Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԻԱՅՆԱԿ՝ ՄԵՐՍԵԴԵՍԻ ԴԵՄ: ՌԻԿՅԱՐԴՈՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՐՅԵՐԱՅՈՒՄ:
28 Հուլիս 2014

Անցած հանգստյան օրերին կայացավ 2014թ. Ֆորմուլա 1 առաջնության հերթական մրցափուլը՝ Հունգարիայի Գրան-պրին, որը հանդիսատեսներին պարգևեց հետաքրքիր ու անզիջում պայքար՝ սկսած որակավորման առաջին հատվածից: Հաշվի առնելով Mercedes-ի հզոր մարզավիճակը և այն հանգամանքը, որ այդ թիմի կազմում է հանդես գալիս վերջին 7 տարիների ընթացքում այս մրցուղու ամենահաջողակ մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, կարելի էր ակնկալել, որ այս անգամ էլ բրիտանացին կտիրանա հունգարական գավաթին: Սակայն այդ մասին լրիվ այլ պատկերացումներ ուներ Red Bull-ի երիտասարդ նորեկ՝ ավստրալացի Դանիել Ռիկյարդոն: Նա միակն է, ում հաջողվել է այս տարի խանգարել Mercedes-ի հաղթարշավին: Բուդապեշտում դա տեղի ունեցավ արդեն երկրորդ անգամ:


Հեմիլթոնի մրցակիցների գործը հեշտացավ արդեն շաբաթ օրը՝ որակավորման առաջին հատվածի առաջին իսկ շրջաններին: Բրիտանացին երկրորդ մրցափուլն անընդմեջ բախվեց տեխնիկական խնդիրների: Այս անգամ շարքից դուրս եկավ վառելիքի համակարգը, ինչի հետևանքով բռնկվեց Լյուիսի բոլիդը: Որակավորումը նրա համար ավարտվեց՝ նույնիսկ չսկսված:  Մինչ այդ պայքարից դւորս մնաց նաև Պասթոր Մալդոնադոն՝ նույնպես չավարտելով արագ շրջանը: Մնացած առաջատարները ընտրեցին պահպանողական մարտավարություն՝ մրցուղի դուրս գալով ավելի կոշտ՝ Medium  տեսակի անվադողերով: Հենց այդ պահպանողականությունը չար կատակ խաղաց Ferrari-ի վրա: Վտսահ լինելով, որ նախապես ցույց տրված արդյունքը բավարար է՝ որակավորման երկրորդ հատված անցնելու համար՝ Կիմի Ռայկոնենը դուրս չեկավ մրցուղի և թույլ տվեց Marussia-ն ներկայացնող Ժյուլ Բյանկիին Soft անվադողերով գերազանցել իրեն վերջին վայրկյաներին ցուցադրած ժամանակի շնորհիվ:


Երկրորդ հատվածում բոլոր մրցարշավորդներն ընտրեցին ավելի փափուկ ու մոտ 1.6 վայրկյանով ավելի արագ՝ Soft մակնիշավորմամբ անվադողերը: Սերխիո Պերեսը դուրս մնաց պայքարից հիդրավլիկ համակարգի խափանման պատճառով: Վերջում իր արագ շրջանը ձախողեց նաև ռուսաստանցի Դանիիլ Քվյատը: Երրորդ հատվածի արգելքը բացի նշված երկու մարզիկներից չհաղթահարեցին նաև Սութիլը, Գուտյերեսը, Գրոժանը և Բյանկին:


Որակավորման երրորդ հատվածը դեռ չսկսված՝ եղանակը խառնվեց պայքարի ընթացքին: Տեղաց անձրև՝ ստիպելով մրցարշավորդներին հնարավորինս արագ գրանցել որևէ արդյունք, քանի որ պարզ չէր՝ արդյոք հետագայում հնարավոր կլինի գերազանցել ամենասկզբում ցուցադրած ժամանակը: Հենց այդ շտապողականության և փորձի պակասի պատճառով չկարողացավ սանձել իր McLaren-ը դանիացի Քևին Մագնուսենը: Նրա վթարից հետո որոշ ժամանակ հայտարարվեց կարմիր դրոշների ռեժիմ՝ մեքենան էվակուացնելու և վնասված պաշտպանիչ պատը վերականգնելու համար:


Ինչպես պարզվեց՝ անձրևը կարճատև էր: Լավագույն արդյունքները այդպես էլ ցուցադրվեցին սլիքերով: Փոուլը բաժին հասավ Նիկո Ռոսբերգին՝ իններորդ անգամ կարյերայի մեջ: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին Սեբասթիան Ֆեթելն ու Վալթերի Բոթթասը:


Ավանդաբար համարվում է, որ Հունգարիայում գրեթե անհնար է վազնաց կատարել, սակայն միևնույն ժամանակ վերջին տարիներին այստեղ փոուլից մեկնարկելով կարողացել է հաղթել միայն Լյուիս Հեմիլթոնը, որն այս անգամ ստիպված էր մեկնարկել փիթ-լեյնից: Այդտեղ նրան "ընկերակցել էր” Քևին Մագնուսենը:


Ինչպես և նախօրեին իր խոսքը ասաց եղանակը: Մրցավազքի մեկնարկից մոտ մեկ ժամ առաջ Հունգարորինգի վրա ամպեր կուտակվեցին, և անձրև սկսվեց: Պիլոտները պայքարի մեջ մտան միջանկյալ տեսկաի անվադողերով: Մրցուղին թաց էր, և արդեն իսկ տաքացման շրջանին մի շարք մրցարշավորդներ սխավում էին՝ բարեբախտաբար առանց լուրջ հետևանքների:


Մեկնարկն անցավ առանց ավելորդ միջադպերի. Ռոսբերգը պահպանեց առաջատարի դիրքը, Ֆեթելն առաջ թողեց Բոթասին, իսկ Ռիկյարդոն՝ Ալոնսոյին և Բաթոնին: Արդեն 8-րդ շրջանին Հեմիլթոնը պայքարում էր 13-րդ տեղի համար: Հենց այդ պահին իր մեքենան ջարդեց Մարկուս Էրիքսոնը՝ Caterham-ից: Մրցավազքի տնօրինությունը ստիպված էր մրցուղի հանել անվտանգության մեքենան: Օգտվելով առիթից՝ շատ պիլոտներ այցելեցին բոքսեր՝ նոր անվադողեր ստանալու: Եվ եթե նման քայլի դիմած բոլոր մարզիկները ընտրեցին սլիքերը, ապա McLaren-ում որոշեցին ռիսկի դիմել և Բաթոնին ու Մագնուսենին թողեցին միջանկյալ տեսակի անվադողերվ:  Ինչպես ցույց տվեց հետագա ընթացքը՝ դա ճակատագրական սխալ էր թիմի համար:


Սակայն մինչ այդ, դեռևս անվտանգության մեքենայի ռեժիմի պայմաններում, իր մեքենան ջարդեց նաև Ռոման Գրոժանը, ինչի հետևանքով Բերնդ Մայլանդերը ևս երեք շրջան իր հետևից տարավ մրցարշավորդներին: Նրա հեռանալուց հետո Բաթոնը շրջանցեց Ռիկյարդոյին և կարճ ժամանակով (ի դեպ՝ առաջին անգամ այս մրցաշրջանում) գլխավորեց պելոտոնը: Սակայն անմիջապես պարզ դարձավ, որ պետք է փոխել նրա McLaren-ի անվադողերը, և բրիտանացին արդեն երկրորդ անգամ այցելեց փիթ-լեյն՝ զրկվելով քիչ թե շատ բարձր արդյունք ցույց տալու հնարավորությունից:


Քսաներեքերորդ շրջանի վերջին շրջադարձում լուրջ վթարի ենթարկվեց Սերխիո Պերեսը, ինչը կրկին հանգեցրեց անվտանգության մեքենայի հայտնվելուն: Դրա հեռանալուց հետո առաջատարի դիրքը ստանձնեց արդեն Ֆերնանդո Ալոնսոն, երկրորդը Վերնն էր, ով իր հետևում հավաքել էր ավելի արագ մի շարք մեքենաներ՝ Ռոսբերգի գլխավորությամբ:

Ռիկյարդոյի, Ալոնսոյի, Հեմիլթոնի և Ռոսբերգի պայքարը շարունակվում էր մինչև վերջին շրջանը: Նրանցից յուրաքնաչյուրը պարբերաբար հայտնվում էր առաջատարի դիրքում, երբ մրցակիցներից որևէ մեկը այլցելում էր փիթ-լեյն՝ նոր անվադողեր ստանալու:  Այս պայքարի մեջ առավել հաջողակ և համարձակ դուրս եկավ Դանիել Ռիկյարդոն: Նախ նախավերջին շրջանին նա կարողացավ հիանալի մանևրով շրջնցել Լյուիս Հեմիլթոնին, իսկ մրցավազքի վերջին շրջանին անցավ նաև Ֆերնանդո Ալոնսոյին: Mercedes-ի թիմակիցներ՝ Հեմիլթոնն ու Ռոսբերգը վիճարկում էին պատվո պատվանդանին հայտնվելու հնարավորությունը: Գերմանացին ուներ ավելի թարմ անվադողերի առավելությունը, սակայն Լյուիսը գրագետ էր պաշտպանվում և այդպես էլ չթողեց թիմակցին իրենից առաջ անցնել: Եղավ նույնիսկ մի պահ, երբ նույնիսկ Mercedes-ի հրամանատար կամրջակից Լյուիսից  պահանջեցին զիջել դիրքը, սակայն Հեիլթոնը անտեսեց այդ հրամանը, ինչը բնականաբար առաջացրեց Ռոսբերգի դժգոհությունը: Այս տհաճ պատմությունը ևս մեկ անգամ ընդգծեց, թե որքան լարված և պայթունավտանգ է ներթիմային պայքարը Mercedes-ում: Այս անգամ Լյուիսն ավելի շատ միավորներ վաստակեց՝ կրճատելով ընդհանուր հաշվարկում եղած տարբերությունը: Իսկ Ռիկյարդոն դուրս եկավ երրորդ հորիզոնական:


Բացի վերը նշված չորս մրցարշավորդներից Հունգարորինգից միավորներով տուն վերադարձան Մասսան, Ռայկոնենը, Ֆեթելը, Բոթասը, Վերնը և Բաթոնը:


Առաջնությունում մոտ մեկամսյա ընդմիջում է հայտարարվել: Հաջորդ մրցափուլը տեղի կունենա առասպելական Սպա-Ֆրանկորշամում, Բելգիա: Պայքարը մրցաշրջանի երկրորդ կեսում խոստանում է լինել նույնչափ թեժ ու գրավիչ: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio