Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

KWID CONCEPT – ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ ԶԱՐԳԱՑՈՂ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
05 Փետրվար 2014

  •  Զվարթ ու միևնույն ժամանակ լուրջ արտաքինը, բարձր տեխնոլոգիաները կգրավեն զարգացող երկրների շուկաների երիտասարդ գնորդներին
  •  Նախագծված է տարբեր շուկաների համար Renault Design India ստորաբաժանման ակտիվ մասնակցությամբ
  • "Օդային օգնականսարքավորումը՝ նախատեսված ավելի հետաքրքիր ու անվտանգ երթևեկության համար, կդառնա իսկական նորարարություն ավտոմոբիլաշինության ոլորտում;
  •  Renault-ի առաջին կոնցեպտը, որը ներկայացվում է Եվրոպայի սահմաններից դուրս, ցույց է տալիս, թե որքան ենք մենք կարևորում զարգացող շուկաները:

KWID CONCEPT-ը նոր մեքենա է, որը ներկայացվել է Դելիի (Հնդկաստան) ավտոսրահում և որն ապացուցում է զարգացող շուկաների կարևորությունը Renault-ի համար: Կոնցեպտի լուրջ ու միևնույն ժամանակ զվարճալի տեսքը՝ համադրված նորագույն տեխնոլոգիական լուծումներով, կոչված է բավարարել երիտասարդական լսարանի պահանջները:

Հուսալի ավտոմեքենա՝ զվարճալի բնավորությամբ

KWID CONCEPT-ը նախագծվել է Renault Design India ստորաբաժանման մասնակցությամբ և արտացոլում է Renault-ի դիզայներական ռազմավարության "Ճանապարհորդությունների աշխարհ” (Explore) շարքը, որը հիմնված է մարդու կյանքի տարբեր փուլերի վրա: Կարճ կախվածքներով թափքի ոչ ստանդարտ համամասնությունները ավտոմեքենային ավելի աշխույժ տեսք են հաղորդում, իսկ խոշոր անիվները KWID CONCEPT-ը նմանեցնում են բագգիի:

Գորշ երանգներով իրականացված թափքի ֆոնին կոնտրաստային արտահայտչությամբ աչքի են ընկնում դեղնաոսկեգույն տանիքն ու օդակլանիչը: Վառ դեղին ներդիրները կրկնվում են անիվների, դռների ստորին հատվածների և թափքի ծակոտկեն հատվածների վրա: Պաշտպանիչ տարրերը և ծանրակշիռ կողաթևերը կոնցեպտին հաղորդում են վստահ կեցվածք, որը փոխհատուցում է դրա արտաքինի զվարճալիությունը:

KWID CONCEPT-ը կոմպակտ ընտանեկան հինգ տեղանոց ավտոմեքենա է՝ օրիգինալ և հարմարավետ սրահով: Սպիտակ հատակի վրա, ասես, ճախրող նստատեղերն ստեղծում են թեթևության զգացողություն, իսկ դրանց երկգույնանի լրամշակումը լրացուցիչ լուսավորություն է ապահովում: Բացի այդ KWID CONCEPT-ում կիրառված է նստատեղերի անսովոր դասավորվածություն՝ առջևում տեղավորվում են երեք ուղևորներ, իսկ երկրորդ շարքում՝ ընդամենը երկուսը: Ընդ որում վարորդի նստատեղը գտնվում է առաջին շարքի մեջտեղում և մի փոքր առաջ է քաշված՝ ուսերի հատվածում բավարար տարածություն ստեղծելու համար: Վարորդի կենտրոնացված դիրքը համապատասխանում է միջազգային պահանջներին և թույլ կտա շահագործել ավտոմեքենան թե աջակողմյան, թե ձախակողմյան երթևեկությամբ շուկաներում:

Բարձր տեխնոլոգիաներով ստեղծված կոնցեպտ

KWID CONCEPT-ի աշխույժ ոճի հետևում թաքնված են բազում օրիգինալ տեխնոլոգիական լուծումներ, որոնցից գլխավորը այսպես կոչված "Օդային օգնականն” է: Փոքր ուղղաթիռ հիշեցնող այս բացառիկ սարքը ավտոմոբիլաշինության ոլորտում նման տեսակի առաջին լուծումն է, որը թույլ է տալիս ապահովել ավելի հաճելի ու անվտանգ երթևեկություն: "Օդային օգնականը” թռչում է KWID CONCEPT-ի վրայով և աշխատում է երկու ռեժիմներով՝ ավտոմատ՝ նախապես ծրագրավորված տարբերակներով և GPS-կոորդնատներով, և մեխանիկական, որը թույլ է տալիս կառավարել սարքը մեքենայի սրահից պլանշետի օգնությամբ: "Օդային օգնականը” կարող է օգտագործվել տարբեր նպատակներով՝ ներառյալ ճանապարհային իրավիճակի խուզարկությունը և խոչընդոտների հայտնաբերումը, ինչպես նաև շրջակա բնապատկերների լուսանկարահանումը:

KWID CONCEPT-ը կարող է արտադրվել նաև Z.E. տարբերակով, որն ի սկզբանե ենթադրում է էլեկտրական շարժիչի համար նախատեսված մարտկոցների տեղադրում և համալարվում է Renault նշանով լիցքավորման միակցմամբ: Սովորական տարբերակում KWID CONCEPT-ը համալրվում է 1.2 լ աշխատանքային ծավալով վերջին սերնդի բենզինային տուրբոշարժիչով և կրկնակի կցորդմամբ EDC փոխանցումատուփով, ինչն ապահովում է հաճելի ընթացքն ու վառելիքի տնտեսումը: Նորագույն տեխնոլոգիաների թվին են դասվում նաև առջևի շարքի նստատեղերի էլեկտրակառավարումը կենտրոնական առանցքով, դռների էլեկտրակառավարումը, լուսադիոդային լուսավորումը, փոխանցումների լծակի բացակայությունը (դրա փոխարեն օգտագործվում են ղեկի մոտ առկա կոճակները): Սարքավորումների վահանակն իրականացված է ուղղաձիգ հպումային էկրանի տեսքով, որը թույլ է տալիս օգտվել ցանցային ծառայություններից ինչպես նաև կառավարել "Օդային օգնականի” թռիչքը:

Միջազգայն թիմի ստեղծած նախագիծ՝ տարբեր շուկաների համար

Միջազգային KWID CONCEPT կոնցեպտուալ ավտոմեքենան Renault-ի նմանատիպ առաջն նախագիծն է՝ նախատեսված զարգացող շուկաների համար: Աշխարհով մեկ սփռված Renault-ի դիզայներները միավորել են իրենց ջանքերը՝ ստեղծելու համար հատուկ այդ շուկաների կարիքներին համապատասխան մեքենա: Ինտերյերի վրա աշխատել է Ֆրանսուա Գրենյեն (Technocentre Design, Ֆրանսիա)՝ հիիմնվելով Միշու Բատրայի (Renault Design India) օրիգինալ էսքիզների վրա, իսկ կոնցեպտի արտաքինը ստեղծել է ծագումով ռուս Անտոն Շամենկովը (Technocentre Design, Ֆրանսիա)՝ Ժան Սեմերիվայի (Studio Design Brazil) օրիգինալ էսքիզների հիման վրա: Գույների և նյութերի ընտրությունը կատարել է Նեխա Լադը (Technocentre Design-ի հնդիկ աշխատակիցը)՝ ճապոնացի Չի Յանագիսավայի (Technocentre Design) անմիջական ղեկավարությամբ: Նախագծի մենեջմենթն իրականացրել է Աքսել Բրյոնը (Technocentre Design):

"Renault Design-ը բազմազգ մի թիմ է՝ Ֆրանսիայում, Ռումինիայում, Բրազիլիայում, Կորեայում և Հնդկաստանում սփռված ստուդիաներով: Այս կոնցեպտը հանդիսանում է մեր դիզայներական ցանցի ինտերնացոնալ ոգու ամենավառ արտացոլանքը”, - ասում է Լորենս վան դեն Աքերը՝ Խմբի արտադրական դիզայնի գծով տնօրենը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio