Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՌԻԿՅԱՐԴՈՅԻ ՎԵՐԵԼՔՆ ՈՒ ԱՆԿՈՒՄԸ
17 Մարտ 2014

Վերջապես: Երկարաշունչ ձմեռային արձակուրդներից հետո, որոնք զուգորդվում էին իսպանական Խերեսում և Բահրեյնում տեղի ունեցած թեստերով, Մեծ Կրկեսը ժամանեց Մելբուրն, որտեղ անցած հանգստյան օրերին կայացավ 2014թ Ֆորմուլա 1 մրցաշրջանի առաջին մրցավազքը՝ Ավստրալիայի Գրան-պրին: Այսպիսով արձանագրվեց տուրբո-շարժիչների վերադարձը Արքայական մրցավազք: Այս ամենին ավելացել է նաև լիովին նոր Կանոնակարգը, որը սահմանում է թիմերի աշխատանքի կարևորագույն կետեր, ինչպես նաև ավտոմեքենաների հանդեպ առաջ քաշում ավելի խիստ տեխնիկական պահանջներ: 
Ինչպես ցույց տվեցին նախամրցաշրջանային թեստերը՝ նոր շարժիչների կիրառումը իսկական գլխացավանք էր դարձել բոլոր թիմերի համար, որոնք շատ էական խնդիրներ ստիպված էին լուծել գրեթե հանպատրաստից՝ հենց մրցուղու վրա: Այսպես, բավական բարդ իրավիճակ է ստեղծվել Renault շարժիչների հետ: Ֆրանսիացի ինժեներների ստեղծած սարքը աչքի չի ընկնում բավական հզորությամբ ու հուսալիությամբ, ինչի հետևանքով նրանց ծառայություններից օգտվող թիմերը, այդ թվում նաև Red Bull-ն ու Lotus-ը, հնարավորություն չունեցան բավական քանակությամբ տարածություն անցնել՝ անընդհատ հանդիպելով լուրջ տեխնիկական խնդիրների: Շատ ավելի լավ տեսք ունեին Ferrari շարժիչները, իսկ առավել հաջողակ կարելի է գնահատել Mercedes-ի աշխատանքը և նրա ստեղծած ուժային ագրեգատը: Գերմանական շարժիչներով համալրված մեքենաների առավելությունը մնացած մրցակիցների հանդեպ ակնհայտ էր: Բացի այդ Mercedes-ը կարողացել է ստեղծել հիանալի շասսի, որի հետ այս պահին կարող է համեմատվել միայն առասպելական Williams-ի բոլիդը: Դատելով բոլոր թեստերի ընդհանրացված արդյունքներից՝ այս երկու թիմերին որոշ չափով զիջում են Ferrari-ն ու McLaren-ը:  Սակայն նույնիսկ առաջատարների համար գլխավոր խնդիրներից մեկը մնում էր հուսալիությունը: Պատահական չէ, որ շատ մասնագետներ կանխատեսում էին բազում տեխնիկական վթարներ: Եվս մեկ "գլխացավանք” թիմերին ապահովեց Կանոնակարգի այն կետը, որը սահմանափակում էր վառելիքի սպառման աստիճանը՝ 100 կգ/ժ: 
Ըստ էության Մելբուրնի մրցավազքը շատ թիմերի համար դառնալու էր թեստերի տրամաբանական շարունակությունը: Առավել ևս զարմանլի էր հետևել ուրբաթ կայացած ազատ մրցելույթներին և շաբաթօրյա որակավորմանը:. 
Սպասվում էր, որ արագության առումով մեծ առավելություն կստանան Mercedes-ի մրցարշավորդները՝ Նիկո Ռոսբերգն ու Լյուիս Հեմիլթոնը: Սակայն որակավորման առաջին հատվածը շատ այլ հարցեր ծնեց՝ կասկածի տակ դնելով նախապես արած կանխատեսումները: "Արծաթագույն նետերը” զբաղեցրին միայն 7-րդ և 10-րդ տեղերը: Իսկ առաջատարի դերը ստանձնեց Դանիել Ռիկյարդոն, ով անձրևային պայմաններում ցույց տվեց 1.30.775 ժամանակ: Երկրորդ հատվածից դուրս մնացին Lotus-ի երկու պիլոտները, ընդ որում Պասթոր Մալդոնադոն ոչ մի արագ շրջան չանցավ, իսկ Ռոման Գրոժանը մեկուկես վայրկյանից ավելին զիջեց Caterham թիմի նորեկ՝ Մագնուս Էրիքսոնին: Նրանց "ընկերակցեցին” Էսթեբան Գուտյերեսը՝ Sauber-ով, ինչպես նաև ռուսական Marussia-ի մրցարշավորդներ՝ Մաքս Չիլթոնն ու Ժյուլ Բյանկին: 
Թաց մրցուղին, անձրևի հնարավոր ուժգնացումը և նախորդ տարվա հետաձգված որակավորման մասին հիշողությունները ստիպեցին թիմերին արդեն առաջին վայրկյաններից սկսել պայքարը երկրորդ սեգմենտում: Մրցուղին հետզհետե չորանում էր, մրցարշավորդներն էլ բարելավում էին իրենց ժամանակային ցուցանիշները: Վերջիվերջո առաջին հորիզոնականը գրավեց Ռոսբերգը, ով կարողցավ մի քանի հարյուրորդական վայրկյանով շրջանցել համառ Ռիկյարդոյին: Սակայն արդարության համար պետք է նշել, որ որոշիչ դեր տեղերի բաշխման հարցում ունեցավ Կիմի Ռայկկոնենի վթարը: Նախ՝ հենց Ferrari-ն զրկվեց քիչ թե շատ նորմալ արդյունք ցույց տալու հնարավորությունից, իսկ բացի այդ էլ՝ մրցուղում կախված դեղին դրոշների պատճառով չկարողացավ իր արագ շրջանն ավարտել Ջենսոն Բաթոնը, ով արդյունքում հանգրվանեց 11-րդ հորիզոնականում: 
Բացի բրիտանացուց որակավորման եզրափակիչ չանցան Ռայկկոնենը, Ֆեթելը, Սութիլը, Կոբայաշին և Պերեսը: Փոուլի համար պայքարը շարունակեցին երուական Mercedes, Williams և Toro Rosso  և մեկական McLaren, Ferrari, Red Bull և Force India. 
Որակավորման երրորդ հատվածը մրցարշավորդները սկսեցին անձրևային, իսկ վերջացրեցին արդեն միջանկյալ տիպի անվադողերով, ինչի հետևանքով նրանց ցույց տված արդյունքները բարելավվում էին յուրաքանչյուր անցած շրջանից հետո: Այսպես, անմիջապես վանդակավոր դրոշից առաջ իրենց լավագույն արդյունքները գրանցեցին Քևին Մագնուսսենը (4-րդ տեղ), Նիկո Ռոսբեգը (3-րդ տեղ),  Դանիել Ռիկյարդոն (2-րդ տեղ), և, վերջապես, փոուլը 1.44.231 ժամանակով նվաճած Լյուիս Հեմիլթոնը:  
Որակավորման փուլի անսպասելի արդյունքները թույլ էին տալիս ակնկալել մրցավազքի հետաքրքիր ընթացք: Հիանալի մեկնարկեց Ռոսբերգը, ով անմիջապես դուրս եկավ առաջին տեղ: Իր դիրքը կարողացավ պահպանել նաև Ռիկյարդոն՝ Red Bull-ով: Ինչպես միշտ Ավստրալիայում, այս անգամ էլ հնարավոր չեղավ խուսափել վթարներից: Որոշ ընդմիջումից հետո Ֆորմուլա 1 վերդարձած Կամուի Կոբայաշին՝ իր վարած Caterham-ի հետևի արգելակների խափանման պատճառով չկարողացավ ճիշտ անցնել առաջին շրջադարձը և իր հետ մրցապայքարից դւորս թողեց նաև Ֆելիպե Մասսայի Williams-ը: Մի քանի շրջան անց McLaren-ի նորեկ Մագնուսսենը շրջանցեց Լյուիս Հեմիլթոնին, ով շուտով ստիպված էր դադարեցնել պայքարը շարժիչի հզորության կորստի պատճառով: Մեկ շրջան անց բրիտանացու օրինակին հետևեց նաև աշխարհի քառակի չեմպիոն Սեբասթիան Ֆեթելը: 
Իրեն շատ ակտիվ էր դրսևորում Վալթերի Բոթթասը միակ անվնաս Williams-ով: Դրվագներից մեկում, փորձելով շրջանցել Ֆերնանդո Ալոնսոյին, ֆինլանդացին դիպավ պատին և վնասեց հետևի աջ անվադողը, որը պոկվեց և մնաց մրցուղու վրա: Մրցարշավորդն ինքը կարողցավ հասնել բոքսեր, իսկ մրցուղում հայտնվեց անվտանգության մեքենան: Օգտվելով առիթից՝ Բաթոնը արագորեն փոխեց անվադողերը, ինչի արդյունքում կարողացավ հետ բերել մի քանի հորիզոնական: Մրցավազքի վերսկսումից հետո բրիտանացին արդեն վեցերորդն էր՝ անմիջապես Ալոնսոյի Ferrari-ից հետո:  
Կարելի է ասել, որ բացի անվտանգության մեքենայի հայտնվելուց հետո գրեթե ոչ մի հետաքրքիր բան տեղի չունեցավ: Ռոսբերգը վստահորեն վերահսկում էր իրադարձությունները, Ռիկյարդոն ընթանում էր երկրորդ տեղում՝ անմիջապես Մագնուսսենից առաջ, իսկ Բաթոնն էլ երկրորդ հաջողված պիթ-ստոպից հետո դուրս եկավ չորրորդ տեղ: Պայքարից դուրս մնացին երկու Lotus-ները՝ շարժիչի հետ ծագած միևնույն խնդրի պատճառով: 
Հիշատակաման է արժանի Բոթթասի առաջընթացը, ով անվադողի փոխարինումից հետո մի քանի տպավորիչ վազանցների շնորհիվ կարողցավ 16-րդ տեղից հասնել 6-րդ հորիզոնական՝ ապացուցելով Williams-ի մրցունակությունը: 
Հետաքրքիր էր հետևել հաղթողների պահվածքին պատվո պատվանդանի վրա: Նիկո Ռոսբերգը տոնում էր կարյերայում իր չորրորդ հաղթանակը: Ռիկյարդոն դարձավ առաջին ավստրալացին, ով տնային մրցավազքում կարողցավ մրցանակային տեղ գրավել: Հետաքրքիր է, որ այդ բանը չէր հաջողվել նույնսիկ Մարկ Ուեբբերին, ով մի քանի տարի հանդես էր գալիս ամենամրցունակ ու հուսալի Red Bull-ով, սակայն երբեք չկարողցավ գերազանցել չորրորդ հորիզոնականը: Իսկ Քևին Մագնուսսեն էլ իր առաջին իսկ մեկնարկում կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին, ինչը թույլ տվեց շատերին համեմատել նրան Լյուիս Հեմիլթոնի հետ՝ 2007թ McLaren-ում մեկնարկի պահին: Այս հաջողությունը շատ կարևոր էր թիմի համար, քանի որ McLaren-ի ոչ մի մրցարշավորդ չէր կարողացել մրցանակային տեղ գրավել՝ սկսած 2012թ. Բրազիլիայի Գրան-պրիից:  
Այսքանով կարելի էր ավարտել մեր պատմությունը Ֆորմուլա 1 2014թ. Մեկնարկային մրցափուլի մասին՝ առաջին հերթին արձանագրելով Դանիել Ռիկյարդոյի փառահեղ վերելքը, եթե չլինեին պարգևատրության արարողությանը հաջորդած իրադարձություննները: Մրցավարները՝ ուսումնասիրելով ավստրալացու Red Bull-ից ստացված տվյալները, հայտանբերեցին վառելիքի գերածախս, ինչը թիմի ղեկավարությունը բացատրեց ցուցիչի սխալ աշխատանքով: Ինչպես  հայտնի դարձավ՝ խնդիրները ծագել էին դեռ ուրբաթ օրը: Մի քանի տարբեր լուծումներից Red Bull-ն ընտրեծ մեկը, որն էլ չարժանացավ FIA-ի հավանությանը: Որոշում կայացվեց չեղյալ համարել Ռիկյարդոյի արդյունքը, ինչը բնականաբար դարձավ ամենամեծ հիասթափությունը երիտասարդ պիլոտի համար: Թիմը բողոքարկել է այդ որոշումը, սակայն մինչև բողոքարկման դիմումի քննարկումը այս մրցափուլի արդյունքները հայտարարված են նախնական, իսկ 2-րդից ցածր տեղ գրաված բոլոր մրցարշավորդները մեկ հորիզոնականով վեր բարձրացան: Այսպիսով անհատական հաշվարկում առաջատարությունը ստանձնեց Նիկո Ռոսբերգը՝ 25 միավորով, իսկ Կոնստրուկտորների Գավաթում՝ McLaren-ը, որի պիլոտներտը երկուսով նվաճեցին 33 միավոր: 
Մենք սպասում ենք Մալայզիաում կայանալիք մրցափուլին, ինչպես նաև Red Bull-ի վառելիքի ցուցիչի հետ կապված աղմկալից պատմության հետևանքներին ու արդյունքներին: Թվում է, դրանք կարող են որոշիչ դեր ունենալ ողջսս մրցաշրջանի համար, որը խոստանում է լինել չափազանց հետաքրքիր:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio