ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ԱՎԱԶՈՒՏՆԵՐՈՒՄ
06 Ապրիլ 2014
2014 թ առաջնությունը սպառնում է վերածվել Mercedes-ի երկու
մրցարշավորդների ներքին պայքարի, ինչն առավելագույնս տեսանելի դարձավ Սահիրի մրցուղում:
Ընդ որում Բահրեյնի մրցափուլն ապացուցեց նաև, որ տեխնիկական փոփոխությունները զգալիորեն
նպաստում են նաև ընդհանուր պայքարի տեսարժանությանը: Անակնկալներն ու թեժ պայքարը սկսվեցին
դեռևս ուրբաթ օրվա ազատ մրցելույթներից, շարունակվեցին որակավորման ժամանակ, իսկ դրանց
գագաթնակետն էր Հեմիլթոնի և Ռոսբերգի "մահացու” պայքարը միմյանց դեմ, որտեղ ավելի սառնասիրտ
գտնվեց բրիտանացի մրցարշավորդը:
Սա այս մրցաշրջան առաջին "չոր” որակավորումն էր. այն թույլ
տվեց ավելի հստակ գնահատել թիմերի մարզավիճակը: Pirelli-ն՝ անվադողերի պաշտոնական մատակարարը
, այս շաբաթ տրամադրել էր Soft և Medium տեսակի անվադողեր, որոնց միջև արագության տարբերությունը
հասնում է շուրջ 2 վայրկյանի: Ցուցադրվելիք արդյունքների վրա որոշակի ազդեցություն
ունեցավ նաև կազմակերպիչների որոշումը՝ տեղափոխել մրցարշավի մեկնարկը ավելի ուշ ժամի,
ինչի հետևանքով փոխվեց նաև ասֆալտի ջերմաստիճանը:
Սակայն մինչ այդ թիմերը դուրս եկան մրցուղի՝ պարզելու որակավորման
փուլի հաղթողին: Ինչպես և նախորդ՝ Մալայզիայի մրցափուլում որակավորման առաջին արգելքը
չհաղթահարեցին Marussia և Caterham թիմերն ամբողջ կազմով և նրանց ընկերակցած Ադրիան
Սութիլն ու Պասթոր Մալդոնադոն:
Երկրորդ սեգմենտում մրացարշավորդները գերադասեցին հանդես
գալ առավել փափուկ անվադողերով: Merecedes-ի առավելությունն այնքան մեծ էր, որ նրանք
նույնիսկ դուրս չեկան մրցուղի՝ երկրորդ արագ շրջան կատարելու: Ուշագրավ էր, որ
Williams-ի երկու պիլոտները ցույց տվեցին բացարձակ միևնույն արդյունքը՝ 1.34.842: Հետագա
պայքարից դուրս մնացին Սեբասթիան Ֆեթելը, Հյուլկենբերգը, Քվյատը, Վերնը, Գուտյերեսն
ու Գրոժանը:
Եթե հաշվի չառնենք Ռոսբերգի և Հեմիլթոնի նվաճաած համապատասխանաբար
1-ին և 2-րդ հորիզոնականները, ապա երրորդ մրցափուլում առավել աչքի ընկան Սերխիո Պերեսն
ու Վալթերի Բոթասը: Բացի նշված մարզիկներից առաջին տասնյակում էին նաև երկու
McLaren-ները, երկու Ferrari-ները, մեկ Red Bull և մեկ այլ Williams: Սակայն երրորդ
տեղը գրաված Ռիկյարդոն կորցրեց 10 տեղ նախորդ մրցափուլում չամրացված անիվով մրցուղի
դուրս գալու պատճառով:
Հենց մեկնարկի ժամանակ Հեմիլթոնը կարողցավ շրջանցել թիմակցին,
իսկ Մասսան կտրուկ բարձրացավ 3-րդ հորիզոնական: Ինչպես և նախորդ մրցափուլում բախվեցին
Մագնուսսենն ու Ռայկկոնենը, սակայն այս անգամ առանց ավելորդ վնասվածքների: Արդեն
15-16 շրջան անց պարզ դարձավ, որ հաղթանակը իրենց մեջ կխաղարկեն Mercedes-ները: Սուր
պայքարի արդյունքում Նիկոն և Լյուիսը անընդհատ փոխվում էին տեղերով: Թիմի ղեկավարները
մտահոգված տեսք ունեին, սակայն ակնհայտորեն չէին միջամտում պայքարին, որը կարող էր
և անհաջող ավարտվել թիմի համար, եթե մրցարշավորդներից որևէ մեկը թեկուզ աննշան սխալ
կամ չմտածված գործողություն թույլ տար իրեն:
Ընդհանրապես Բահրեյնի մրցափուլն առանձնացավ թեժ պայքարով
պելոտոնի ողջ երկայնքով: Մարզկները պայքարում էին յուրաքանչյուր սանտիմետրի համար՝
չցանկանալով զիջել միմյանց: Նման պայքարի արդյունքում էլ 41-րդ շրջանին բախվեցին Պասթոր
Մալդոնադոյի Lotus-ն ու Էսթեբան Գուտյերեսի Sauber-ը: Վերջինիս մեքենան պտույտ գործեց
երկայնակի առանցքի շուրջ և վայրէջք կատարեց չորս անիվների վրա: Բարեբախտաբար մեքսիկացին
չտուժեց, սակայն մրցավազքը դադարեցվեց՝ մեքենաների մնացորդները հավաքելու համար: Անվտանգության
մեքենայի դուրս գալը թույլ տվեց Ռոսբերգին չեզոքացնել Հեմիլթոնի ունեցած առավելությունը,
և պայքարը սկսվեց նորից: Ընթացքում կցորդման հետ խնդիրների պատճառով պայքարից դուրս
մնացին երկու McLaren-ները, և իր 250-րդ Գրան-Պրին անցկացնող Ջենսոն Բաթոնը զրկվեց
միավորներ վաստակելու հնարավորությունից: Ընթացքում Մալդոնադոն 10 վայրկյան տուգանք
ստացավ վթարի պատճառ դառնալու համար: Պայքար էր ընդանում նաև Red Bull-ի երկու ներկայացուցիչների
միջև, որից հաղթող դուրս եկավ Ռիկյարդոն, ով գրավեց չորրորդ տեղը:Սակայն առավել հաջող
հանդես եկավ մեքսիկացի Սերխիո Պերեսը, ով դիմանալով պայքարի թոհուբոհին՝ բարձրացավ
պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին: Սա երկրորդ դեպքն էր Force India-ի պատմության մեջ՝
Ջանկարլո Ֆիզիկելլայի Սպա-Ֆրանկորշամում գրանցած հաջողությունից հետո: Միավորներ վաստակեցին
նաև Հյուլկենբերգը, Ֆեթելը, Մասսան, Բոթթասն, Ալոնսոն և Ռայկկոնենը:
Սա գերմանական թիմի երկրորդ անընդմեջ դուբլն էր, և Հեմիլթոն
24-րդ հաղթանակը կարյերայում: Ընդհանուր հաշվարկում Mercedes-ը նվաճեց 111 միավոր և
արդեն երեք մրցափուլից հետո 67 միավորով առաջ անցավ անմիջական հետապնդողներից:
Մինչև Եվրոպա վերադառնալը թիմերը կահավաքվեն նաև Շանհայում՝
պարզելու համար Չինաստանի Գրան-Պրիի հաղթողի անունը: