ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Land Rover-ը թարմացրել է Discovery ամենագնացը
20 Նոյեմբեր 2020
Land Rover Discovery ամենագնացը ենթարկվել է պլանային թարմացման: Փոփոխությունները հիմնականում առնչվում են տեխնիկական հագեցվածությանը, մինչդեռ մեքենայի արտաքինը մնացել է գրեթե անփոփոխ: Նորացված Land Rover Discovery-ն արդեն հասանելի է Մեծ Բրիտանիայում՝ սկսած 54 000 ֆունթ սթերլինգից:
Արտաքինից նոր Discovery-ն կարելի է տարբերել ռադիատորի ձևափոխված ճաղավանդակով, թեթևակի շտկված թափարգելներով և արդեն իսկ բազային տարբերակում առաջարկվող լուսադիոդային օպտիկայով: Տարբերությունների թվում են նաև առջևի կողաթևերի՝ թափքի գույնով իրականացված օդափոխիչ ներդիրները: Բացի այդ գնորդներին հասանելի կլինի R-Dynamic ոճային փաթեթը, որն ամենագնացին ավելիսպորտային տեսք է հաղորդում: Այն ներառում է արտաքինի սև և մուգ-մոխրագույն շեշտադրումներ, ինչպես նաև նստատեղերի կոնտրաստային դարձակարում:
Ավելի լայնածավալ թարմացման է ենթարկվել Discovery-ի ինտերիերը: Այստեղ հայտնվել են նոր ղեկ, փոխանցումների այլ փոխարկիչ, ինչպես նաև առջևի նոր վահանակ, որը ներառում է Pivi Pro մուլտիմեդիա համակարգի 11,4-դյույմանոց սենսորային էկրանը: Այդ նորագույն համակարգը առաջարկում է Apple CarPlay և Android Auto ծրագրերի հասանելիություն և կարող է թարմացվել հեռահար կարգով: Սրահում առկա են նաև մինչև 8 սարքի միակցման հնարավորությամբ առանձնացող Wi-Fi հասանելիության կետը և էլեկտրոնային սարքերի անլար լիցքավորման մոդուլը:
Սարքավորումների վահանակի չափսը մնացել է անփոփոխ՝ 12,3 դյույմ, սակայն դիզայնի առումով այն նմանեցվել է մուլտիմեդիա համակարգի ինտերֆեյսին: Հասանելի է նաև պրոեկցիոն էկրանը, ինչպես նաև օդի իոնացման համակարգը՝ կոշտ մասնիկների PM2,5-զտիչով: Երկրորդ շարքի բազմոցը ստացել է ավելի կատարելագործված կողային օժանդակում և ավելի երկար բարձիկներ: Հետևի ուղևորների կարիքներին են ծառայում նաև առջևի նստատեղերի թիկնակների մեջ ներկառուցված պլանշետների ամրաններն ու մի քանի USB-միակցումները: Օդափոխիչ սարքերը կենտրոնական կանգնակներից տեղափոխվել են բարձակի վրա, ինչն ապահովում օդի առավել օպտիմալ հոսք:
Land Rover Discovery-ի շարժիչների շարքը զրկվել է բենզինային և դիզելային V6 տարբերակներից, որոնց փոխարինելու են եկել Ingenium ընտանիքի ագրեգատները: Հին տեսականուց պահպանվել է միայն քառագլան տուրբոշարժիչը, որը զարգացնում է 300 ձ.ուժ հզորություն և 400 Նմ ոլորող մոմենտ: Երեքլիտրանոց վեցգլանանի դիզելային շարժիչը հասանելի է երկու մոդիֆիկացիայով՝ 249 ձ.ուժ (570 Նմ) և 300 ձ.ուժ (650 Նմ): Ամենահզոր շարժիչը 3 լիտր ծավալով բենզինային վեցգլանանի ագրեգատն է, որը զարգացնում է 360 ձ.ուժ հզորություն և 500 Նմ ոլորող մոմենտ: Հատկանշական է, որ բոլոր երեքլիտրանոց ագրեգատների համար հասանելի կլինի փափուկ հիբրիդային MHEV-հավելումը, որը սկզբնական շրջանում կառաջարկվի միայն եվրոպական շուկաներում:
Բոլոր առաջարկվող ագրեգատները համակցվում են արդեն իսկ գործածվող 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի և ավանդական լիաքարշ համակարգի հետ: Սարքավորումների ցանկից հիշատակման են արժանի ստանդարտ պնևմատիկ կախոցը, կատարելագրոծված Terrain Response 2 համակարգը, որը ավտոմատ կերպով հարմարվում է ճանապարհային պայմաններին և վարման նոր ռեժիմը՝ Wade Mode անվանմամբ, որը թույլ է տալիս հաղթահարել խորը ջրային խոչընդոտներ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: