ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՍԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՎ ՖԵՐՐԱՐԻԻ ԱՆԿՈՒՄԸ ՄՈՆՑԱՅՈՒՄ
08 Սեպտեմբեր 2014
Սեպտեմբերի 7-ին հանրահայտ Մոնցա ավտոմայրուղում կայացավ
Ֆորմուլա 1 2014թ. առաջնության Իտալիայի Գրան-Պրին, որն ավանդաբար համարվում է ամենաարագներից
մեկն օրացույցում և տրիբունաներում հավաքում ավտոսպորտի տասնյակ հազարավոր երկրապգուների:
Վերջիններիս մեծ մասը, բնականաբար, գալիս են ոգևորելու առասպելական Ferrari-ի մրցարշավորդներին,
որոնք սակայն վաղուց չեն ուրախացրել հաղթանակներով, և դժվար է պատկերացնել՝ թե ինչպես
"կարմիր նժույգները” կարող են մարտահրավեր նետել այս տարվա բացահայտ առաջատար՝
Mercedes-ին: Ավելին. Մոնցայի փուլից հետո ընդհանուր հաշվարկում նրանք առաջ թողեցին
նաև Williams թիմին:
Ավանդաբար Մոնցան առանձնանում է նրանով, որ այստեղ օգտագործվում
է եզակի աէրոդինամիկ փաթեթ, որն ստեղծվում է բացառապես հենց այս մրցափուլի համար: Այն
աչքի է ընկնում հնարավորինս նվազագույն սեղմիչ ուժով, ինչը թույլ է տալիս զարգացնել
առավելագույն արագություններ: Հաշվի առնելով Mercedes մակնիշի շարժիչների այս տարի
ունեցած առավելությունը մնացած բոլոր արտադրողներ նկատմամբ՝ դժվար չէր պատկերացնել,
որ այս մրցուղում առաջատարների թվում կլինեն հենց գերմանական
ընկերության "հաճախորդները”:
Pirelli-ի մասնագետները Իտալիա էին բերել երկու ամենակոշտ
տեսակի անվադողերը՝ Medium և Hard: Առաջին
տեսակը մոտ 0.6 վայրկայնով շրջանին ավելի արագ էր երկրորդից, ինչը թույլ էր տալիս թիմերին
զանազան մարտավարություններ կիրառել՝ սկսած արդեն իսկ որակավորման փուլից: Ավանդաբար առաջին հատվածն անհաղթահարելի եղավ
Caterham-ի և Marussia-ի մրցարշավորդների համար: Ընդ որում կրկին պադդոկ վերդարձած
Կամուի Կոբայաշին կարողացավ փոքրիկ հաղթանակ տոնել՝ այդ քառյակի մեջ գրավելով առաջին
տեղը: Անսպասելի թույլ ելույթ ունեցան Lotus-ները: Թե Պասթոր Մալդոնադոն, թե Ռոմեն
Գրոժանը չկարողացան անցնել որակավորման երկրորդ հատված, իսկ ֆրանսիացին հետագայում
բողոքեց, որ այս ուիկ-էնդի ընթացքում նրա վարած մեքենան վատագույնն էր իր ողջ կարյերայի
ընթացքում:
Երկրորդ հատվածում բոլոր մրցարշավորդներն անմիջապես անցան
ավելի փափուկ տեսակ անվադողերին: Պայքարը սուր էր: Բավական է նշել, որ ռուսաստանցի
Դանիել Քվյատն ընդամենը 0.002 վայրկայն զիջեց 10-րդ տեղը գրաված Սերխիո Պերեսին՝
Force India-յով: Փուլի համար պայքարից դուրս մնացին նաև Կիմի Ռայկկոնենը, Ժան-Էրիկ
Վերնը, Նիկո Հյուլկենբերգը, Ադրիան Սութիլն ու Էսթեբան Գուտյերեսը:
Որակավորման եզրափաակիչ հատվածում իրեն զգացնել տվեց
Mercedes շարժիչների հզորությունը: Առաջին վեց տեղերը զբաղեցրին հենց այդ շարժիչներով
համալրված բոլիդները: Ինչպես և սպասվում էր առաջին շարքը բաժին հասավ Mercedes-ի գործարանային
թիմին: Փուոլը նվաճեց Լյուիս Հեմիլթոնը՝ Ռոսբերգից առաջ անցնելով չորս հարյուրորդական
վայրկայնով: Սա 36-րդ նման հաջողությունն էր նրա կարյերայում: Մեկնարկային դաշտի երկրորդ
հորիզոնականն ամբողջությամբ գրավեցին Williams-ի մրցարշավորդները: Հինգերորդ ու վեցերորդ
տեղերը բաժին հասան McLaren-ի պիլոտներին, ընդ որում նորեկ Մագնուսենը կրկին կարողացավ
առաջ անցնել փորձառու Ջենսոն Բաթոնից: Միայն Ֆերնանդո Ալոնսոն կարողացավ պայքարել
Ferrari-ի պատվի համար՝ նվաճելով մեկնարկային 7-րդ դիրքը: Իսպանացուն հետևում էին երկու
Red Bull-ներն, իսկ տասնյակն, ինչպես արդեն նշվեց, եզրափակեց մեքսիկացի Սերխիո Պերեսը:
Տեխնիկական խնդիրները խոչընդոտեցին Հեմիլթոնի մեկնարկը, և
բրիտանացին առաջ թողեց թիմակցին: Վատ մեկնարկեցին նաև Վալթերի Բոթթասն ու Դանիել Ռիկյարդոն:
Օգտվելով մեկնարկային խառնաշփոթից՝ երկրորդ տեղ դուրս եկավ Քևին Մագնուսենը: Զգալի
առաջընթաց ցուցադրեց նաև Նիկո Հյուլկենբերգը: Միայն մի քանի շրջան անց ավելի արագ մեքենաներով
մրցարշավորդները կարողացան վերադառնալ պայքարի մեջ և սկսեցին հետզհետե վերականգնել
կորցրած դիրքերը: Հեմիլթոնը դուրս եկավ երկրորդ տեղ՝ ճնշման տակ առնելով Ռոսբերգին,
որն էլ տեղի տվեց և սխալվեց առաջին շիկանում, ինչի հետևանքով բրտանացին հայտնվեց առաջատարի
DRS գոտում: Իր պայքարն էր այդ ընթացքում մղում Բոթթասը, ով 14-րդ տեղում հայտնվելուց
հետո, ձգտում էր հնարավորինս արագ հայտնվել պելոտոն առաջնամասում: Արդեն 15-րդ շրջանին
ֆինլանդացին հայտնվեց 8-րդ, իսկ մի քանի շրջան անց՝ նույնիսկ չորրորդ տեղում:
Մրցավազքի միջնամասում Նիկո Ռոսբերգը երկրորդ անգամ սխալվեց
մրցուղու նույն հատավծում, և այս անգամ Հեմիլթոնին հաջողվեց շրջանցել գերմանացուն:
Շատերին թվաց՝ թե Նիկոն յուրահատուկ ոճով փոխհատուցեց նախորդ մրցափուլում իր կատարած
արարքի համար: Սակայն ինքը՝ մարզիկը, կտրականապես հերքեց այդ կարծիքը: Այդ ընթացքում
պայքարից դուրս մնաց Ferrari-ի առաջատար՝ Ֆերնանդո Ալոնսոն, ինչը հիասթափություն առաջացրեց
հավաքված մարզասերների մոտ:
Հետաքրքիր ու անզիջում պայքարի կիզակետում կրկին հայտնվեցին
երկու McLaren-ները: Այս անգամ նրանց մրցակիցներն էին Վալթերի Բոթթասը, Սերխիո Պերեսն
ու Դանիել Ռիկյարդոն: Ինչպես և Սպա-Ֆրանկորշամում մի փոքր տաքարյուն գտնվեց երիտասարդ
դանիացի Քևին Մագնուսենը, ով ոչ կորեկտ շարժումով ստիպեց Բոթթասին դուրս գալ մրցուղուց:
Մրցավարներն աննկատ չթողեցին այս դրվագը և պատժեցին մեղավորին՝ 5 վայրկյան տուգանք
ավելացնելով նրա վերջնական արդյունքին: Դրա հետևանքով Մագնուսնեը վերջնական դասակարգման
աղյուսակում զբաղեցրեց ընդամենը 10-րդ հորիզոնականը՝ առաջ թողնելով Ռայկկոնենին, Բաթոնին
և Պերեսին: Վերջին երկուսը շուրջ 15 շրջան կատաղի մենամարտ էին տանում միմյանց հետ,
որում առավել հաջողակ դուրս եկավ մեքսիկացի պիլոտը: Իսկ հաղթանակը, արդեն իսկ սովորական
դարձածի պես, նվաճեցին երկու Mercedes-ները: Հեմիլթոնը 7 միավորով կրճատեց տարբերությունը
Ռոսբերգից: Հաջորդ երկու հորիզոնականները, ինչպես և մեկնարկային դաշտում, բաժին հասան
Williams-ի մրցարշավորդներին: Սակայն այն տարբերությամբ, որ բրազիլացի Ֆելիպե Մասսան
վերջապես կարողացավ առաջ անցնել թիմակցից և երկարատև ընդմիջումից հետո բարձրացավ պատվո
պատվանդանին: Հենց այս կրկնակի հաջողությունն էլ թույլ տվեց Քլեր Ուիլյամսի ղեկավարած
թիմին շրջանցել Ferrari-ին Կոնստրուկտորների Գավաթի հաշվարկում և դուրս գալ երրորդ
տեղ: Իսկ երկրորդ հորիզոնականը թիմային պայքարում շարունակում է պահպանել Red Bull
թիմը: Հենց ավստրիական այս թիմի երկու մարզիկներն էլ Մոնցայի եզրագիծը հատեցին 5-րդ
և 6-րդ տեղերում: Ու կարծես թե արդեն պատահական չէ, որ հերթական անգամ աշխարհի վերջին
տարիների անփոփոխ չեմպիոն՝ Սեբաստիան Ֆեթելը զիջեց ավստրալացի Դանիել Ռիկյարդոյին:
Այս երիտասարդը, թվում է, մեծ ասելիք ունի Ֆորմուլա 1-ում:
Իսկ թիմերը այսուհետ կմեկնեն Սինգապուր, ուր կկայանա առաջնության
տասնչորսերորդ փուլը: