ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐ RENAULT TWINGO. ԹԱՐՄ ՀԱՅԱՑՔ ԿՈՄՊԱԿՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՎՐԱ
14 Փետրվար 2014
Կոմպակտ ավտոմեքենաների սեգմենտում Twingo-ի առաջին սերնդի հեղափոխական նորելուտից 20 տարի անց Renault-ն նոր հայացք է նետում իր հանրահայտ քաղաքային ավտոմեքենայի վրա: Ապրանքանիշի ինժեներներն ու դիզայներները սկսեցին մաքուր էջից՝ ոգևորությունն ու ներշնչանքը քաղելով օրիգինալ Twingo-ի և Renault 5 մոդելի ժառանգությունից: Արդյունքում ծնվեց ժամանակակից, նորարարական և կոմպակտ ավտոմեքենա, որն ունակ է իրական հաճույք պատճառել վարորդներին:
Այսօր Renault-ն քողազերծում է նոր Twingo -ն և ներկայացնում է չորս տարբեր գույներով առաջարկվող և վառ անհատականությամբ օժտված այս ավտոմեքենան:
DAIMLER-Ի ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԻԾ
2008թ. Renault-ի դիզայներներն ու ինժեներները ձեռնամուխ եղան հաջորդ սերնդի Twingo-ի նախագծմանը՝ ձգտելով վերածնել այն նորարարական ոգին, որը եղել է 1992 թ. արտադրված օրիգինալ Twngo-ի գլխավոր առանձնահատկությունը: Դա հեշտ խնդիր չէր, սակայն նախագծողները լավատեսությամբ էին նայում ապագային՝ հետևելով պաշտամունքային մոդելի փիլիսոփայությանը, որն անմիջապես հայտնվելուց հետո դարձավ Renault-ի ստեղծագործական մտքի խորհրդանիշը:
Նրանց խնդիրն էր՝ ստեղծել էլ ավելի ընդարձակ, բայց միևնույն ժամանակ կոմպակտ քաղաքային ավտոմեքենա՝ փոքրացնելով դրա արտաքին չափսերը: Հենց այդպես էլ ծնվեց շարժիչը մեքենայի հետնամասում տեղադրելու գաղափարը՝ չնայած նման տեխնիկական լուծումը կարող էր ազդել նախագծման ընդհանուր արժեքի վրա:
Renault-ի տեխնիկական մտքերը զարմանալի կերպով համընկան Daimler-ի ինժեներների գաղափարների հետ, որոնք այդ ժամանակահատվածում դիտարկում էին նոր սերնդի Smart մոդելի երկու և չորս տեղանի նախագծերը: Նախնական բանակցություններից հետո 2010թ. երկու ընկերությունները կնքեցին համագործակցության ռազմավարական համաձայնագիր, որը սկիզբ դրեց նոր Twingo -ի և Smart-ի հաջորդ սերնդի երկու և չորս տեղանի մոդելների համատեղ նախագծմանը:.
ՄԵՔԵՆԱՅԻ ՀԵՏՆՄԱՍՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՇԱՐԺԻՉ՝ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԱՆԵՎՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍՐԱՀ
Շարժիչի տեղադրումը մեքենայի հետնամասում զգալի առավելություն է կոմպակտ փոխադրամիջոցի համար, քանի որ այդ լուծումն ապահովում է առավել կայուն հավասարակշռություն և էականորեն կրճատում է շրջադարձի շառավիղը: Այսպիսով նոր Twingo-ն դարձավ զարմանալի մանևրական՝ մանավանդ նեղլիկ քաղաքային փողոցներում, իսկ կայանման համար բավարար է ղեկի մի քանի շարժում:
Չափսերի փոքրացման և թափքի ծայրային կետերում անիվների տեղադրելուն զուգահեռ շարժիչի հետնամասային դիրքը թույլ տվեց նաև մեծացնել սրահի տարածությունը: Ընդ որում նոր Twingo-ի անվային բազան և ներքին չափսերը ավելի մեծ են, քան նույն դասի այլ մեքենաներինը:
Մանևրականության, ընդարձակ սրահի և կոմպակտ առաջնամասի շնորհիվ նոր Twingo -ն օժտված է բոլոր այն որակներով, որոնք պայմանավորեցին առաջին օրիգինալ մոդելի հաջողությունը՝ 1992թ. Փարիզի ավտոսրահում ներկայացվելուց հետո:
ՎԱՌ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նոր Twingo-ն առանձնանում է անկրկնելի հմայքով և մարմնավորում է 2013թ. ներկայացված Renault Twin’Z և Twin’Run կոնցեպտների դիզայնը:
Ինչպես և իր նախորդը՝ նոր Twingo -ն առաջարկվում է չորս վառ գույներով (երկնագույն, սպիտակ, դեղին և կարմիր), որոնք ազդարարում են Twingo-ի առասպելի վերադարձը: