ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Nissan-ը ցուցադրել է X-Terra ամենագնացը:
25 Նոյեմբեր 2020
Ճապոնական Nissan ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է շրջանակային X-Terra ամենագնացը: Յոթտեղանի այս մոդելը, որը կառուցված է Navara պիքապի հիման վրա, առանձնանում է նոր դիզայնով, փոփոխված ինտերիերով և հասանելի կլինի միայն մեկ շարժիչով:
Նոր Nissan X-Terra-ն իրականացված է մակնիշին բնորոշ դասական ոճով: Ամենագնացի առաջնամասը ստացել է Patrol-ի ոճով ձևավորված ճաղավանդակ, զանգվածեղ թափարգել՝ լրացուցիչ պաշտպանությամբ, ինչպես նաև նոր լուսադիոդային օպտիկա՝ ցերեկային ընթացքի C-աձև կրակներով: Մոդելի թափքի համար հասանելի է յոթ երանգ, այդ թվում վառ դարչնագույնը և բորդոն:
Nissan X-Terra-ի սրահում ուշադրություն են գրավում երեք շարքով դասավորված նստատեղերը, ընդ որում երկորդ և երրորդ շարքերը ավելի բարձր են տեղադրված, ինչն ապահովում է հետևի ուղևորների ավելի լավ տեսադաշտը: Լրամշակման համար օգտագործված են սև և բաց մոխրագույն երանգի նյութեր: Բացի այդ, ամենագնացը ստացել է սարքավորումների թվային վահանակ, 9-դյույմանոց սենսորային էկրան, ինչպես նաև հետևի ուղևորների համար նախատեսված 11-դյույմանոց ծալվող դիսփլեյ:
Ակտիվ անվտագության նոր ֆունկցիաներից X-Terra-ն համալրվել է շարժման շարքից շեղվելը կանխող համակարգով, «կույր գոտիների» հայտնաբերման և նախազգուշացման տեխնոլոգիայով, ինչպես նաև ճակատային բախումների մասին նախազգուշացնող ինտելեկտուալ համակարգով: Այս բոլոր օպցիաները հասանելի կլինեն ամենաբարձր՝ Platinum համալրման վարորդներին:
Նոր Nissan X-Terra-ն սարքավորվում է միմիայն 2,5-լիտրանոց քառագլան բենզինային շարժիչով, որը զարգացնում է 165 ձ.ուժ հզորություն և 241 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է 7-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Մոդելի դինամիկ բնութագրերը դեռևս ամբողջությամբ չեն գաղտնազերծվել, սակայն հայտնի է, որ այն համալրվելու է մշտական լիաքարշ համակարգով՝ հետևի դիֆերենցիալի էլեկտրոնային բլոկավորմամբ:
Նոր Nissan X-Terra-ն վաճառքի կհանվի մերձարևելյան շուկաներում արդեն 2020 թվականի դեկտեմբերին, իսկ դրա արժեքի և այլ տարածաշրջաններում հասանելիության վերաբերյալ տեղեկությունները դեռևս հայտնի չեն:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: