Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԱԳՐԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ՃԱՆԿԵՐԸ
22 Սեպտեմբեր 2014

Սեպտեմբերի 21-ին կայացավ Ֆորմուլա1 աշխարհի առաջնության հերթական փուլը՝ Սինգապուրի Գրան-Պրին: Այս գիշերային մրցավազքը, որն անց է կացվում ասիական "վագր” համարվող  երկրի մայրաքաղաքի փոխոցներում,  ավանդաբար աչքի է ընկնում բազում անակնկալներով և մարզիկների ֆիզիկական պատրաստվածության հանդեպ ներկայացվող խստագույն պահանջներով: Իրոք՝ դժվար է երկու ժամ անընդմեջ դիմանալ խելահեղ շոգին, խոնավությանը և … սեփական բոլիդի արագությանը: Այս անգամ դա լավագույնս հաջողվեց բրիտանացի Լյուիս Հեմիլթոնին:


Ինչպես բազմիցս է նշվել՝ քաղաքային մրցուղիներում առաջնահերթ կարևորություն է ստանում հաջող որակավորումը: Բացառություն չէ նաև Սինգապուրը, որտեղ անցկացրած վեց Գրան-Պրիներից չորսում հաղթել է հենց փոուլից մեկնարկած մարզիկը: Այդ իսկ պատճառով, արդեն ազատ մրցելույթների ժամանակ թիմերը կենտրոնացել էին ուիք-էնդի այդ հատվածում հնարավորինս բարձր արդյունք ցուցադրելու խնդրի լուծման վրա: Որբաթ օրը և շաբաթ օրվա առաջին հատվածում զարմանալիորեն ուժեղ իրեն դրսևորեց Ֆերնանդո Ալոնսոն՝ Ferrari-ով: Նա առաջինն էր երեք սեսսիաներից երկուսում, մեկում էլ գրավեց երկրորդ տեղը:


Պայքարի գլխավոր գործոններից մեկն էլ անվադողերն էին: Pirelli-ի առաջարկած Soft և Supersoft տեսակի տարբեր կերպ էին աշխատում, ընդ որում շատ թիմերի չէր հաջողվում ապահովել առավել փափուկ տեսակի արագ և կայուն տաքացումը, ինչը լուրջ մարտահրավեր էր թիմերի մարտավարության պատասխանատուների համար:


Ավելորդ ռիսկից խուսափելու համար որակավորման արդեն իսկ առաջին հատվածում բոլոր պիլոտները հանդես եկան Supersoft անվադողերով: Այստեղ լավագույն արդյունքը ցուցադրեց Կիմի Ռայկկոնենը, իսկ հետագա պայքարից դուրս մնացին Caterham և Marussia թիմերն, ինչպես նաև Ադրիան Սութիլը՝ Sauber-ով և Պասթոր Մալդոնադոն՝ Lotus-ով:


Երկրորդ հատվածն անցավ էլ ավելի թեժ պայքարում, որտեղ անհաջողակ գտնվեցին երկու Force India-ները, ինչպես նաև Ռոմեն Գրոժանը, Էսթեբան Գուտյերեսը, Ժան-Էրիկ Վերնը և Ջենսոն Բաթոնը: Ի դեպ, բրիտանացին արդեն ավանդաբար ավելի թույլ է հանդես գալիս որակավորման ժամանակ, քան իր երիտասարդ թիմակից՝ դանիացի Քևին Մագնուսենը:


Ինչպես և սպասվում էր՝ կրկին մրցակցությունից դուրս էին Mercedes-ի պիլոտները: Լյուիս Հեմիլթոնը նվաճեց 37-րդ փոուլը կարյերայում, իսկ մեկնարկային դաշտի առաջին գծում նրան ընկերակցեց Նիկո Ռոսբերգը: Բավականին հաջող ստացվեց որակավորումը նաև Red Bul թիմի համար, որն ամբողջ կազմով գրավեց մեկնարկային դաշտի երկրորդ հորիզոնականը:


Պիլոտների նման դասավորվածությունը թեժ պայքար էր խոստանում կիրակի, սակայն այստեղ իր խոսքն ասած "ճակատագիրը”՝ տեխնիկական խնդիրների տեսքով: Տաքացման շրջանին Նիկո Ռոսբերգի մեքենայի վրա ծագած պրոբլեմներն այդպես էլ լուծում չստացան: Նա ստիպված էր մեկնարկել պիթ-լեյնից, իսկ այնուհետ նաև լքել մրցավազքն առաջին պիթ-ստոպից հետո, երբ չկարողացավ միացնել առաջին փոխանցումը:


Առիթից առանց խղճի որևէ խայթի օգտվեցին թե Լյուիս Հեմիլթոնը, թե Red Bull-ի երկու մրցարշավորդները, այն տառրբերությամբ, որ մեկնարկին Ֆեթելը կարողացավ շրջանցել Ռիկյարդոյին՝ դուրս գալով երկրորդ հորիզոնական: Առաջատարների պայքարին որոշակիորեն խառնվեց նաև Ֆերնանդո Ալոնսոն, սակայն մրցավազքի միջնահատվածում Հեմիլթոնի, ինչպես նաև նրա երկու հետապնդողների առավելությունը բավական էր, որ նրանք այդքան էլ չմտահոգվեն իսպանացու գործողություններով:


Ընդհանուր առմամբ մրցափուլն առանձնացավ բավականին կոշտ ու անզիջում պայքարով: Մի քանի մարզիկներ ընթացքում տարատեսակ տուգանքներ ստացան՝ մրցուղում ոչ կորեկտ գործողությունների համար: Երեսունմեկերորդ շրջանին բախվեցին Ադրիան Սութիլն ու Սերխիո Պերեսը: Վերջինիս բոլիդի առջևի հակաթևը փշրվեց, ինչը ստիպեց մրցավազքի տնօրինությանը դիմել անվտանգության մեքենայի օգնությանը:


Արդյունքում առաջին եռյակը պահպանեց դիրքերը՝ Հեմիլթոն, Ֆեթել, Ռիկյարդո հերթականությամբ: Ալոնսոն այդպես էլ կանգ առավ բաղձալի պատվո պատվանդանից մեկ հորիզոնական ցած: Իսպանացուն պաշտոնական դասակարգման աղյուսակում հետևեցին Ֆելիպե Մասսան, Ժան-Էրիկ Վերնը, Սերխիո Պերեսը, Կիմի Ռայկկոնենը, Նիկո Հյուլկենբերգը և Քևին Մագնուսնեը: Առանձնակի ուշադրության է արժանի Force India թիմի հաջողությունը: Պերեսն ու Հյուլկենբերգը՝ մեկնարկելով առաջին տասնյակի սահմաններից դուրս, այնուամենայիվ կարողացան հայտնվել միավորային գոտում ինչը թույլ տվեց Վիջեյ Մալյայի թիմին ընդհանուր հաշվարկում առաջ անցնել այս տարվա հիմնական մրցակից՝ McLaren-ից:


Իր հերթին Ռոսբերգի բոլիդի անսարքությունները և Հեմիլթոնի հաղթանակը էլ ավելի սրեցին չեմպիոնական պայքարը անհատական հաշվարկում: Սինգապուրից հետո բրիտանացին 3 միավորով առաջ անցավ թիմակցից, և վերջինս անպայման կփորձի "վրեժխնդիր” լինել արդեն իսկ երկու շաբաթ անց կայանալիք Ճապոնիայի Գրան-Պրիի ժամանակ, որն այս անգամ կանցնի Սուզուկա մրցուղում: 




Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio