Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

HUMMER-Ը ՎԵՐԱԾՆՎՈՒՄ Է ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
21 Հոկտեմբեր 2020

Ամերիկյան General Motors (GM) ընկերությունը  և դրան պատկանող GMC ապրանքանշանը վերակենդանացրել են Hummer-ը, որն այսուհետ հանդես կգա ոչ թե որպես բրենդ, այլ որպես առանձին մոդել: Պաշտամունքային անվանումը բաժին է հասել նոր էլեկտրական պիքապին, որն առանձնանում է երեք շարժիչներով, ամբողջովին կառավարելի շասսիով և շրջանածիր տեսադաշտի 18 տեսախցիկներով:  


GMC Hummer EV-ն կառուցված է նոր մոդուլային հենահարթակի հիման վրա և սարքավորվում է ֆիրմային Ultium մարտկոցով, որի քիմիական կազմը նախագծված է այդ ոլորտի առաջատարներից մեկի՝ LG Chem ընկերության հետ համատեղ: Այն պարունակում է ավելի քիչ կոբալտ և բաղկացած է 24 առանձին մոդուլներից: Մեքենայի վրա տեղադրված տարբերակի տարողունակությունը չի բարձրաձայնվում, սակայն հայտնի է, որ այն աշխատում է 800 վոլտ լարմամբ և կարող է լիցքավորվել մինչև 350 կՎտ հզորությամբ մշտական հոսանքի աղբյուրից: Այդ եղանակով լիցքավորվելիս կարելի է ընդամենը 10 րոպեում հավաքել մինչև 160 կմ ընթացքի պաշար: Մարտկոցը հուսալիորեն պաշտպանված է, ինչը թույլ է տալիս Hummer EV-ին հաղթահարել մինչև 45 սմ բարձրությամբ թմբեր և 60 սմ խորությամբ ջրային խոչընդոտներ:



Ultium-ը սնում է եռաշարժիչ e4WD ուժային ագրեգատը՝ Ultium Drive քարշակներով:  Դրա ամենահզոր տարբերակը զարգացնում է 1014 ձ.ուժ հզորություն և անիվների վրա ապահովում մինչև 15 590 Նմ ոլորող մոմենտ: Այսպիսի պիքապը տեղից մինչև 97 կմ/ժ արագությունը զարգացնում է մոտ երեք վայրկայնում և կարող է մեկ լիցքավորումով հաղթահարել մոտ 560 կիլոմետր:



Նոր Hummer-ը հանդես է գալիս որպես հինգտեղանի և չորսդռնանի պիքապ: Տանիքի թափանցիկ վահանակները անհրաժեշտության դեպքում կարելի է հանել և պահել առջևի բեռնախցիկում: Մոդելի համար հասանելի  կլինեն նաև Extract Mode ռեժիմով ադապտիվ պնևմակախոցը, որը թույլ է տալիս մեծացնել լուսածերպը լրացուցիչ 149 միլիմետրով, և CrabWalk ֆունկցիայով ամբողջովին կառավարվող շասսին: Այն թույլ է տալիս բոլոր չորս անիվները թեքել միևնույն ուղղությամբ, ինչի հետևանքով պիքապը հնարավորություն է ստանում շարժվել անկյունագծով: 



Նոր Hummer-ի արտաճանպարհային արսենալը ներառում է շրջանածիր տեսադաշտի  UltraVision համակարգը: Այն բաղկացած է  ամբողջ պարագծով, այդ թվում՝ հատակի տակ, տեղադրված 18 տեսախցիկներից, որոնք թույլ են տալիս նախօրոք գնահատել ճանապարհի ռելիեֆն ու հաղթահարվող խոչընդոտների բարդությունը:  Բացի այդ մեդիահամակարգի դիսփլեյին և սարքավորումների վահաակին կարելի է տեսնել «արտաճանապարհային տվյալները»՝ անիվներին հաղորդվող մոմենտի մեծությունը, վայրէջքի անկյունները, դիֆերենիցալի բլոկավորման աստիճանները և նույնիսկ անվադողերի կցորդման առավաելագույն ցուցիչների գրաֆիկը: 



Առաջինը շուկա կհանվի ամենաթանկ և հզոր GMC Hummer EV Edition One մոդիֆիկացիան: Դրա սրահը լրամշակված է պրեմիում-կարգի նյութերով, իսկ սարքավորումների ցանկը ներառում է վերջին սերնդի Super Cruise ավտոպիլոտը:  Բացի այդ հիշատակման են արժանի բեռնահարթակի բազմաֆունկցիոնալ դուռը՝ վեց դիրքերով, հետևի էլեկտրակառավարվող պատուհանը, ինչպես նաև 18-դյույամոց սկավռակները՝  35-դյույմանոց Goodyear Wrangler Territory MT անվադողերով: Hummer EV Edition One-ի արտադրությունը կիրականացվի  Factory ZERO Detroit-Hamtramck Assembly Center գործարանում՝ սկսած 2021 թվականի աշնանից: Մոդիֆիկացիայի շուկայական արժեքը կկազմի 112 595 դոլար:



Եվս մեկ տարի անց՝ 2022-ի աշնանը հասանելի կդառնա նաև Hummer EV3X մոդիֆիկացիան՝ 99 995 դոլար արժողությամբ: Այն նույնպես կառաջարկվի երեք էլեկտրական շարժիչներով, սակայն աչքի կըկնի ավելի պակաս հզորությամբ՝ 811 ձ.ուժ և ընթացքի ավելի նվազ պաշարաով՝ 480 կմ: Երկշարժիչանի Hummer EV2X (634 ձ.ուժ) մոդիֆիկացիան կթողարկվի 2023 թվականի գարնանը և կարժենա  89 995 դոլար: Եվ վերջապես 2024-ին կներկայացվի մոդելի բազային տարբերակը՝ Hummer EV2-ը, որը կունենա երկու շարժիչ, սովորական կախոց և ընդամենը 400 կմ ընթացքի պաշար: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio