Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rivian R1T էլեկտրական պիքապը հանվել է վաճառքի:
11 Նոյեմբեր 2020

Ամերիկյան Rivian ընկերությունը սկսել է դեռևս 2018 թվականին ներկայացված էլեկտրական R1T պիքապի պատվերների ընդունումը: Վաճառքների մեկնարկի կապակցությամբ ստարտափը պատրաստել է Launch Edition հատուկ մոդիֆիկացիան՝ ամենաբարձր համալրմամբ և մոտավոր 75 000 դոլար արժողությամբ: Առաջին օրինակները կհասնեն պատվիրատուներին 2021 թվականի ամռանը: 



Սերիական պիքապի երկարությունը կազմում է 5537 մմ, լայնությունը՝ 2006 մմ, իսկ բարձրությունը՝ 1829 մմ: Լուսածերպը կազմում է 360 մմ, ինչի շնորհիվ մեքենան կարող է հաղթահարել մինչև մեկ մետր խորությամբ ջրային խոչընդոտներ, իսկ ուղեմուտքի և վայրէջքի անկյունները կազմում են համապատասխանաբար 34 և 29,3 աստիճան: Բեռնավորման հենահարթակի երկարությունը 1371 միլիմետր է, իսկ բացված դռնով հասնում է մինչև 2129 մմ: Այն կարող է տեղավորել մինչև 1925 լիտր ծավալով ուղեբեռ: 



Launch Edition մոդիֆիկացիան կստանա մոդելային շարքի ամենաառաջադեմ ուժային ագրեգատը, որը բաղկացած կլինի չորս էլեկտրական շարժիչներից՝ ընդհանուր 765 ձ.ուժ հզորությամբ և 1120 Նմ ոլորող մոմենտով: Տեղից մինչև 97 կմ/ժ (60 մղոն/ժ) արագությունը այս պիքապը կզարգացնի ուղիղ 3.0 վայրկյանում, իսկ մինչև 160 կմ/ժ արագանալու համար դրանից կպահանջվի 7 վայրկյանից էլ պակաս ժամանակ: 



Սարքավորումների ցանկը ներառում է հատակի ուժեղացված պաշտպանություն, քարշակման կեռմաններ, բորտային կոմպրեսոր, 20-դյույմանոց արտաճանապարհային կամ 22-դյույմանոց սպորտային անվասկավառակներ՝ ըստ ընտրության, և տարածական հնչողությամբ աուդիոհամակարգ: Launch Edition-ի սրահը լրամշակված է հաճարի բնական փայտով, իսկ ծակոտկեն կաշվով պաստառապատված նստատեղերը տաքացվում են և օդափոխվում: Առաջին մոդելների համար առաջարկվում է թափքի եզակի ներկվածք՝ Special Launch Green կանաչ երանգով: 



Rivian R1T-ի հիմնական առանձնահատկություններից մեկը կլինի եզակի Tank Turn («տանկային շրջադարձ») համակարգը, որի շնորհիվ ավտոմեքենան կարող է պտտվել բառացաիորեն տեղում կանգնած վիճակում, սակայն համակարգը ակտիվանում է միայն խճաքարային կամ գրունտային ճանապարհածածկերի վրա: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio