Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Jeep-ը ներկայացրել է հայտնի բանակային ամենագնացին նվիրված Gladiator-ը:
02 Նոյեմբեր 2020

Ամերիկյան Jeep ընկերությունը ներկայացրել է Gladiator պիքապի հատուկ մոդիֆիկացիա՝ Willys վերտառմամբ, որը, ինչպես կարելի է կռահել, նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամենատարածված ամենագնաց՝ բանակային Willys MB մոդելին: Ստանդարտ Gladiator-ից նորույթը տարբերվում է արտաքին ձևավորմամբ և որոշակիորեն թարմացված սարքավորումներով:  Gladiator Willys-ը արդեն իսկ հասանելի է ԱՄՆ-ում և առաջարկվում է 35 265 դոլարով:  



Gladiator Willys-ը հասանելի է երկու տարբերակով՝ Sport և Sport S: Այն ճանաչելի է ռադիատորի սև ճաղավանդակով, ինչպես նաև թափքի  տարբեր հատվածներում առկա Willys և 4 Wheel Drive գրառումներով: Թափքի համար հասանելի է ներկվածքի ութ տարբերակ՝  սև Black, մուգ մոխրագույն Granite Crystal, գորշ Sting Gray, բաց մոխրագույն Billet, կարմիր Firecracker Red, սպիտակ White, կապույտ Hydro Blue և բորդո Snazzberry: Սրահում առկա են բոլոր եղանակների համար նախատեսված գորգեր, իսկ  Sport S տարբերակը համալրվում է նաև Uconnect 3 մուլտիմեդիա համակարգով՝ 7-դյույմանոց էկրանով: 



Բացի վերը նշվածից Gladiator Willys-ը սարքավորվում է բարձր շփման դիֆերենցիալով, ուժեղացված մեղմիչներով և Rubicon մոդելին բնորոշ ոտնահենակներով: 17-դյույմանոց ալյումինե անվասկավառակները հավելված են 32-դյույմանոց  «ցեխային» BFGoodrich KM2 անվադողերով: Ինչպես նշում են ընկերությունում, նոր սարքավորումները զգալիորեն մեծացնում են Gladiator Willys-ի արտաճանապարհային պոտենցիալը ստանդարտ պիքապի հետ համեմատ:



Gladiator Willys-ի կապոտի տակ տեղադրված է 3,6-լիտրանոց V6 Pentastar բենզինային շարժիչը, որը զարգացնում է 289 ձ.ուժ հզորություն և 353 Նմ ոլորող մոմենտ: Այն կարող է համակցվել կամ վեցաստիճան մեխանիկական, կամ էլ՝ ութաստիճան ավտոմատ փոխացումատուփի, ինչպես նաև Command-Trac լիաքարշ համակարգի հետ, որը թույլ է տալիս կոշտ կերպով միացնել առջևի սռնին: Հավելավճարի դիմաց մեքենայի վրա կարելի է տեղադրել նաև 264 ձ.ուժ հզորությամբ և 599 Նմ ոլորող մոմենտով 3,0-լիտրանոց V6 դիզելային շարժիչը: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio