ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Renault-ն ներկայացրել է Megane մոդելի էլեկտրական կոնցեպտը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15 Հոկտեմբեր 2020
Ֆրանսիական Renault ընկերությունը ներկայացրել է Megane eVision կոնցեպտը, որը արդեն 2021 թվականին կվերածվի սերիական էլեկտրամոբիլի: Megane անվանումը փոխառվել է, որպեսզի շեշտվի նոր մոդելի ժառանգականությունը, չնայած տեխնիկական առումով սա լիովին այլ մեքենա է:
Ընկերությունում հայտնում են, որ Megane eVision-ը շուրջ 95 տոկոսով պատրաստ է սերիական թողարկմանը: Դրա հիմքում ընկած է Renault-Nissan-Mitsubishi ալյանսի CMF-EV հենահարթակը: Vision-ի երկարությունը կազմում է 4210 միլիմետր, լայնությունը՝ 1800 մմ, բարձրությունը՝ 1505 մմ, իսկ անվային բազան 2700 միլիմետր է:
Կարելի է ենթադրել, որ զանգվածային արտադրության մոդելը կզրկվի արտաքին հայելիները փոխարինած տեսախցիկներից, ինչպես նաև կստանա ավելի ավանդական կառուցվածքի դռներ: Բացի այդ, 20-դյույմանոց անվասկավառակները կփոխարինվեն ավելի փոքր չափսի անիվներով, իսկ մատրիցային լուսարձակները հասանելի կարող են լինել առավել բարձր համալրումնեում: Թե ինչ տեսք ունի կոնցեպտը ներսից՝ դեռևս հայտնի չէ:
Megane eVision-ը սարքավորվում է 217 ձ.ուժ հզորությամբ և 300 Նմ ոլորող մոմենտ ապահովող էլեկտրական շարժիչով: Զրոյից մինչև 100 կմ/ժ թափառքի համար մեքենային անհրաժեշտ է մոտ 8 վայրկյան, իսկ սնուցումը ապահովում է 60 կՎտժ տարողունակությամբ լիթիում-իոնային մարտկոցը, որի հաստությունը ընդամենը 11 սանտիմետր է: Չնայած այն հանգամանքին, որ ընթացքի պաշարը պաշտոնապես չի բարձրաձայնվում, Renault-ում վստահեցնում են, որ մեկ ամբողջական լիցքավորումով ավտոմեքենան կարող է հաղթահարել Լոնդոնից Նյուքասլ ընկած տարածությունը, որը կազմում է մոտ 460 կիլոմետր:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: