Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊԱՏԵՐԱԶՄ ԱՐԴԵՆՆԵՐՈՒՄ
26 Օգոստոս 2014

Երկարատև ընդմիջումից հետո վերջապես վերսկսվեց 2014թ. Ֆորմուլա 1 առաջնությունը՝ թևակոծելով վճռորոշ փուլ: Մրցաշրջանի առաջին հատվածն անցավ Mercedes թիմի և դրա երկու պիլոտների՝ Լյուիս Հեմիլթոնի և Նիկո Ռոսբերգի պայքարի նշանի տակ: Սպա-Ֆրանկորշամի մրցափուլից առաջ շատերը համոզված էին, որ էական փոփոխություն ուժերի դասավորվածության մեջ չարժէ ակնկալել: Անձրևային պայմաններում անցած որակավորման փուլը, կարծես, արդարացրեց այս սպասելիքները: Սակայն արդեն կիրակի գտնվեց մեկն, ով կարողացավ մարտահրավեր նետել "արծաթե նետերին”: Դա Red Bull- ի նորեկ՝ ավստրալացի Դանիել Ռիկյարդոն էր. միակ մարզիկն, ով այս մրցաշրջանում կարողացել է հաղթանակներ կորզել գերմանական թիմից:


Ինչպես և նախորդ տարի, 2014-ին էլ որակավորման փուլն, ինչպես արդեն նշեցինք, անցավ անձրևային պայմաններում: Pirelli-ի մասնագետները բելգիական փուլի համար պատրասատել էին Medium և Soft  տեսակի անվադողեր, սակայն դրանց կիրառումը հետաձգվեց մինչև կիրակի: Իսկ մարզիկները որակավորման առաջին հատվածն սկսեցին անձրևային և միջանկյալ տեսակի անվադողերով: Մրցուղին հետզհետե չորանում էր: Այդ պատճառով բոլորը ձգտում էին անմիջապես արագ շրջաններ անցնել, քանի որ աննշան հապաղումը կարող էր վճռորոշ դառնալ: Այդ խառնաշփոթի մեջ իրեն գերազանց դրսևորեց Marussia թիմի ֆրանսիացի մրցարշավորդ՝ Ժյուլ Բյանկին, ով ցուցադրեց 14-րդ արդյունքը: Իսկ հետագա պայքարից դուրս մնացին Մալդոնադոն, Հյուլկենբերգը, Չիլթոնը, Գուտյերեսը, առաջին մրցելույթն անցկացնող գերմանացի Անդրե Լոթերերն ու Մարկուս Էրիքսոնը:


Որակավորման երկրորդ հատվածն անցավ գրեթե նույն սցենարով: Նույն անվադողերը, նույն ձգտումը՝ առավել երկար ժամանակ անցկացնել մրցուղում՝ հարմար պահը չկորցնելու նպատակով: Ի վերջո եզրափակիչ հատվածի արգելքը չկարողացան հաղթահարել ռուսաստանցի Քվյատը, ինչպես նաև Վերնը, Պերեսը, Սութիլը, Գրոժանն ու Բյանկին:


Չնայած երրորդ հատվածից առաջ անձրևը դադարեց, արևն սկսեց հետզհետե չորացնել ասֆալտը՝ լավագույն ցուցանշները գրանցվեցին միիջանկյալ տեսակլ անվադողերով: Այս անգամ էլ մեկնարկի առաջին շարքը գրավեցին Mercedes-ի երկու մրցարշավորդները: Ռոսբերգին հաջողվեց մոտ երկու տասներորդական վայրկյանով առաջ անցնել թիմակցից՝ Լյուիս Հեմիլթոնից: Երրորդը Ֆեթելն էր, այնուետև Ալոնսոն, Ռիկյարդոն, Բոթթասը, Մագնուսենը, Ռայկկոնենը, Մասսան և Բաթոնը:


Մտավախություն կար, որ կիրակի էլ անձրևը լրջորեն կմիջամտի մրցարշավորդների պայքարիին, սակայն տեղումները կարճատև էին: Մարզիկները նախընտրեցին մեկնարկել Soft  տեսակի անվադողերով, բացառությամբ Ադրիան Սութիլի, ում ընտրությունը կանգ առավ ավելի կոշտ՝ Medium-ի վրա:


Տաքացման շրջանն անհաջող ստացվեց Ֆերնանդո Ալոնսոյի համար: Նրա մեքենան չշարժվեց տեղից, և պահնջվեց մեխանիկների միջամտությունը, ինչի համար իսպանացին ստացավ 5 վայրկյանի Stop&Go տուգանք, որն էլ ստիպված էր հետագայում իրականացնել մրցավազքի ժամանակ:


Մեկնարկի ժամանակ Հեմիլթոնը կարողացավ շրջանցել Ռոսբերգին հանրահայտ Eau Rouge շրջադարձում: Նույնը փորձում էր անել նաև Ֆեթելը, սակայն անհաջող: Այնուհետ, փորձելով վերադարձնել կորցրածը՝ գերմանացին հաջորդ իսկ շրջանին գրոհ ձեռնարկեց, որի արդյունքում երկու Mercedes-ների միջև տեղի ուեցավ կոնտակտ: Հեմիլթոնի բոլիդի հետևի անվադողը վնասվեց, և բրիտանացին ստիպված էր այցելել բոքսեր՝ հայտնվելով պելոթոնի ամենավերջում: Հետագայում Ռոսբերգը հայտարարեց, թե ցանկության դեպքում կարող էր խուսափել վթարից, սակայն գերադասեց գնալ մինչև վերջ, ինչը դարձավ բազում քննարկումների առարկա մրցափուլի ավարտից հետո:


Այս միջադեպի արդյունքում վնասվել էր նաև Ռոսբերգի բոլիդի առջևի հակաթևը, և գերմանացին ևս մի քանի դիրք կորցրեց՝ առաջ թողնելով Ռիկյարդոյին, Ռայկկոնենին, Ֆեթելին և Բոթթասին:


Եզրագծից 10 շրջան առաջ Ռոսբերգը, նոր անվադողեր ստանալով, գրոհ ձեռնարկեց Ռիկյարդոյի դիրքերի վրա և սկսեց հետզհետե կրճատել 20 վայրյկանի հասնող տարբերությունը: Քառասուներորդ շրջանին Հեմիլթոնը վերջնականապես դուրս մնաց պայքարից, իսկ Բոթթասը երրորդ տեղի համար պայքարում շրջանցեց Ռայկկոնենին:


Առավել գրավիչ պայքար ստատցվեց 5-ից 8-րդ տեղերի համար, որին մասնակցում էին երկու McLarenn-երը, Ֆեթելն ու Ալոնսոն: Առավել հաջողակ այստեղ գտնվեց աշխարհի քառակի չեմպիոնը: Մագնուսենն ու Ալոնսոն բավականին կոշտ էին միմյանց հանդեպ: Երիտասարդ դանիացին ի վերջո առաջ անցավ փորձառու մրցակցից, սակայն մրցափուլի ավարտից հետո ստյուարդները վերադիտեցին պահը և Քևինի արդյունքին գումարեցին ևս 20 վայրկյան: Դրա հետևանքով McLaren-ը զրկվեց շատ կարևոր միավորներից, քանի որ այդ տույժի պատճառով Մագնուսենը դուրս մնաց առաջին տասնյակից:


Իսկ Ռիկյարդոն այնուամենայնիվ կարողացավ պահպանել առաջատարի իր դիրքը՝ տոնելով մրցաշրջանում երրորդ հաղթանակը: Չնայած Ռոսբերգը, գրավելով երկրորդ տեղը, զգալիորեն պոկվեց Հեմիլթոնից, երկրպագուները ակնհայտորեն իրենց դժկամությունը հայտնեցին գերմանացուն:  Իսկ պատվո պատվանդանի երրորդ հորիզոնականը բաժին հասավ ֆինլանդացի Վալթերի Բոթթասին: Բացի վերը նշված մրցարշավորդներից առաջին տասնյակում տեղեր զբաղեցրին և միավորներ վաստակեցին համապատասխանաբար Կիմի Ռայկկոնենը, Սեբաստիան Ֆեթելը, Ջենսոն Բաթոնը, Ֆերնանդո Ալոնսոն, Սերխիո Պերեսը, Դանիել Քվյատը և Նիկո Հյուլկենբերգը:


Առջևում մարզիկներին սպասում է ոչ պակաս առասպելական Մոնցան՝ Իտալիայի Գրան-Պրին, որն ամենաարագներից մեկն է ողջ մրցաշրջանում:


Մենք անպայման կպատմենք ձեզ նաև այդ մրցափուլի մասին:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio