ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԵՑ ՀԱՎԱԿՆՈՐԴ ԵՎ ՄԵԿ ՀԱՂԹՈՂ
20 Ապրիլ 2014
Անցած հանգստյան օրերին կայացավ 2014թ. Ֆորմուլա 1 առաջնության
Չինաստանի Գրան-Պրին: Այս տարի մրցուղի էին դուրս եկել նախկինում այստեղ հաղթած վեց
մրցարշավորդներ՝ Ալոնսոն, Ռայկկոնենը, Բաթոնը, Ռոսբերգը, Հեմիլթոնն ու Ֆեթելը: Եվ չնայած
այս բոլոր պիլոտներն էլ մնում են անկրկնելի վարպետներ, սակայն նախորդ մրցափուլերի արդյունքները
կասկած չէին թողնում, որ հաղթողի հիմնական թեկնածուները երկուսն են՝ Mercedes-ի մրցարշավորդներ
Լյուս Հեմիլթոնն ու Նիկո Ռոսբերգը: Արդյունքում հենց նրանք էլ խաղարկեցին հաղթանակը,
որն արդեն երրորդ անգամ անընդմեջ բաժին հասավ բրիտանացուն:
Չինաստանը դիմավորեց մարզիկներին անձրևներով: Սա արդեն երրորդ
դեպքն էր այս տարվա չորս մրցափուլերում, երբ որակավորումն անցկացվում էր խոնավ եղանակային
պայմաններում: Առաջին հատվածում բոլոր պիլոտները, բացի Caterham-ի մրցարշավորդներից
ու Ժան-Էրիկ Վերնից նախընտրեցին անձրևային անվադողերը: Արդյունքում պայքարից դուրս
մնացին Marussia-ն, Caterham-ն ու Էսթեբան Գուտյերեսը: Բացի այդ ընդհանրապես մեկնարկ
դուրս չեկավ Պասթոր Մալդոնադոն, ում մեքենայի վրա դեռևս առավոտյան ազատ մրցելույթների
ժամանակ նկատվել էր յուղի արտահոսք:
Որակավորման երկրորդ հատվածում մրցարշավորդները մրցուղի դուրս
եկան միջանկյալ տեսակի անվադողերով, չնայած տեսանելիությունն ու ասֆալտի վիճակը դեռևս
բավարար չէին: Ոչ բոլորը կարողացան իդեալական շրջան գրանցել: Հաջորդ փուլ չանցան Ռայկկոնենը,
Բաթոնը, Քվյատը, Սութիլը, Մագնուսսենն ու Պերեսը:
Ի վերջո ուժեղացող անձրևի պայմաններում փոուլը նվաճեց Լյուիս
Հեմիլթոնը՝ այդ առումով դառնալով բրիտանացի լավագույն մրցարշավորդը պատմության մեջ:
Նախկին ցուցանիշը պատկանում էր Ջիմ Քլարկին: Ընդհանուր առումով Լյուիսը զիջում է միայն
լեգենդար Այրթոն Սեննային, Միխայել Շումախերին և Սեբասթիան Ֆեթելին: Երկրորդ հորիզոնականը
զբաղեցրեց Red Bull-ի նորեկ՝ Դանիել Ռիկյարդոն, ով առաջ անցավ թե թիմակից՝ Ֆեթելից,
թե ընդհանուր հաշվարկի առաջատար՝ Նիկո Ռոսբերիգից, ով այս անգամ բավարարվեց չորրորդ
տեղով:
Քանի որ որակավորումն անցել էր անձրևային պայմաններում, մրցարշավորդները
հնարավորություն ունեին՝ ընտրել Pirelli-ի առաջարկած երկու տեսակի անվադողերից ցանկացածը:
Արդյունքում բոլորը կանգ առան ավելի արագ Soft տեսակի վրա, բացի Մագնուսսենից, ով նախընտրեց
համեմատաբար դանդաղ Medium-ը:
Մեկնարկը հաջող ստացվեց Հեմիլթոնի համար, ով կարողցավ պահպանել
առաջատարի դիրքը, մինչ դեռ նրա հետևում թեժ պայքար, որի արդյունքում Ռոսբերգը նահանջեց
վեցերորդ տեղ, իսկ Հեմլթոնին հետապնդողների առաջատարը դարձավ Ֆեթելը: Պիթ-ստոպերի առաջին
ալիքն սկսվեց արդեն 8-րդ շրջանին: Լուրջ խնդիրներ առաջացան Ֆելիպե Մասսայի բոլիդի ձախ
հետևի անիվը փոխելու ժամանակ, որն ըստ երևույթին վնասվել էր մեկնարկին գրանցված միջատեպի
ընթացքում: Այս հանգամանքն այլևս թույլ չտվեց բրազիլացուն պայքարել միավորների համար,
չնայած Williams-ի արագությունը բավարարում էր բարձր տեղ գրավելուն: Քսաներկուերորդ
շրջանին Ռոսբերգը կարողացավ շրջանցել Ֆեթելին և դուրս գալ երրորդ տեղ: Արդյունքում
Ֆեթելին հասավ նաև Ռիկկյարդոն, և Red Bull-ում որոշեցին խնդրել գերմանացուն՝ բաց թողնել
Դանիելին: Մի քանի շրջան դեռևս Սեբը դիամդրում էր և չէր կատարում հրահանգը, մինչ ի
վերջո ավստրալացին կարողցավ անցնել թիմակցին: Երրորդ պիթ-ստոպից հետո Ռոսբերգը հզոր
գրոհ ձեռնարկեց Ալոնսոյի դիրքերի վրա և կարողցավ անցնել իսպանացուն 42-րդ շրջանին:
Այդ պահից հետո երկու Mercedes-ները հետևողականորեն պոկվեցին այլ մրցակիցներից՝ վստահորեն
տոնելով չորրորդ հաղթանակը չորս մեկնարկային Գրան-Պրիներում, ընդ որում երեքում գրանցելով
հաղթական դուբլ: Երրորդ տեղը կարողացավ պահպանել Ֆերնանդո Ալոնսոն: Ուշագրավ էր, որ
մրցափուլի արդյունքները գրանցվեցին 54-րդ շրջանի դրությամբ, քանի որ 55-րդին մրցավազքի
առաջատարին սխալմամբ ցուցադրվել էր վանդակավոր դրոշը: Այս իրավիճակը կարգավորվում է
առաջնության Սպորտային Կանոնադրությամբ, որն էլ կիրառվեց այս պարագայում:
Այսպիսով Հեմիլթոնը գրեթե հասավ Ռոսբերգին անհատական առաջնության
պայքարում՝ հետ մնալով թիմակցից ընդամենը 4 միավորով: Ալոնսոն էլ դուրս եկավ երրորդ
հորիզոնական: Թիմային հաշվարկում շատերի կարծիքով պայքարը կարելի է համարել ավարտված:
Ընդամենը 4 մրցափուլերից հետո Mercedes-ը մոտակա մրցակից՝ Red Bull-ից առաջ է անցել
97 միավորով, և չի երևում, թե ինչպես մնացած թիմերը կարող են հասնել Արծաթագույն Նետերին:
Առաջնությունը ընդմիջում է վերցնում՝ վերադառնալու համար
Եվրոպա: Հաջորդ մրցափուլը կկայանա Բարսելոնայի Կատալունյա մրցուղում: