Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԻԼԻԱՄՍԸ ՃԱԽՐՈՒՄ Է, ՄԵՐՍԵԴԵՍԸ՝ ՀԱՂԹՈՒՄ…
23 Հունիս 2014

Տասնմեկ տարվա ընդմիջումից հետո Ֆորմուլա 1 առաջանությունը կրկին վերդարձավ Ավստրիա՝ նախկին A1Ring, որն այժմ կրում է Red Bull անունը: Այս տարիների ընթացքում Red Bull-ը էներգետիկ խմիչքներ արտադրող ընկերություն լինելուց բացի կարողացավ դառնալ Ֆորմուլա 1-ի առաջատարներից մեկը՝ նվաճելով բազում չեմպիոնական կոչումներ անհատական և թիմային հաշվարկներում: Բնականաբար թիմը, որն այս տարի այնքան էլ հաջող հանդես չի գալիս, հույս ուներ "տնային”  պայմաններում ամրապնդել Կանադայում ձեռք բերած հաջողությունը՝ մարտահրավեր նետելով մրցաշրջանի ընդգծված առաջատար՝ Mercedes-ին:


Շատերին Շպիլբերգում գտնվող մրցուղին այնքան էլ բարդ չէր թվում, սակայն ինչպես պարզվեց՝ այն իր մեջ բազում թաքնված խոչընդոտներ էր պարունակում և մասնավորապես՝ առաջին և ութերորդ շրջադարձերը: Կարելի է ասել՝ հենց ութերորդ շրջադարձը որոշիչ դարձավ որակավորման մրցումների ժամանակ: Մինչև ուիք-էնդի մեկնարկը տեխնիկական տնօրեն Չարլի Ուայթնինգը զգուշացրել էր մարզիկներին, որ յուրաքանչյուր մեքենա, որը բոլոր չոչս անիվներով դուրս կգա այդ շրջադարձում մրցուղուց, կզրկվի տվյալ շրջանի վրա ցուցադրած արդյունքից: Ինչպես ցույց տվեցին իրադարձությունները՝ զգուշացումը պատահական չէր: Մրցավազքի տնօրինությունը ստիպված եր չեղյալ համարել 14 շրջան:


Որակավորման առաջին սեգմենտից դուրս մնացին Sauber-ի, Caterham-ի և Marussia-ի մրցարշավորդները: Երկրորդ հատվածից հետո պայքարն ավարտեցին նաև Պերեսը, Բաթոնը, Ֆեթելը, Մալդոնաոն, Վերնը և Գրոժանը: Հիմնական իրադարձությունները ծավալվեցին երրորդ հատվածում,երբ Հեմիլթոնի ցուցադրած լավագույն արդյունքը չեղյալ համարվեց մրցուղուց դուրս գալու պատճառով, իսկ Ռոսբերգն էլ փորձեց ռիսկի չդիմել՝ չսխալվելու ակնկալիքով: Այս իրավիճակում լավագույնս իրենց ցուցադրեցին Williams-ի մրցարշավորդները, ովքեր միմյանց միջև խաղարկեցին կիրակի առաջինը մեկնարկելու իրավունքը: Արդյունքում փոուլը բաժին հասավ փորձառու Ֆելիպե Մասսային: Սա 16-րդ նմանատիպ հաջողությունն էր բրազիլացու կարյերայում և առաջինը 2008թ. Բրազիլիայի Գրան-Պրիից հետո: Վալթերի Բոթասն էլ երկրորդն էր, ինչը թույլ  տվեց Williams-ին երկար տարիների ընդմիջումից հետո կրկին գրավել մեկնարկային դաշտի առաջին շարքը:


Երրորդ մրցափուլն անընդմեջ Pirelli ընկերությունը մարզիկներին առաջարկել էր երկու ամենափափուկ տեսակի անվադողերը՝ Soft և Supersoft: Եվ եթե առաջինը առանձնակի խնդիրներ չէր առաջացնում, ապա գերփափուկ կազմով անվադողերը արագ քայքայվում էին և դժվարացնում մարզիկների պայքարը:


Մեկնարկին երկու առաջատարները կարողացան պահպանել իրենց դիրքերը, իսկ ահա Հեմիլթոնին հաջողվեց 9-րդ հորիզոնականից միանգամից հասնել չորրորդին: Սեբասթիան Ֆեթելի մեքենան երկրորդ շրջանին կորցրեց հզորությունը, և չնայած գերմանացին կարողացավ վերականգնել վերահսկողությունը բոլիդի նկատմամբ, այնուամենայնիվ հայտնվեց հետնապահի դերում:


Հաղթանակի համար պայքարում որոշիչ դարձան պիթ-ստոպերը: Հենց դրանց հաշվին նախ Ռոսբերգը կարողացավ անցնել Մասսային արդեն 16-րդ շրջանին: Ֆեթելի անհաջող Գրան-Պրին ավարտվեեց 37-րդ շրջանին, երբ թիմը որոշեց խնայել շարժիչի ռեսուրսը՝ հասկանալով, որ աշխարհի քառակի չեմպիոնն այլևս չի կարող պայքարել նույնիսկ մեկ միավորի համար: Պիթ-ստոպերի երկրորդ ալիքի ժամանակ հերթը հասավ նաև Հեմիլթոնին, ով կարողացավ անցնել Բոթասին և պայքարի նետվել թիմակցի հետ: Սակայն Նիկո Ռոսբերգը հիանալի էր վերահսկում իրավիճակը և ոչ մի հնարավորություն չտվեց Լյուիսին՝ լուրջ գրոհ ձեռնարկելու: Վստահորեն անցնելով բոլոր շրջանները՝ Ռոսբերգը նվաճեց հերթական հաղթանակը՝ երրորդն այս մրցաշրջանում և վեցերորդը ողջ կարյերայում: Հեմիլթոնը երկրորդն էր, ինչը նշանակում է, որ Mercedes-ը գրանցեց վեցերորդ դուբլը անցկացված ութ մրցափուլերում: Իսկ պատվո պատվանդանի երրորդ հորիզոնականին կանգնեց Վալթերի Բոթասը՝ հիանալի նվաճում երիտասարդ ֆինլանդացու և ընդհանուր առմամբ Williams թիմի համար, որն այս հաջողության շնորհիվ կարողացավ շրջանցել McLaren-ին կոնստրուկտորների գավաթի աղյուսակում: Բացի երկու Mercedes-ներից և Williams-ներից առաջին տասնյակում տեղ գրավելու համար միավորներ ստացան նաև Ալոնսոն, Պերեսը, Մագնուսենը, Ռիկյարդոն, Հյուլկենբերգը և Ռայկկոնենը: Իսկ մրցավազքի լավագույն շրջանը գրանցեց Սերխիո Պերեսը՝ Force India թիմից: Մեքսիկացին ցուցադրեց 1:12,142 արդյունք:


Երկու շաբաթ անց Ֆորմուլա 1-ը կտեղափոխվի Մեծ Բրիտանիա, ուր տեղի կունենա Սիլվերսթոունի Գրան-Պրին:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio