ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՌԵԴ ԲՈՒԼԸ ԹԵՎԵՐ Է ԱՌՆՈՒՈՒՈՒՄ…
09 Հունիս 2014
Կանադայի Գրան-Պրին մշտապես առանձնանում է օրացույցի մնացած
փուլերից առաջին հերթին իր անկանխատեսելիությամբ: Բավական է հիշել 2012թ. Ջենսոն Բաթոնի
տոնած անհավանական հաղթանակը, երբ բրիտանացին կարողացավ առաջինը հատել եզրագիծն այն
դեպքում, երբ մրցավազքի միջնամասում տեխնիկական պատճառներով ընթանում էր վերջին տեղում:
Այս տարի, ճիշտ է, McLaren-ն այնքան էլ մրցունակ չէ, որպեսզի պայքարի հաղթանակի համար,
սակայն պարզ էր, որ Mercedes-ի ջախջախիչ առավելությունը հանգիստ չի տալիս մրցակիցներից
և ոչ մեկին: Հարց էր, սակայն՝ ով կկարողանա ձեռնոց նետել "արծաթյա նետերին”:
Կանադայում որակավորումը այքնան էլ կարևոր չէ հաղթողի որոշման
հարցում. մրցուղու կառուցվածքը թույլ է տալիս վազանցել մրցակիցներին: Սակայն դա չի
նշանակում, որ պիլոտները թերանում են շաբաթօրյա ելույթների ժամանակ: Այս անգամ որակովորման փուլին չկարողացավ
մասնակցել Էստեբան Գուտյերեսը, ով ջարդել էր իր Sauber-ը ազատ ելույթների երրորդ հատվածում:
Ի դեպ, ի տարբերություն ազատ մրցելույթների, որակավորման ժամանակ բավականին շոգ էր,
և թիմերը ստիպված էին զգալի փոփոխություններ կատարել մեքենաների կարգավորումներում:
Սակայն այս պարագայում էլ ամեն ինչ ընթացավ արդեն իսկ սովորական
դարձած սցենարով, որի համաձայն հիմնական պայքարը գնաց Mercedes-ի երկու մեքենաների
միջև: Եվ եթե առաջին երկու հատվածներում առավելությունը Լյուիս Հեմիլթոնի կողմն էր,
ապա որոշիչ՝ երրորդ հատվածում Նիկո Ռոսբերգը կարողացավ հիանալի շրջան անցնել և նվաճեց
իր կարյերայի յոթերորդ և այս մրցաշրջանում երրորդ փոուլը: Հեմիլթոնը երկրորդն էր: Հիանալի
հանդես եկան Williams-ի երկու մրցարշավորդները, ովքեր բացի Mercedes-ի երկու մարզիկներից
իրենցից առաջ թողեցին միայն աշխարհի քառակի չեմպիոն՝ Սեբասթիան Ֆեթելին: Առաջին տասնյակում
էին նաև գերմանացու թիմակաից՝ Դանիել Ռիկյարդոն, երկու Ferrari-ները, Ջենսոն Բաթոնը՝
McLaren-ով և Վերնը՝ Toro Rosso-յով:
Pirelli ընկերությունը այս մրցափուլի համար տրամադրել էր
անվադողերի երկու ամենափափուկ տեսակները, սակայն շոգ եղանակի պայմաններում դրանք ավելի
արագ էին մաշվում, ինչի հետևանքով թիմերը ստիպված էին նոր խնդիրներ լուծել: Մեկնարկն
անհաջող ստացվեց Հեմիլթոնի համար, ով նախ անհաջող փորձեց գրոհել թիմակցին, իսկ այնուհետև
ստիպված էր դիրքը զիջել նաև Ֆեթելին: Հենց առաջին շրջնին միմյանց բախվեցին երկու
Marussia-ները, ինչը ստիպեց կազմակերպիչներին կանգնացնել պայքարը և մրցուղի դւորդ բերել
անվտանգության ավտոմեքենան: Մրցավազքը վերսկսվեց միայն 8-րդ շրջանին, և օգտվելով դրանից,
Հեմիլթոնը վերադարձրեց երկրորդ դիրքը: Երկու Mercedes-ների պայքարը շարունակվում էր
մինչև 40-րդ շրջանը, երբ գրեթե միաժամանակ երկու բոլոիդների վրա էլ ի հայտ եկան շարժիչի
հզորության կորստի նշաններ, ինչի հետևանքով նրանց տեմպն ընկավ շուրջ 3 վայրկյանով:
Մարզիկները ի հեճուկս ծագած խնդիրների շարունակեցին պայքարը, երկրորդ անգամ կանգ առան՝
անվադողերի փոփոխման համար, սակայն պիթ-ստոպից մի քանի շրջան անց Հեմիլթոնն այնուամենայնիվ
կանգ առավ բոքսերում՝ այս անգամ վերջանականպես: "Արծաթե նետերի” խնդիրները ոգևորեցին
մնացած մարզիկներին: Առաջին երեք տեղերի համար պայքարն ընդանում եր վերջին 7-8 շրջանների
ընթացքում: Հիանալի գրոհով Դանիել Ռիկյարդոն, ով գրեթե անսխալ անցավ ողջ մրցուղին,
կարողացավ շրջանցել Ռոսբերգին, գրեթե նույն պահին Ֆեթելն էլ անցավՊերեսին՝ երրորդ տեղի համար պայքարում: Անմիջապես դրանից հետո Ֆելիպե
Մասան փորձեց կրկնել գերմանացու հնարքը, սակայն Սերխիոն փակեց հետագիծը, և երկու բոլիդները
մեծ արագությամբ բախվեցին պատին: Արտաքուստ շատ վտանգավոր այս վթարը բարեբախտաբար անհետևանք
անցավ մարզիկների համար, ովքեր ինքնուրույն կարողացան լքել կոքպիտները: Անվտանգության
նպատակներով երկու պիլոտներն էլ ուղարկվեցին հոսպիտալ՝ բուժզննում անցնելու:
Իսկ մրցափուլն ավարտվեց Դանիել Ռիկյարդոյի հաղթանակով, որը
ոչ միայն առաջինն էր Red Bull-ի համար այս մրցաշրջանում, այլև, ինչն ավելի կարևոր է,
առաջինն էր երիտասարդ ավստրալացու համար, ով անսպասելիորեն լուրջ մարտահրավեր է նետել
իր տիտղոսակիր թիմակից՝ Ֆեթելին, ով այս անգամ բավարարվեց երրորդ տեղով: Նիկո Ռոսբերգը
կարողացավ դիմակայել բոլոր տեխնիկական խնդիրներին և ի վերջո եզրագիծը հատեց երկրորդը՝
էլ ավելի ամրապնդելով իր առավելությունը Հեմիլթոնի նկատմամբ: Մասսայի և Պերեսի վթարի
արդյունքում չորրորդ տեղը զբաղեցրեց Ջենսոն Բաթոնը, ինչը լավագույն արդյունաը դարձավ
բրիտանական թիմի համար մրցաշրջանի առաջին Գրան-Պրիից հետո: Բացի վերը նշված մարզիկնկերից
առաջին տասնյակում տեղ զբաղեցրին նաև Հյուլկենբերգը, Ալոնսոն, Բոթասը, Վերնը, Մագնուսենը
և Ռայկկոնենը:
Երկու շաբաթ անց Մեծ Կրկեսը կվերադառնա Եվրոպա, ուր տասնմեկամյա
ընդմիջումից հետո կկայանա Ավստրիայի Գրան-Պրին: