզայներական կենտրոնի տնօրեն Անդրեա Ֆերրարեզին իր հերթին ավելացրեց, որ Sian-ով ոգեշնչված Diavel-ը «արտացոլում է Ducati-ի և Lamborghini-ի ընդհանուր արժեքները»:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: