ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՀՐԱԺԵՇՏՆԵՐԻ ՄՐՑԱՇՐՋԱՆ
24 Նոյեմբեր 2013
Ահա և ավարվեց
Ֆորմուլա 1 առաջնության հերթական մրցաշրջանը: Տասնինը մրցափուլերի ընթացքում մենք հետևողականորեն
պատմում էինք ձեզ տարբեր մրցուղիներում թեժ պայքարի, թռիչքների ու վայրէջքների, հաղթանակների
և պարտությունների մասին: Այս անգամ ևս ես պատրաստվում էի ներկայացնել որակավորման
և զուտ մրցավազքի վերաբերյալ ավանդական հաշվետվությունը, սակայն վերջին պահին որոշեցի
պարզապես ամփոփել մրցաշրջանն ու դրա արդյունքները:
Այո, Սեբասթիան Ֆեթելը տոնեց
հերթական հաղթանակը: Ամառային ընդմիջումից հետո գերմանացին ոչ մի հնարավորություն չտվեց
մրցակիցներին: Մեկ մրցարշավորդի նման տոտալ առավելություն չէր գրանցվել Միխայել Շումախերի ժամանակներից:
Եվ հենց այդ մասին է վկայում Սեբի ռեկորդային ցուցանիշը՝ 13 հաղթանակ մեկ մրցաշրջանի
ընթացքում: Ու թեև Ֆեթելը համեստորեն նշում է, թե նախկինում և մրցափուլների քանակությունն
էր ավելի քիչ, և մրցավազքները՝ այլ, սակայն պարզ է, որ նման նվաճումը կրկնելը նույնիսկ
շատ դժվար կլինի: Ֆեթելը միայնակ ավելի շատ միավոր վաստակեց՝ քան Կոնստրուկտոների գավաթում
երկրորդ տեղը գրաված Mercedes թիմը, որտեղ հանդես էին գալիս պիլոտների ուժեղագույն
զույգերից մեկը՝ Լյուիս Հեմիլթոնն ու Նիկո Ռոսբերգը: Գայթակղություն է ծագում՝ ենթադրել,
որ Red Bull-ը կարող էր նույնիսկ հրաժարվել Մարկ Ուեբերի ծառայություններից և միևնույն
է կնվաճեր երկու տիտղոսն էլ: Սակայն պետք չէ մոռանալ, որ ավստրալացին պարբերաբար հայտնվում
էր մրցանակային բարձր տեղերում և դրանով իսկ զրկում մրցակիցներին լավ արդյունքներից:
Պետք է նշել նաև, որ նրա մոտիվացիան չնվազեց նույնիսկ այն բանից հետո, երբ հայտարարվեց,
որ Մարկը վերջին մրցաշրջանն է անցկացնում Ֆորմուլա 1-ում: Նույնիսկ վերջին ասիական
մրցափուլերում տեխնիկական անախորժություններից հետո Ուեբերը պայքարում էր՝ մեկ անգամ
նվաճելով փոուլը: Սան-Պաուլուի մրցավազքից հետո Մարկը վերադարձի շրջանին հանեց սաղավարտը՝
ողջունելով հավաքաված հանդիսատեսներին: Անսովոր էր մրցուղում տեսնել առանց սաղավարտի
մրցարշավորդի, սակայն սա գեղեցիկ ժեստ էր՝ ուղղված երկրպագուներին: Մարկն իրոք իրավունք
ուներ ազնվորեն և բաց ճակատով նայել այսքան տարիների ընթացքում իրեն երկրպագած տասնյակ
հազարավոր մարդկանց երեսին: Անմիջապես մրցանակաբաշխությունից առաջ մի հետաքրքիր դրվագի
ականատես եղանք, երբ հաղթողները սպասում էին պոդիում բարձրանալու պաշտոնական թույլատրությանը:
Կանգանծ էին Քրիստիան Հորները, Սեբասթիան
Ֆեթելը, Ուեբբերն ու Ֆերնանդո Ալոնսոն: Մարկը ցուցադրաբար շփվում էր միայն իսպանացու
հետ, և դա աննկատ չմնաց բազում լրագրողների աչքերից: Ավելի ուշ Ուեբերը խոստովանեց,
որ իրեն իրոք ավելի հաճելի էր շփվել Ալոնսոյի հետ, քան թիմակցի, ում հետ հարաբերությունները
վաղուց արդեն փչացած էին: Վստահորեն կարելի է ասել, որ դա այն պատճառներից մեկն էր,
որոնք ստիպեցին վստրալացուն հեռանալ Ֆորմուլա 1-ից: Բոլորը չեն, որ կարող են համակերպվել
"մեծն երկրորդի” կարգավիճակի հետ:
Կիրակի
ավարտվեց ևս մեկ դարաշրջան՝ Ֆելիպե Մասսան վերջին անգամ Ferrari-ի կազմում հանդես եկավ
հարազատ մրցուղու վրա: Համատեղ աշխատանքի երկար պատմությունը մոտեցավ ավարտին: Տանսհինգ փոուլ, տասնմեկ
հաղթանակ և 2008թ. բրազիլական Գրան-Պրիի հիշարժան ավարտը, երբ արդեն Ֆելիպեին բաժին
հասնող չեմպիոնական տիտղոսը բառացիորեն վերջին շրջանի վերջին շրջադարձում անցավ Լյուիս
Հեմիլթոնին: Այնուհետ եղավ Հունգարորինգում ստացած վնասվածքը, երբ Ռուբենս Բարիկելլոյի
մեքենայից պոկված զասպանակի կտորը հարվածեց Մասսայի գլխին և միայն հրաշքով չզրկեց նրան
տեսողությունից: Ֆելիպեն հաղթահարեց և այս դժվարությունը
և կարողցավ վերադարձից հետո մի քանի փայլուն մրցավազք անցկացնել: Սակայն Մարանելլոյում
չէին հաղթել՝ սկսած 2007թ. և որոշեցին թիմ վերադարձնել հենց այն մարդուն, ով պարգևել
էր Սկուդերիային այդ վերջին հաղթանակը: Որքանով կկարողանան
համագործակցել Ալոնսոն և Ռայկկոնենը՝ ցույց կտա ժամանակը: Ալոնսոն այս տարի լավագույնն
էր "մնացածներից”՝ քամելով առավելագույնը որ այնքան հաջողված բոլիդից: Անկասկած՝ նա
էլ է հաղթանակների սով զգում, և խոսքը ոչ այնքան առանձին Գրան-Պրիներում հաղթելու մասին
չէ՝ այլ անհատական հաշվարկում տիտղոսի: Ռայկկոնեն-Ալոնսո
զույգը թույլ կտա Ferrari-ին պայքարել թիմային
հաշվարկում, սակայն նրանք նաև միավորներ կխլեն միմյանցից, ինչը կարող է բերել 2007թ.
իրավիճակի կրկնությանը, երբ Ալոնսոն չկարողացավ հարմրավել McLaren-ում:
Ի դեպ,
հենց Ուոկինգը ներկայացնող թիմը կարելի է համարել 2013թ. "տարվա հիասթափություն”: McLaren-ում
որոեշեցին դիմել ռիսկի՝ ստեղծելով բոլորովին նոր մեքենա, այն դեպքում, երբ անցած մրցաշրջանի
ավարտին նրանց տրամադրության տակ էր ամենաարագ բոլիդը, և պետք էր պարզապես զարգացնել
այն, ինչպես արեցին մրցակիցները: Սակայն նույնիսկ
վատթարագույն իրավիճակներում արագորեն վերականգնվելու առասպելական դարձաց ունակությունը
այս տարի չօգնեց թիմին: Սա առաջին մրցաշրջանն էր՝ սկսած 1980 թ.-ից, որի ընթացքում
McLaren-ի և ոչ մի մրցարշավորդ չկարողացավ բարձրանալ պատվո պատվանդանին: Միևնույն ժամանակ
Սան-Պաուլուի մրցավազքը լավագույնն էր թիմի համար: Ջենսոն Բաթոնն ու Սերխիո Պերեսը
չափազանց վատ որակավորումից հետո կարողացան նվաճել համապատասխանաբար 4-րդ և 6-րդ տեղերը:
Նման իրավիճակում թիմի հպարտության առարկան կարող է դառնալ այն փաստը, որ այն դարձավ
Ֆորմուլա 1-ի պատմության մեջ առաջին թիմը, որի երկու մրցարշավորդներն էլ որակավորվել
են բոլոր մրցափուլերում անխտիր: Երկուսով Ջենսոնն ու
Չեկոն անցան 11488 կմ, ինչը կազմում է բոլոր մրցուղիների ընդհանուր տարածության
99.17%-ը՝ գերազանցելով 2008թ. BMW-Sauber թիմի սահմանած ցուցանիաշը: Հետաքրքիր է, որ Բաթոնը սահմանեց նաև անձնական
ռեկորդ՝ դառնալով առաջին բրիտանացին, ով հատեց 247 մրցափուլի սահմանը: Մինչ այս այդ
նվաճումը պատկանում էր Դևիդ Քուլտհարդին:
Նույնիսկ
երկրորդ էշելոնի թիմերը մրցաշրջանի ավարտից հետո ուրախության առիթներ գտան: Այսպես
Marussia թիմին առաջին անգամ հաջողվեց բարձրանալ վերջին հորիզոնականից, և հիմա այն
կարող է ակնկալել զգալի դրամական բոնուսներ առաջնության կազմակերպիչներից: Իսկ թիմի
անդամ Մաքս Չիլթոնը տոնում էր իր անձնական նվաճումը՝ 100%-ոց արդյունք 19 մրցափուլերում:
Իրոք սա կարելի է հիանալի ցուցանիշ համարել առաջնության նորեկի համար:
Ֆորմուլա
1-ը որոշակի դադար է վերցնում, սակայն կյանքը ավտոսպորտում ամբողջությամբ կանգ չի առնում:
Օրինակ, մենք դեռևս չգիտենք հաջորդ տարվա բոլոր մասնակցիների անունները: Այնպես որ,
կշարունակենք միասին հետևել ավտոսպորտի թագուհու զարգացումներին: