Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bugatti-ն ներկայացրել է «ավիացիոն» Chiron Sport-ը:
24 Նոյեմբեր 2020

Ֆրանսիական Bugatti ընկերության մրցարշավորդների մեծ մասը այսպես թե այնպես կապ են ունեցել ավիացիայի հետ: Օրինակ, Ալբեր Դիվոն, որի ազգանունով է կոչվել Divo մոդելը, ռազմական օդաչու էր, ինչպես և հանրահայտ Ռոլան Գարոսը, որը հաճույքով նստում էր  Bugatti Type 18-ի ղեկին: Հենց նրանց, ինչպես նաև այլ, թեկուզ և անհայտ մրցարշավորդներին է նվիրված 20 օրինակով թողարկվող Chiron Sport 'Les Légendes du Ciel' (Երկնքի առասպելները) անվանումով մոդելը, որը կարժենա առնվազն 2 880 000 եվրո:  



«Ավիացիոն» Chiron Sport-ի թափքը իրականացված է փայլատ Gris Serpent մոխրագույնով, որը 1920-ականներին ինքնաթիռների ներկման համար օգտագործվող երանգի ժամանակակից մեկնաբանությունն է: Թափքի ամբողջ երկայնքով ձգվում է կոնտրաստային սպիտակ գիծը: Առջևի կողաթևերի վրա առկա են Les Légendes du Ciel տարբերանշանները, իսկ կողային հատվածները իրականացված են Ֆրանսիայի դրոշի եռագույնով: Ռադիատորի ճաղավանդակը, որի վրա պատկերված է կործանիչների շքերթային շարք, պատրաստված է լազերային հղկում անցած ալյումինից:



Մոդելի դռները բացելիս՝ ճանապարհի վրա արտացոլվում է այս մոդիֆիկացիայի հատուկ տարբերանշանը: Մեքենայի շեմքերը պատրաստված են հղկված ալյումինից, իսկ շարժիչի պատյանը՝ ածխածնային պլաստիկից, որն առանձնանում է հատուկ կերպով ընդգծված մանրաթելի առկայությամբ: Արտանետման խողովակների վերդիրները՝ սև փոշեծածկույթով, տպված են 3D-տպիչով՝ հրակայուն ինկոնել համաձուլվածքից:   



Chiron Sport 'Les Légendes du Ciel'-ի սրահի ձևավորման համար օգտագործվել է  բաց դարչնագույն երանգի Gaucho կաշի, ածխածնային պլաստիկ, ինչպես նաև թանկարժեք ժամացույցների մեխանիզմներում օգտագործվող՝ ալմաստե հղկմամբ և մարգարտե հատիկավորմամբ ալյումինից պատրաստված ներդիրներ:  Մոդելի դռների վրա պատկերված է Bugatti Type 13 մոդելի և Nieuport 17 բիպլանի մրցավազքը պատկերող մի դրվագ: Այդ ինքնաթիռը վայելում էր օդաչուների բարձր գնահատականը՝ արագության, մանևրականության և հուսալիության շնորհիվ: 



Bugatti Chiron Sport 'Les Légendes du Ciel' մոդելը սարքավորված է 8-լիտրանոց ստանդարտ  W16 տուրբոշարժիչով, որը զարգացնում է 1500 ձ.ուժ հզորություն և 1600 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է 7-աստիճան երկկցորդանի ռոբոտացված փոխանցումատուփի հետ: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը հիպերկարը զարգացնում է 2,4 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է 420 կմ/ժ:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio